Մեկնաբանություն

05.12.2014 00:05


Ինչ ցույց տվեց ԵՏՄ–ի հարցով քվեարկությունը

Ինչ ցույց տվեց ԵՏՄ–ի հարցով քվեարկությունը

Շարմազանովը, «անկախ» մամուլի ներկայացուցիչները և «արևմտամետ» հաճախորդները գրեթե նույն ձևակերպումներով պնդում են, որ ԵՏՄ–ի հարցով քվեարկությունը ցույց տվեց, որ ընդդիմադիր կուսակցությունները (նկատի ունեն ԲՀԿ–ին ու ՀԱԿ–ին) սատարում են Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությանը։

Նման պնդումը կատարյալ դեմագոգիա է, և ահա թե ինչու։

Տեսե՛ք, ընդդիմադիր ուժերը հիմնավորում են, որ եթե ամբողջական իշխանափոխություն չլինի, ապա Հայաստանը կթուլանա, ինչն էլ կլկտիացնի Ադրբեջանին ու կհանգեցնի պատերազմի վերսկսման։

Հիմա եթե Ադրբեջանը մինչև ամբողջական իշխանափոխությունը պատերազմ սկսի, Սերժ Սարգսյանն էլ ի պաշտոնե համապատասխան քայլերի դիմի ու սկսի պաշտպանվել կամ անցնել հակահարձակման, ի՞նչ է՝ ընդդիմադիր ուժերը պետք է կողմ չլինե՞ն Սարգսյանի՝ պատերազմական իրավիճակից բխող քայլերին։

Իհարկե, պետք է այդ պահին մի կողմ դնեն խորքային տարաձայնություններն ու լծվեն հայրենիքը պահելու գործին, մինչև որ պահը գա, ու հեռացնեն պատերազմի պատճառ դարձած գործչին։

Այս տարվա օգոստոսին համանման մի բան եղավ, երբ սահմանի վրա մեծացավ լարվածությունը։ Ընդդիմությունը հայտարարեց, որ կանգնած է բանակի կողքին ու միասնական է արտաքին թշնամու դեմ պայքարում։ Ի՞նչ է՝ դա նշանակում է, որ ընդդիմությունը սատարո՞ւմ է Սերժ Սարգսյանին։ Իհարկե, ոչ։ Ավելին՝ Ղարաբաղում զոհված մեր զինվորները ևս մեկ ապացույցն էին այն բանի, որ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը ձախողվել է, և ունի հակապետական բնույթ։ Եվ պետք չէ բանակը կամ մեր պետությունը նույնացնել Սերժ Սարգսյանի հետ։

Բերեմ մեկ այլ՝ կենցաղային օրինակ։

Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ. որևէ մեկը որոշել է բարձրանալ շենքի տանիքի վրա ու ցած նետվել։ Հարևանները, տնեցիները, բոլորը բացատրում են այդ մարդուն, որ պետք չէ բարձրանալ շենքի տանիք և թռչել ներքև, քանզի ողջ մնալու հավանականությունը կձգտի զրոյի։ «Նախաձեռնողականություն» ցուցաբերող անմեղսունակը, սակայն, չի լսում կողքիններին ու ցած է նետվում՝ հայտարարելով, որ ուզում է ասոցացվել ասֆալտի հետ։ Արդյունքում՝ ցած նետվողը ստանում է բազմաթիվ մարմնական վնասվածքներ ու հայտնվում կիսամեռ վիճակում։ Ու հենց նա աչքերը բացում է և արդեն հասկանում, որ էշություն է արել, խնդրում է իրեն հասցնել հիվանդանոց։ Այդ պայմաններում որևէ բանական մարդ դեմ կլինի՞ տանիքից ցած նետվողին հիվանդանոց հասցնելուն։ Իհարկե, ոչ։ Բայց ասել, որ բոլորն ընդունում են ցած նետվողի բռնած կուրսը, քանի որ կողմ են նրան հիվանդանոց տեղափոխելուն, առնվազն ապուշություն է։

Ասածս այն է, որ ԵՏՄ–ին կողմ քվեարկած ընդդիմադիր ուժերը (նկատի չունեմ Սերժ Սարգսյանին կցված ՀՅԴ–ին) ելել են ստեղծված իրավիճակից ու առաջնորդվել բացառապես ՀՀ շահերով՝ շատ լավ հասկանալով, որ մեր երկիրը հայտնվում է ոչ առողջ միջավայրում, բայց տանիքից ցած նետվողի վարքագիծ դրսևորած ՀՀ իշխանությունների պատճառով չի կարելի է՛լ ավելի խորացնել պրոբլեմը և գետնի վրա ընկած թողնել Հայաստանը։ Այդ մասին փաստարկված խոսեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, և ՀՀ քաղաքացի հանդիսացող որևէ հոմո սապիենս չի կարող չընդունել նրա ներկայացրած հիմնավորումները։ Առնվազն անմեղսունակ պետք է լինեն սա չհասկանալու համար։ Բայց դե, ում ենք ինչ բացատրում։ Հասկացողը հասկանում է, իսկ պատվերով համերգ տվող քարոզիչներն իրենց գործն են անում։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ ԱԺ–ի շենքի մոտ բողոքող մի քանի հոգին, որոնք ԵՏՄ–ին կողմ քվեարկածների հասցեին «պուտինկա» էին վանկարկում, զարմանալիորեն չեն երևում նախագահական նստավայրի կողմերն ու որևէ թթու բառ չեն ասում ԵՏՄ մտնելու միանձնյա որոշում կայացրած Սերժ Սարգսյանի դեմ։

Դա ևս մեկ անգամ վկայում է, որ հայաստանյան «արևմտամետները» և սրանց ջրերն ընկած «ազնիվ քյարփինջներն» ընդամենը «պետպատվերով» աշխատող «պուտինկեք» են։ Ոչ ավելին։

Այս խորագրի վերջին նյութերը