Մեկնաբանություն

08.12.2014 09:35


«Sashiconomics»-ի փայլուն արդյունքները

«Sashiconomics»-ի փայլուն արդյունքները

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 7-րդ համագումարում, որտեղ խոսել է իր կառավարման շրջանի տնտեսական «հրաշքի» մասին: Ելույթից պարզ երևում է, որ ֆանտաստիկայի ժանրում հմտացած տնտեսագետներ են աշխատել Սարգսյանի արտասանած տեքստի վրա:

Ի դեպ, 2011թ. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 6-րդ համագումարի ելույթի վրա ևս աշխատել էին ֆանտաստիկ գրականության ժանրով հետաքրքրված անձինք: Այդ ժամանակ Սարգսյանն արձանագրելով, որ հայ ժողովուրդն ունի բնությունից իրեն տրված առավելություն, հայտարարեց, որ իր թիմը աշխատում է մի մեծ ծրագրի վրա, որը կարճ ժամանակում պետք է ներկայացվի հանրությանը և գործարարներին: Այդ ծրագիրը պետք է ստեղծեր աշխատատեղեր և տնտեսական բարեկեցություն բերեր Հայաստանի քաղաքացուն: Մինչև այսօր հանրությանը որևիցե ծրագիր չի ներկայացվել: Իսկ նոր ելույթը պատրաստողները երևի տեղյակ չեն եղել նախկին ելույթից:

Սարգսյանի կառավարման շրջանի տնտեսական «հրաշքը» արձանագրած տնտեսագետները հայտնաբերել են, որ Հայաստանը, անկախությունից ի վեր, տնտեսական զարգացման 4 փուլ է անցել և մտել 5-րդ փուլ (հետաքրքիր է՝ 23 տարում ինչպե՞ս ենք հասցրել այդքան փուլեր անցնել): Սակայն Սարգսյանը իր ելույթը հանրամատչելի դարձնելու համար ասել է, որ Հայաստանը 3 փուլ է անցել՝ մյուս երկուսը անվանելով միջանկյալ փուլեր, որոնց չի անդրադարձել:

Բնականաբար, 3 փուլերը համընկնում են առաջին, երկրորդ, երրորդ նախագահների կառավարման տարիներին: Ըստ Սարգսյանի՝ Լևոն Տեր–Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները հիմնականում տնտեսական թույլ զարգացում են եղել, իսկ Հայաստանի տնտեսական զարգացման գագաթնակետը, որը մենք պայմանական կանվանենք «Sashiconomics»-ի շրջան, եղել է իր օրոք (մոռանանք, որ Քոչարյանի կառավարման շրջանում միջինը 10.5 տոկոս ՀՆԱ-ի աճ է եղել, իսկ Սարգսյանի օրոք՝ 2009թ., տնտեսական անկման 14.4 տոկոս համաշխարհային ռեկորդ ենք սահմանել):

Սարգսյանը հայտարարել է, որ «Sashiconomics»-ի փուլում Հայաստանն ունի «նորարարությամբ առաջ մղվող գիտելիքահեն» տնտեսություն: Ելույթից պարզ երևում է, որ Տիգրան Սարգսյանի դպրոցի ներկայացուցիչները ևս աշխատել են ելույթի վրա, և նրանք ապրում են այն Հայաստանում, որում Գյումրին տեխնոլոգիական, իսկ Դիլիջանը ֆինանսական կենտրոն է, և հաշվի չեն առել, որ Սարգսյանը ելույթ է ունենում առօրյա անհաղթահարելի խնդիրներ ունեցող գործարարների առաջ:

Որպես ինֆորմացիա՝ նշենք, որ ըստ Համաշխարհային բանկի 2013 թ. հրապարակած զեկույցի՝ Հայաստանի տնտեսությունը ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում: Իսկ մոնոպոլիզացված տնտեսությունում խոսել գիտելիքահեն տնտեսության մասին առնավազն ցինիզմ է:

Ելույթի վրա աշխատած տնտեսագետները նաև հիշել են, որ «Sashiconomics»-ի փուլում կարևոր է ոչ թե Հայաստանի միավոր շնչին բաժին ընկնող նոմինալ ՀՆԱ-ն, որը մոտ 3300 դոլար էր կազմում 2013թ, այլ միավոր շնչին բաժին ընկնող գնողունակության համարժեքով ճշգրտված ՀՆԱ-ն: Դրա համար էլ Սարգսյանը հայտարարեց. «Ըստ ԱՄՀ համաշխարհային տնտեսական հեռանկարների տեղեկատվական աղբյուրի՝ Հայաստանի միավոր շնչին բաժին ընկնող գնողունակության համարժեքով ճշգրտված ՀՆԱ-ն 1995թ-ին կազմել է $1,391, 2005թ-ին՝ $4417.3 իսկ 2013թ-ին $7,034»:

Իրականում Սարգսյանի կառավարման ընթացքում երկրի ՀՆԱ-ն մոտ 1.5 մլրդ դոլարով կրճատվել է՝ 2008թ. 12.07 մլրդ դոլարից հասնելով 10.55 մլրդ դոլարի 2013թ.:

Ըստ Սարգսյանի՝ Հայաստանում գործազրկությունը 2005թ-ին եղել է 31.2%, իսկ 2014թ-ին այն կգտնվի 16.0% շրջանակներում: «Sashiconomics»-ի ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ գործազրկությունը կրճատվում է, սակայն աղքատների թիվը մեծանում է, իսկ արտագաղթն՝ ավելանում (Սարգսյանի կառավարման շրջանում ՀՀ–ից հեռացել է մոտ 300 հազար քաղաքացի): 2008թ. Հայաստանում աղքատությունը կազմում էր բնակչության 26 տոկոսը, իսկ 2013թ. այն հասավ 37 տոկոսի: Այսինքն, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանում աղքատությունն աճեց 11 տոկոսով: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է ստացվում, որ աշխատող մարդկանց թվի աճը գրեթե համաչափ է աղքատների թվի աճի հետ:

Իհարկե, մենք գնահատում ենք Սարգսյանի թիմի տնտեսագետների ստեղծագործ միտքը, սակայն գտնում ենք, որ այդ մտքերը ոչ թե պետք է արտահայտվեն Սարգսյանի ելույթներում, այլ որպես ֆանտաստիկ գրականության մտքեր՝ պետք է գրքի տեսք ստանան և վաճառվեն գրախանութներում:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը