Լրահոս

28.09.2009 12:11


Աբգար Եղոյան. «Եթե անորակ ապրանքը թափանցում է Հայաստան և վաճառվում, ուրեմն ինչ–որ կառույցներ սխալ են աշխատում»

Աբգար Եղոյան. «Եթե անորակ ապրանքը թափանցում է Հայաստան և վաճառվում, ուրեմն ինչ–որ կառույցներ սխալ են աշխատում»

-Սահմանների բացման պարագայում էժան ապրանք կարող է գալ Հայաստան։ Բայց մենք պետք է հասկանանք նաև, որ այդ ապրանքը պետք է համապատասխանի մեր երկրի սահմանած որակական և անվտանգության ցուցանիշներին։ Ճիշտ վերահսկման և կառավարման միջոցով միշտ կա էժան ապրանքը սահմանափակելու հնարավորություն,-«7օր»-ի հետ զրույցում ասել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանը։

Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման պարագայում հնարավոր վտանգների մասին, Ա. Եղոյանն ասել է, թե սահմանի փակ լինելու պարագայում էլ թուրքական անորակ ապրանքը անլեգալ ճանապարհով գալիս էր Հայաստան։

-Կասկածում եմ, թե սահմանի բացելը դրա վրա լուրջ ձևով կազդի։

Սակայն, ըստ Եղոյանի, կա թուրքական և՛ լավ, և՛ վատ ապրանք։

-Եթե որակյալ ապրանք գա, շատ հնարավոր է, որ էժան լինելու դեպքում դրանք կունենան դեմինգային գներով վաճառք։

Ա. Եղոյանը դժգոհեց այն հանգամանքից, որ վերահսկողության մեխանիզմը ներքին շուկայում շատ բարդացված է. «Ամեն անգամ հսկողություն իրականացնելու համար տեսչությունը պետք է ստուգման թույլտվություն ստանա»։

-Եթե անորակ ապրանքը թափանցում է Հայաստան և վաճառվում, ուրեմն ինչ-որ կառույցներ սխալ են աշխատում։ Հնարավոր է, որ դրանց պատճառները կոռուպցիոն են. շատ պատճառներ կարող են լինել,-ասել է Ա. Եղոյանը։

Իսկ ընդհանուր առմամբ, Աբգար Եղոյանը կողմ է սահմանի բացմանը  և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Սակայն, ըստ նրա, արձանագրություններում կան որոշ կետեր, որոնք կարող էին չլինել։  Նա դեմ է պատմական ենթահանձնաժողովի ստեղծմանը։

-Առանց դիվանագիտական հարաբերությունների ուղղակի տնտեսականը չի կարող լինել,-հավելել է Ա. Եղոյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը