Մեկնաբանություն

10.12.2014 17:26


Ցեղասպանության տարելիցը և ադեկվատության կորուստը

Ցեղասպանության տարելիցը և ադեկվատության կորուստը

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախապատրաստական աշխատանքների ու հանրային լայն քննարկումների պատճառով որոշ կառույցներ կորցել են ադեկվատությունն ու հարգանքը հայ ժողովրդի մեծ վշտի հանդեպ:

Չափի ու տակտի զգացումը կորել է ոչ միայն հանրային դաշտում, այլև պետական համակարգում։

Երևի բավական չէր, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքների մեկնարկից հետո պարզ դարձավ, որ Ցեղասպանության խորհրդանիշ ընտրված անմոռուկն ինքնատիպ չէ, և շատ նման է «Незабудка» համացանցային խանութի լոգոտիպին:

Աղմկահարույց խորհրդանիշը ցույց տվեց, որ պետական մակարդակով կատարվող աշխատանքների արդյունքում մարդիկ չեն կարողացել մի այնպիսի ինքնատիպ բան ստեղծել, որը յուրահատուկ կլինի, և չի կրկնի այլոց միտքը: Նույնիսկ եթե նմանությունը պատահական է ստացվել, ապա հանձնաժողովը պետք է ստուգեր ու ստեղծեր նորը, որը կխորհրդանշեր Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ավելի զավեշտալի վիճակ է հասարակական դաշտում:

«Նախախորհրդարան» կոչված խումբն իր քաղաքական պայքարը կապել է Ցեղասպանության 100-ամյակի հետ: «100-ամյակը առանց ռեժիմի» կարգախոսը դարձել է մարդկանց մի խմբի ամենօրյա քաղաքական հայտարարությունների մաս: Ինչպիսի քաղաքական նպատակ էլ հետապնդեն Նախախորհրդարանի անդամները, քաղաքական պայքարը Ցեղասպանության 100-ամյակի հետ կապելը անհարգալից վերաբերմունք է զոհերի հանդեպ: Առավել անհարգալից վերաբերմունք է քաղաքական նպատակների համար այդ վշտի օգտագործումը: Վիճակը ավելի ծանր կլինի, երբ նրանք չկարողանան հասնել իրենց քաղաքական նպատակին:

Ադեկվատության կորստի գագաթնակետը, սակայն, հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողության կազմակերպումն էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Զոհերի հիշատակը հավերժացնող կոթողը չի կարող դառնալ երդման վայր քաղաքացու գույքի ու ունեցվածքի բռնագանձումով զբաղվող պետական ինստիտուտի աշխատողների համար: Դա անհեթեթություն է, ոչ թե արարողակարգ:

Այս ամենը նաև ճակատագրի դաժան հեգնանքի տպավորություն է թողնում, քանզի Ցեղասպանության զոհերի գույքը ևս բռնագանձվել է, բայց թուրքական պետական ինստիտուտների կողմից:

Ցեղասպանության 100-ամյակը կարևոր է, պետք է բոլոր մակարդակներում պայքարել ճանաչման ու փոխհատուցման նպատակի համար, սակայն ադեկվատությունը պետք է չկորցնել, որովհետև կորստի պահից ամեն ինչ սկսում է աշխատել ընդդեմ այդ նպատակի: Ու պարտադիր չէ, որ այն, ինչ մարդիկ անում են, ուղղակի կապված լինի Ծիծեռնակաբերդի, Ցեղասպանության 100-ամյակի հետ:

Դեռ Ցեղասպանության 80-ամյակին Արցախն արդեն ազատագրված էր: Որևիցե մեկը 80-ամյա տարելիցին չէր պատրաստվում, սակայն ռազմի դաշտում գործով հարգվեց զոհերի հիշատակը, և դա ամենամեծ քայլն էր:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը