Մեկնաբանություն

06.12.2014 11:35


Ինտեգրացիաները և տնտեսական զարգացումը

Ինտեգրացիաները և տնտեսական զարգացումը

ԵՏՄ-ի հետ ինտեգրացիոն գործընթացի մեկնարկից հետո ՀՀԿ-ականները պնդում էին, որ այդ քաղաքական կուրսը նաև տնտեսական հնարավորություններ է ստեղծում քաղաքացիների համար: Նույն պնդումը կար նաև հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ, երբ իշխանավորները մեզ հավաստիացնում էին, որ սահմանի բացումը տնտեսական հնարավորություններ կստեղծի ու հանրության լայն շերտերը կօգտվեն այդ հնարավորությունից:

Իրականում պետության համար ստեղծված ցանկացած տնտեսական ռեսուրս և դրա վերաբաշխում կախված է տվյալ պետության տնտեսական և քաղաքական ինստիտուտներից: Մոնոպոլ տնտեսական համակարգում նոր հնարավորություններից հանրության լայն շերտերը չեն օգտվում ցանկացած դեպքում:

Հայ-թուրքական սահմանի բացումից (եթե դա տեղի ունենար. «Ֆուտբոլային» դիվանագիտության դա հնարավոր չէ) օգտվելու էին միայն սահմանափակ թվով մարդիկ: Այդ ժամանակ էլ 10 մարդ Հայաստան շաքարավազ չէր ներմուծի ու դա նաև թույլ չէր տա, որպեսզի ստեղծված նոր հնարավորություններից օգտվեն հանրության լայն շերտերը:

Դեռ մի քանի տարի առաջ պարսկական շուկայում ոչխարի մսի մեծ պահանջարկ էր ստեղծվել: Հայաստանից դեպի Պարսկաստան ոչխարի արտահանման ծավալները սկսեցին մեծանալ, սակայն կարճ ժամանակ անց, ըստ տարածված տեղեկությունների, այդ ոլորտը մոնոպոլիզացվեց Սերժ Սարգսյանի շրջապատի, ավելի կոնկրետ՝ Ալեքսանդր Սարգսյանի կողմից: Այսինքն՝ տնտեսական այդ հնարավորությունից միայն օգտվեց մարդկանց մի փոքր խումբ: Հենց այս օրինակը ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում նոր տնտեսական հնարավորությունների հետ երբ չկան շուկայական ինստիտուտներ: Փաստացի իշխանություն ունեցող մարդիկ են հիմնականում զավթում տնտեսական նոր հնարավորությունները, թույլ չտալով հանրության լայն շերտերին օգտվել ստեղծված իրավիճակից:

Նույնը տեղի էր ունենալու հայ-թուրքական սահմանի բացման դեպքում: Իշխանություն ունեցող շատ փոքր թվով մարդիկ զավթելու էին այդ հնարավորությունները, և հարստությունը կրկին հայտնվելու էր նրանց ձեռքում:

Այսօր էլ բազմաթիվ փաստարկներ են հնչեցվում ինտեգրացիոն պրոցեսների մասին: Շատերը հնարավորություն են տեսնում ԵՄ-ի կամ ԵՏՄ-ի հետ ինտեգրացիոն գործընթացներում: Սակայն պետք է հաշվի առնել, որ ցանկացած նոր տնտեսական հնարավորության արդյունավետ օգտագործումը բացառապես կախված է տվյալ պետության տնտեսական ինստիտուտներից:

Հայաստանի տնտեսական համակարգը թույլ չի տալու, որ նոր ստեղծված տնտեսական հնարավորություններից օգտվեն հանրության լայն շերտերը, ինչպես նաև տնտեսական բարիքները բաշխվեն հնարավորինս շատ մարդկանց միջև:

ԵՏՄ-ի հետ կապված տնտեսական հարաբերությունների առաջին օրինակները ևս դրա մասին են փաստում: Վառ օրինակ է հեղուկ վառելիքի ներմուծման ոլորտի գերմոնոպոլիզացումը, որտեղ երեք ընկերություն կորցրել են բիզնեսի ամբողջական շղթայով զբաղվելու հնարավորությունը։ Ամբողջ ներմուծումը տրվել է մեկ ընկերության: Մինչև Հայաստան հեղուկ վառելիքը բերում է մեկ կազմակերպություն՝ Սերժ Սարգսյանի մերձավորներին պատկանող «Ռոսնեֆտ–Արմենիան»։ Փաստացի տնտեսական նոր հնարավորությունները նույնիսկ սահմանափակել են նախկին քիչ թե շատ մրցակցային դաշտը: Այստեղ էլ տնտեսական նոր հնարավորություններից օգտվել են իշխանություն ունեցող անձիք:

Տնտեսական նոր հնարավորությունները կարող են դրական ազդել պետության ու զարգացման վրա այն ժամանակ, եթե առկա են մրցակցային ինստիտուտներ պետության ներսում, ինչպես նաև նոր ռեսուրսները բաց են հանրության հնարավորինս լայն շերտերի համար: Հակառակ դեպքում նոր հնարավորություններից օգտվում են քիչ թվով մարդիկ, և իրենց ձեռքում կուտակում նոր իշխանական և տնտեսական ռեսուրսներ, որն էլ բացասական է ազդում այլ ոլորտների զարգացման վրա:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը