Հարցազրույց

10.12.2014 15:19


ԿԲ. «Սպեկուլյատիվ գործողությունները պարունակում են մեծ ռիսկեր»

ԿԲ. «Սպեկուլյատիվ գործողությունները պարունակում են մեծ ռիսկեր»

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության պատասխանները «7օր»-ի հարցերին

–Կենտրոնական բանկը կոչ է արել զերծ մնալ սպեկուլյացիաներից։ Հստակ ո՞ւմ է ուղղված այդ կոչը։

–Սպեկուլյատիվ գործողությունները պարունակում են մեծ ռիսկեր, որոնք ոչ մասնագետ անձինք (քաղաքացիներն ու ֆինանսական ոլորտում չընդգրկված տնտեսվարողները) չեն կարող ճշգրիտ գնահատել: Հետևաբար, Կենտրոնական բանկը հայտարարությամբ հանդես եկավ՝ զգուշացնելու, որ քաղաքացիների համար տատանողական իրավիճակներում ճիշտ է զերծ մնալ անհարկի փոխարկումներից (այն փոխարկումներից, որոնք դրդված են ոչ թե բնականոն տնտեսական գործունեությամբ, այլ փոխարժեքի փոփոխության սպասումներով), և սպասել իրավիճակի կայունացման. հակառակ դեպքում կարող են ունենալ լուրջ ֆինանսական կորուստներ:

–ԿԲ-ն նաև հայտարարել է, որ տատանումները կարճաժամկետ բնույթ են կրում։ Կարո՞ղ եք ժամկետներ նշել, թե երբ իրավիճակը կկայունանա։

–Նման անկայուն իրավիճակը չի կարող երկար տևել, քանի որ Հայաստանի վարվող մակրոտնտեսական քաղաքականությունը խելամիտ է, և բոլոր, հատկապես գնաճի, պետբյուջեի պակասորդի, արտաքին պահուստների, արտաքին պարտքի և բանկային համակարգի ցուցանիշները գտնվում են կայուն և վերահսկելի մակարդակներում: Թեև հավասարակշռության վերականգնման հստակ ժամկետներ հնարավոր չէ նշել, սակայն պետք է փաստել, որ ՀՀ ԿԲ-ի մշակված գործողությունների ծրագրի իրականացումն ուղղված է իրավիճակի արագ կարգավորմանը` շուկայի տատանողականության աստիճանական նվազմանը:

–Արդյոք այսօրվա իրավիճակը պայմանավորված չէ՞ նաև ԵՏՄ–ին (Եվրասիական տնտեսական միությանը) ՀՀ–ի անդամակցությամբ։

–Ո՛չ, պայմանավորված չէ: Արժութային շուկայի վարքագիծը պայմանավորված է միայն արժույթի առաջարկի և պահանջարկի տատանումներով, որոնք կարող են կրել ինչպես հիմնարար տնտեսական զարգացումների, այնպես էլ արտաքին գործոնների՝ միջազգային և տարածաշրջանային արժութային շուկաներում դրսևորվող երևույթների, դրանց արդյունքում ձևավորված տարաբնույթ սպասումների և սպեկուլյատիվ գործողությունների ազդեցությունները: Հատկանշական է, որ փոխարժեքի արժեզրկման նմանատիպ դրսևորումները բնորոշել են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ այլ զարգացող երկրներին՝ անկախ տնտեսական և քաղաքական զարգացման վեկտորներից: Մասնավորապես, կարելի է նկատել, որ սույն տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վրացական լարին ևս արձանագրել է հայկական դրամի վարքագծին լիովին համահունչ միտումներ:

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը