Մեկնաբանություն

04.12.2014 14:50


Խրամատավոր զինվորներն իրենց սուրը փառքով դրեցին պատյան

Խրամատավոր զինվորներն իրենց սուրը փառքով դրեցին պատյան

Օ՜հ, այսօր մե՜ծ, պատմական օր է:

Ասում են՝ Ազգային ժողովի այս տարվա վերջին նիստն է:

Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն կազմող ուժը ողջ տարվա ընթացքում տառապեց-տանջվեց, իրեն պատեպատ խփեց, որպեսզի կարողանա ընդունել «ազգանպաստ» օրենքներ: Այն է՝ մնաց խրամատում, չլքեց խրամատը եւ ճիշտ պահին «կրակեց» ժողովրդի վրա:

Ա՛յ դրա համար ենք ասում, որ օրը պատմական է, եւ մեծամասնությունը կարող է գնալ ու Ամանորը նշել զանազան կղզիներում:

Հա, ի դեպ, պարապ, գործազուրկ-ընչազուրկ ժողովրդին էլ մի 15 օր «տոնական» արձակուրդ են տվել (դեկտեմբերի 28-ից- հունվարի 12-ը):

Երեւի մտածել են, որ աննախադեպ թանկացումները դիմագրավելու համար անտեր-անգործ ժողովրդին հանգիստ է պետք:

Բայց դառնանք «մեր ոչխարներին»՝ ԱԺ մեծամասնությանը, որը, ինչպես արդեն նկատեցինք, թե՛ գարնանային եւ թե՛ աշնանային նստաշրջններում ամեն բան արեց, որ ժողովուրդն ավելի շատ «սիրի» իրեն:

Ողջ տարվա ընթացքում տեղ-տեղ դժվարությամբ, բայց ՀՀԿ-ական մեծամասնությանը հաջողվեց Կառավարության կողմից ԱԺ-ին ներկայացված բոլոր հակամարդկային օրինագծերը դակել:

Մի խոսքով, այդ ուժն «իր սուրը փառքով դրել է պատյան»՝ արժանանալով ժողովրդի կողմից իրեն ուղղված անեծքների ու հիշոցների ավելի մեծ խմբաքանակի:

Սերժ Սարգսյանի զինվորները հասցրեցին անգամ ընդդիմության առաջարկած կարեւոր թեմաներին նվիրված արտահերթ նիստերը տապալել:

Փա՛ռք, փա՛ռք, փա՛ռք:

Քաղաքական մեծամասնությանը հաջողվեց խաբել «կուտակայինի» տակ ընկած խավին ու «Շրջանառության հարկի մասին» օրենքից քաշված առեւտրականներին:

Նրան հաջողվեց նաեւ ծածկադմփոց անել ռուսական գազի դիմաց գաղտնի կուտակված 300 միլիոն դոլարի պարտքը:

Փա՛ռք, փա՛ռք, փա՛ռք:

ԱԺ խրամատում կռվող մեծամասնությունը նաեւ կարողացավ շրջանցել-մերժել «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին ընդդիմության առաջարկությունը: Դե, 100– տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու դեպքում իրեն կսպառնա, մեղմ ասած, աննախանձելի հեռանկար:

Չերկարացնենք: Բոլորը շատ լավ գիտեն, թե ԱԺ մեծամասնության օրենսդրական գործունեության հետեւանքով այսօր ինչ վիճակում է հայտնվել երկիրը, ինչ օրի է հասել ժողովուրդը:

Ինչպես ասում են՝ «ֆակտ նա լիցո»:

Ահա այսպիսի «ձեռքբերումներով» է տարին փակում օրենսդիրի մեծամասնությունը:

«Ձեռքբերումներ»՝ ընդդեմ երկրի ու ժողովրդի:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը