Մեկնաբանություն

11.12.2014 17:25


Ճաշակի հարց է

Ճաշակի հարց է

Սերժ Սարգսյանի համար Արտաշես Գեղամյանն առնվազն Զբիգնյեւ Բժեժինսկին է, իսկ Նունե Եսայանը՝ Մարիա Կալասը:

Դե հիմա, նախասիրության հարց է: Նա մարդկային այս տեսակին է նախապատվություն տալիս, իսկ ուրիշները գնահատում են մարդկային միանգամայն այլ տեսակ եւ արժեվորում են այդ տեսակի գործունեությունը:

Գեղամյանին դեռ կանդրադառնանք, բայց մինչ այդ ուզում ենք հասկանալ, թե ինչպես է պատահում, որ պետությունը հովանավորում ու ֆինանսավորում է մասնավոր անձի կողմից ստեղծված «բարեգործական կազմակերպությանը»:

Նախ՝ Նունե Եսայանին անհատույց հսկայական տարածք է տրամադրվում, իսկ հետո պետբյուջեից՝ 20 միլիոն դրամ (ի դեպ, այս փաստը ի չիք է դարձնում այսուհետ «գոտիները ձգելու» մասին Կառավարության վստահեցումը):

Եթե այս եղանակով պետք է ծավալել «բարեգործական» գործունեություն, ապա ցանկացած ոք կարող է զբաղվել նման «բարեգործությամբ»:

Դրա համար հատուկ ունակություններ պետք չեն, պարտադիր չէ երգել, պարել կամ քամանչա նվագել իմանալ: Ընդամենը պետք է, որ պետությունը քեզ անհատույց տարածք ու լիքը փող տա:

Բայց դե, չի տալիս։ Այդ ամենը տալիս է Նունե Եսայանին, որ վերջինս մեր՝ հարկատուներիս հաշվին «բարեգործ» ներկայանա (անցյալ տարի էլ մի 54 միլիոն թափեցին Եսայանի վրա):

Ճաշակի հարց է: Սա՛ է Բաղրամյան 26-ի ճաշակը, ի՞նչ կարող ենք անել:

Նույն ճաշակի դրսեւորման մեկ այլ արտահայտությունն էլ Գեղամյանի 5 ամիսների, 7 ամիսների կամ 10 ամիսների ընթացքում գրված հոդվածների ժողովածուների շնորհանդեսների նկատմամբ Սերժ Սարգսյանի հոգածու վերաբերմունքն է:

Մարդ զարմանում է՝ մի՞թե երկրի ղեկավարն այդքան պարապ է, որ ձանձրույթը փարատելու համար ամեն անգամ շտապում է Գեղամյանի հերթական՝ «օպուսներով» համալրված, առնվազն 3 կգ կշռող գրքերի շնորհանդեսներին:

Եվ ամենազարմանալին այդ շնորհանդեսները լուսաբանող հեռուստառեպորտաժների տեւողությունն է:

Ա՛յ տնաշեններ, դա ի՞նչ իրադարձություն է, որ այդքան բծախնդրորեն ու մանրամասն պատրաստում ու եթեր եք տալիս՝ ամեն անգամ հարուցելով հեռուստադիտողների անզուսպ քրքիջը:

Բայց այս անգամ կոշմարը շատ էր. Գեղամյանի գրքի շնորհանդեսին բրեժնեւյան տարիների ավանդույթի համաձայն՝ Սերժ Սարգսյանին նվիրեցին իր դիմանկարը:

Իսկը լճացման թվերի շրջանային Կուլտուրայի տներում պատերից կախված դիմանկարների մակարդակի աշխատանք:

Եվ այս ամենը, այս մազալու ցուցքը, ո՜վ զարմանք, դուր է գալիս ՀՀԿ առաջնորդին:

Մի կողմ թողնենք հանգամանքը, որ Սարգսյանը մասնակցում է իր հավաքագրած հաճախորդներից մեկի միջոցառմանը:

Իրեն երկրի լուրջ ղեկավար համարող անձը երբե՛ք այդքան «չի իջնի»:

Լուրջ ղեկավարը եթե ցանկանում է գրքի շնորհանդեսի մասնակցել, ապա կարող է ընտրել միանգամայն այլ տարբերակ:

Օրինակ՝ կա ռումինահայ գրող, քաղաքական գործիչ, սենատոր Վարուժան Ոսկանյան անունով հեղինակություն, որ հրատարակել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Շշուկների մատյան» գիրքը:

Մի ստեղծագործություն, որ թարգմանվել է 15 լեզվով: Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը», որը բազմաթիվ մրցանակների է արժանացել, երկու տարի (2013-ին եւ 2014-ին) ներկայացվել է աշխարհի ամենահեղինակավոր մրցույթին՝ գրականության Նոբելյան մրցանակի:

Վեպի հեղինակը քանիցս եղել է Հայաստանում: Նրա գրքի շնորհանդեսներ են տեղի ունեցել աշխարհի տարբեր երկրներում, այդ հրաշալի վեպը ընթերցել եւ բարձր է գնահատել Կոլումբիայի նախագահը:

Է՛հ, շնորհանդեսների եք ուզում մասնակցել՝ այսպիսի հեղինակի ու այսպիսի գրքի շնորհանդես կազմակերպեիք ու մասնակցեիք:

Սակայն, ինչի՞ մասին է խոսքը, երբ արդեն նկատեցինք՝ ճաշակի եւ նախասիրության հարց է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը