Մեկնաբանություն

06.12.2014 11:50


Քաջ Նազարն ու նրա նազիր-վեզիրները

Քաջ Նազարն ու նրա նազիր-վեզիրները

Գործող իշխանությունն իսկապես իրականության զգացողությունը կորցրել է:

Հիմա տարբեր ռանգի իշխանավորներ ինչ-ինչ առիթներ են փնտրում՝ հանրությանը ցույց տալու համար, որ ընդդիմությունն աջակցում է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը:

Նման մի ծիծաղելի փորձ արեցին, երբ Ազգային ժողովի ոչիշխանական ուժերը չաջակցեցին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «իմպիչմենտի» գործընթացին:

Լուսահոգի գլխավոր մարքսիստի բնորոշմամբ՝ արքունիքի թութակներն ընդդիմության այդ քայլն անմիջապես գնահատեցին այնպես, թե, իբր, տեսեք՝ բոլորի համար ընդունելի է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը:

Այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ «իմպիչմենտի» գործընթացը տեղով մեկ զավեշտական նախաձեռնություն էր, եւ դրա հեղինակը շատ լավ գիտեր իր նախաձեռնության բացասական ելքի մասին, եւ դրանով ի սկզբանե լրիվ այլ նպատակ էր հետապնդում:

Հիմա էլ արքունիքի թութակները հայտարարում են, որ ԱԺ-ում «կողմ» քվեարկելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին՝ այդպիսով բոլորն աջակցում են Սերժ Սարգսյանի քաղաքականությանը:

Ախր, նույն ինքը՝ Սերժ Սարգսյանն է ԵԿՄ համագումարում հրապարակավ խոստովանել, որ իր վարած քաղաքականությանն այսօր դեմ է երկրի բնակչության 80 տոկոսը:

Անհասկանալի է՝ մի՞թե արքունիքի թութակները նրա այդ հայտարարությունը չեն լսել:

Անշուշտ, լսել են, բայց հիմա նրանց հանձնարարված է ամենաչնչին փաստն օգտագործել ի շահ բոլոր առումներով ձախողված ՀՀԿ առաջնորդի վարկանիշի բարձրացման:

Նույն տրամաբանությամբ կարելի է ասել՝ քանի դեռ այսքան մարդ է մնում Հայաստանում (որը հնար չունի փախչելու երկրից), ուրեմն նրանք աջակցում են Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը:

Նույն տրամաբանությամբ կարելի է եզրակացնել՝ քանի դեռ երկու տարի աշխատավարձ չստացած «Նաիրիտի» աշխատակիցները սովից չեն մեռել, ուրեմն նրանք աջակցում են Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը:

Նույն կերպ կարելի է պնդել՝ քանի որ 40-50 տոկոս կազմող աղքատ խավը եւ ծայրահեղ աղքատները խոլերայից չեն տառապում կամ հումանիտար աղետի մեջ չեն հայտնվել, ուրեմն Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունն արդարացնում է իրեն:

Նույն հաջողությամբ կարելի է հայտարարել՝ քանի որ տնտեսությունը, որպես բուտաֆորիա, դեռ կա, ուրեմն…

Մի խոսքով, քանի որ արեւը դուրս է գալիս արեւելքից եւ մայր է մտնում արեւմուտքում, ուրեմն բոլորը կողմ են Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը