Մեկնաբանություն

09.12.2014 23:10


Կույր մտոք

Կույր մտոք

Իշխանությունները հերթական անգամ «նոու-հաու»-ների շարք են մատուցել՝ հերթական անգամ զարմացնելով ու զվարճացնելով հանրությանը:

Այն պահին, երբ հայ և ռուս պաշտոնյաները հավաքվել էին Ազգային ժողովում՝ քննարկելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը եւ շփվում էին բացառապես ռուսերենով, այդ ժամանակ համացանցում տարածվեց գրաբարը քարոզող Արմեն Աշոտյանի տեսահոլովակը:

Մի կողմից ՀՀԿ-ականները խոհրդարանում ռուսերեն էին խոսում, մյուս կողմից՝ իրենց կուսակից Աշոտյանը՝ գրաբար:

«Կոյր զրկի ի ճառագայթից ի արեգական,

եւ տգիտութիւն զրկի կատարեալ կենաց»:

Սա՛ է ճիշտ տեքստը: Բայց Աշոտյանը Աշոտյան չէր լինի, եթե չաղավաղեր գրաբարյան տեքստը:

Հպարտ կանգնած ու սխալ-մխալ խոսում է գրաբար՝ բառերն ու տառերը կուլ տալով:

Այսինքն, անգամ այդ երկտողը չի կարողացել անգիր սովորել, բայց նկարվել է ու դարձել գովազդի հերոս:

Գրաբարի մասնագետները ողբում են նախարարի իմացության վրա եւ ամոթից փակվել են Մատենադարանում:

Դե, իսկ յուրայինները գրաբարից «կակազող» Աշոտյանին համարում են «ակունք իմաստնության»:

Օրենսդիր մարմնում իշխանությունը չի հարգում ՀՀ պետական լեզուն, իսկ տեսահոլովակում Աշոտյանը փորձում է մի կերպ գրաբարով «չալել»:

Այժմ մեկ այլ երևույթի մասին։

Հիշում եք, չէ՞, տարիներ առաջ, երբ տերտերներին հանեցին շքերթի:

Դե հիմա էլ որոշեցին հարկադիր կատարողներին ուղարկել Ծիծեռնակաբերդ՝ երդվելու:

Հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողությունը անցկացնելու վայր է ընտրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը:

Միջոցառման մեկնարկից առաջ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ՝ երթով շարժվել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, իսկ հետո ծառայության 16 նորանշանակ հարկադիր կատարող երդվել է հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները:

Դե հիմա էլ բոլորը հեգնում են՝ «Երեւի, Միհրան Պողոսյանը Թուրքիային հարկադրելու է մի ամսվա ընթացքում հետ վերադարձնել Արեւմտյան Հայաստանը»:

Թե չէ, Թուրքիային կուղարկի գրողի ծոցը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը