Մեկնաբանություն

05.12.2014 18:55


Հայրենասիրական փորլուծություն

Հայրենասիրական փորլուծություն

Երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքահայության մի հատվածը գիտակցությունը կորցրեց:

Ոչ մի շտապ օգնություն նրան չփրկեց: Երկրի հետ մեռավ-գնաց:

Անկեղծ ասած, մի քիչ անհասկանալի, մի քիչ էլ տարօրինակ է բազմաթիվ օգտատերերի ագրեսիվ արձաքանքը խորհրդարանի կողմից ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության պայմանագրի վավերացման առիթով:

Դե, զահլա չունես նրանց հույժ «հայրենասիրական» գրառումների ներքո՝ ինչ-որ մեկնաբանություն թողնել: Երբ մարդն ակնհայտ «պրիպատկա» է դրսեւորում, նման անհամարժեք կեցվածքին չարժե արձագանքել:

Հիմա այստեղ կարելի է:

Ինչո՞ւ հանկարծ գժվեցիք, հարգելի՛ ֆեյսբուքահայեր:

Մի՞թե նոր իմացաք, որ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին:

Խելագարվելու համար դուք ավելի քան մեկ տարի ժամանակ ունեիք, երբ 2013-ի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը միանձնյա որոշեց ՀՀ-ն մտցնել Մաքսային միության կազմ:

Մի ամբողջ տարի լիուլի կարող էիք ձեր «ազգասիրական» դիրքորոշումը հրապարակավ արտահայտել՝ առնվազն տասն անգամ Բաղրամյան 26-ի դիմաց ԵՏՄ-ին անդամակցելու դեմ բողոքի հուժկու ցույցեր անելու միջոցով:

Դա չե՛ք արել:

Սեպտեմբերի 3-ից հետո՝ ավելի քան մեկ տարի անց, հիմա ծվարել եք «Ֆեյսբուքում» ու կեսգիշերային հոխորտանքներ եք արձակում:

Ախր, դուք հե՛չ Սերժ Սարգսյանի հասցեն չգիտեի՞ք: Մի՞թե առաջին անգամ էիք լսում, որ Հայաստանը պատրաստվում է մտնել Եվրասիական տնտեսական միության կազմ:

Լավ, էլի, այդքան երեսպաշտ կարելի՞ է լինել:

Անցած մեկ տարում ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթղթեր էին պատրաստվում, անցած մեկ տարում նույն Սերժ Սարգսյանը մի քանի անգամ քնել ու արթնացել է ԵՏՄ-ի ժողովների սեղանի վրա, անցած մեկ տարում տարբեր չինովնիկների կողմից «Հայաստանաշահ» բանակցությունները շարունակվել են…

Լավ, էս ամենի հանդեպ կույր ու խուլ կարելի՞ էր ձեւանալ, եւ հիմա նոր սկսել վայնասուն բարձրացնել:

Եվ ողջ մեղքը բարդել ԱԺ խմբակցությունների վրա:

Անցած ամիսներին լցվեիք փողոց՝ աղաղակեիք ու ժողովրդին տեղեկացնեիք, որ «անկախություն ենք կորցնում»: Ինչ իմանաս՝ ժողովրդի հետ միասին կարող է՝ Սերժ Սարգսյանն էլ լսեր ու իմանար այդ մասին: Ձեր «տորնադոյից» հնարավոր է՝ նա ձեռքերը վեր պարզեր ու հրաժարվեր հերթական «նախաձեռնողական» քայլից:

Ոչ թե ձեր փոխարեն ինքը որոշեր ու իր հաստիքային «այլախոհներին» ու հաճախորդներին ուղարկեր տարբեր հեռուստաեթերներ՝ ողբալու «ինքնիշխանության կորուստը»:

Ինչ խոսք, մեկ-երկուսը «լցվել» են փողոց, բայց երբ հիմա տեսնում ես, թե նրանց թիվը որքա՜ն շատ է վիրտուալ տարածքում, մտածում ես, որ «հանուն երկրի կորսվող ինքնիշխանության»՝ սրանք ինչպես նախկինում են եղել, հետագայում էլ շարունակելու են մնալ վիրտուալ տարածքում: Երբե՛ք չհանդգնելով խախտել Սերժ Սարգսյանի անդորրը:

Սրանց «ուժը պատում» է միայն ԱԺ խմբակցությունների վրա, վերջիններիս են համարում «ազգի դավաճան»:

Անհարմար է. այդքան ողորմելի չի կարելի լինել:

Ո՞վ է ԵՏՄ-ին երդում տվել: Մի մարդ: Այդ մեկի դեմ ոչինչ չեք անում ու հարձակվում եք պայմանագրին «կողմ» քվեարկվածների վրա:

Հետն էլ փորձում եք «դեմ» ու «ձեռնպահ» քվեարկածներից «հերոս» կերտել:

Ի դեպ, «կողմ» քվեարկած պատգամավորներն իրենց գաղափարակիցներն ունեն, իրենց ընտրողներն ու հետեւորդներն ունեն:

Գոնե կարո՞ղ էին այդ յոթ «հերոսները» անցած մեկ տարում իրենց համախոհներին հանել փողոց: Իհարկե, կարող էին (իսկ միգուցե չէի՞ն կարող): Բայց դա՛ էլ չեն արել:

Ինչո՞ւ: Դե, երեւի, գիտեին, որ առանց դրա էլ ֆեյսբուքահայության փորլուծ ընկած հատվածը իրենց «հերոսացնելու» է:

Ահա այսպիսի հայրենասիրական փորլուծություն:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը