Մեկնաբանություն

09.12.2014 08:20


Գովք հիմարության

Գովք հիմարության

Կար մի շրջան, երբ իշխանությունները տարվա ընթացքում առնվազն մի հինգ անգամ հայտարարում էին, որ ստեղծվում է կոռուպցիայի դեմ պայքարի հերթական հանձնաժողովը:

Հիմա եթե սկսենք հաշվել, հավանաբար, այդպիսի հանձնաժողովներ կհայտնաբերենք բոլոր գերատեսչություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում ու պետական այլ կառույցներում:

Լիքն են, բյուջեի վրա նստած՝ կոռուպցիայի «բացահայտման» գործով են զբաղված:

Բայց հիմա Գալուստ Սահակյանը կոռուպցիայի եւ կաշառակերության, դրանց դեմ պայքարի մասին «փիլիսոփայական» մտքեր է արտահայտում:

Ասում է՝ ախր, որտե՞ղ է կոռուպցիան, որտե՞ղ է կաշառակերությունը. դրանք դժվար ապացուցելի բաներ են, դրա համար չեն կարողանում ապացուցել:

Հաջորդ պահին էլ Գալուստ Սահակյանը դժգոհություն է հայտնում, որ ժողովուրդը չի պայքարում կոռուպցիայի դեմ. ա՛յ, որ պայքարեր, հաստատ կոռուպցիա չէր լինի:

Իսկ հետո խոսքը թեքում է բարոյախոսության կողմը եւ համարյա վշտացած նկատում. «Մեզ համար վտանգավորը կոռուպցիան չէ, այն է, որ սկսել ենք մեկս մյուսին չհարգել, չհավատալ, իսկ դա ավելի վտանգավոր է պետության համար»:

Եվ այս ողջ «բարոյափիլիսոփայական» մտքերը նա արտահայտում է Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Խե՜ղճ Դանիլո: Չնայած, ասում են՝ Գալուստ Սահակյանը հրահանգել է կոռուպցիայի դեմ հայկական պայքարի եւ այդ թեմայի շուրջ իր բարձրաձայն մտորումների մի մասը չթարգմանել հյուրի համար:

Դե, լավ է: Ուրուգվայի բարձրաստիճան պաշտոնյան հո չէ՞ր կարող այդքան երկար մտքում ծիծաղել: Մի երկրի փոխնախագահը, որտեղ կոռուպցիա ասվածը էկզոտիկ երեւույթ է:

Իսկ մեր օրենսդիր մարմնի ղեկավարը մեզանում ահռելի չափերի հասնող կոռուպցիայի առկայությունը պայմանավորում է այդ չարիքի դեմ ժողովրդի պայքարի բացակայությամբ:

Իսկ հետաքրքիր է՝ ինչո՞վ են զբաղված բազում հանձնաժողովները: Ըստ Գալոււստ Սահակյանի՝ չեն կարողանում ապացուցել կոռուպցիան ու կաշառակերությունը:

Այդպես, ցերեկով լապտերը ձեռքներին՝ փնտրում են ու չեն հայտնաբերում, կամ էլ եթե մեկին «բռնացնում» են կոռուպցիոն քայլի վրա, ոչ մի կերպ չեն կարողանում ապացուցել:

Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ են պահում այդ հանձնաժողովները:

Թող լուծարեն: Կամ՝ այդ լծակները փոխանցեն ընդդիմությանը (ժողովրդին):

Դա էլ չեն անում: Դե, որովհետեւ, ըստ Գ. Սահակյանի, պետության համար ոչ թե կոռուպցիան է վտանգավոր, այլ միմյանց չհարգելն ու չհավատալը:

Եթե նա նկատի ունի բոլորին, շարքային քաղաքացիներին, ապա չարաչար սխալվում է: Սովորական մարդիկ իրար հարգում եւ հավատում են:

Ժողովուրդը չի հարգում եւ չի հավատում իշխանություններին:

Հե՛նց թեկուզ այն պատճառով, որ պետության երկրորդ դեմքը համարվող Սահակյանը, ով գործող իշխանության կարկառուն դեմքերից մեկն է, կոռուպցիայի մասին հրապարակավ նման «իմաստակություններ» է շաղ տալիս:

Իսկ նրա առաջնորդն էլ դարձյալ հրապարակավ հայտարարում է, թե աշխարհում ամենազզվելի մարդը կաշառակեր մարդն է, սակայն ոչինչ չի անում կառավարման համակարգում կոռուպցիան ու կաշառակերությունը, չենք ասում՝ արմատախիլ անելու, այլ գոնե դրանց ծավալնելը նվազեցնելու ուղղությամբ:

Երկու տարի առաջ խոսելով կոռուպցիոներներին բռնելու անհրաժեշտության մասին՝ մինչև օրս անգամ «ոտքերից չի բռնել», ուր մնաց՝ «գլխից բռնի»:

Դե, իրենք իրենց գլուխը հո չե՞ն բռնելու:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը