Հարցազրույց

03.12.2014 12:10


Վարդան Բոստանջյան. «Հետևանքներն ավելի տխուր կլինեն...»

Վարդան Բոստանջյան. «Հետևանքներն ավելի տխուր կլինեն...»

Հարցազրույց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ

–Որքանո՞վ է Ձեզ համար հիմնավորված Կենտրոնական բանկի մեկնաբանությունը դրամի կտրուկ արժեզրկման կապակցությամբ։

–Կենտրոնական բանկը մի մեկնաբանություն պետք է տար, ըստ էության, տվել է։ ԿԲ–ն տվյալ խնդրով չունի մեծ գործառույթներ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ մենք գտնվում ենք ռուբլու ածանցյալ գոտում։ Հիմնական շրջանառությունը ՀՀ–ում պայմանավորված է ռուբլով, և դրա մասին է խոսում միայն այն փաստը, որ մասնավոր տրանսֆերտների ճնշող մեծամասնությունը գալիս է այդ ռեգիոնից, և, բնականաբար, իրավիճակը, պայմանավորված ռուբլու հետ, իր արտացոլումը պետք է ստանար նաև Հայաստանի դրամի վրա։ Մեր դրամային իշխանությունները, մասնավորապես՝ ԿԲ–ն, ըստ էության, պետք է այդ հայտարարությունն անեին, որը, որոշակի վերապահումներով, կարելի է ասել, իրականությունը չի կարողանում մինչև վերջ արտացոլել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ իսկապես հայկական դրամը ոչ այլ ինչ է, քան մի ածանցյալ գործիք, որը, բնականաբար, պետք է ցնցումների ենթարկվի և ցնցումների բերի։
Ինչպես ռուբլին է դոլարի և եվրոյի նկատմամբ դիստրոֆիկ վարքագիծ դրսևորում, այդպես էլ հայկական արժույթն է իրեն պահում։ Նման ցնցումների դեպքում, ըստ էության, հայ հասարակության մի ճնշող մեծամասնությունը շատ դժվարություններ կզգա։ Գնաճային ճնշումներ... դրա համար իշխանությունները պետք է քայլեր անեին։ Որքան ասում ենք՝ քայլեր անեն, բայց, ամենայն հավանականությամբ, արդյունավետ քայլեր հնարավորել էլ չե՛ն, և հիմա կյանքը ցույց է տալիս, որ այդ զարգացումներն սկսվեցին Հայաստանում։

–Դրամի արժեզրկման հնարավոր հետևանքներն ինչպիսի՞ն կարող են լինել։

–Հետևանքներն ավելի տխուր պետք է լինեն, եթե, իհարկե, շարունակվի մեր ընդհանուր քաղաքականությունը՝ ինչպես դրամավարկային, այնպես էլ հարկաբյուջետային, ընդհանուր տնտեսական քաղաքականությունն այնպես, ինչպես մինչ օրս տեղի է ունեցել։ Եվ այդ բոլորը պատահականորեն չի եղել. այս ամենն արդյունք է վարվող քաղաքականության։

–ԿԲ–ն նշել է, որ դրամի արժեզրկումից արտահանողները կարող են օգուտ քաղել. որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը։

–Չէ, իրականությանը համապատասպանում է, քանզի արտահանումով զբաղվողները որոշակիորեն կարող են նաև արտահանումից օգտվել։ Բայց սա առնվազն գիտեք՝ ինչքանով է ծիծաղելի... ուրեմն, պետք է անպայման արժեզրկումի՞ց օգուտ քաղեն։ Դու վարի այնպիսի տնտեսական քաղաքականություն, որպեսզի անկախ արժեզրկումից կարողանան նպաստավոր իրավիճակում արտահանել։ Գիտեք, այդ մեկնաբանություններն ինձ մոտ զավեշտ, ծիծաղ են առաջացնում... Նման կերպո՞վ են երկիրը կառավարում։

–Նման իրավիճակում պետության, ԿԲ–ի կողմից ի՞նչ քայլեր պետք է արվեն։

–ԿԲ–ն, ըստ էության, հանկարծ չմտածեք, որ կախարդական փայտիկ ունի այս իրավիճակը շտկելու համար։ Իրավիճակն ուղղակիորեն և մեծ մասամբ պայմանավորված է տնտեսական քաղաքականությամբ։ Իհարկե, դրամային իշխանությունների վրա դրված է գործիքաշար, որն ունի ԿԲ–ն, բայց դա բավարար չէ նման կտրուկ ցնցումների պարագայում իրավիճակ շտկելու համար ոչ միայն հիմա, այլև ընդհանրապես, միշտ։ ԿԲ–ն կարող է արդյունավետ գործել միայն ու միայն այն դեպքում, երբ կա կոորդինացված, համակարգված տնտեսական քաղաքականություն։ Այլ պարագայում ԿԲ–ին մեկ գործառույթ է մնում՝ որոշակի շտկում կատարելու համար իրականացնել ինտերվենցիաներ։ ԿԲ–ն ի՞նչ կարող է անել, եթե չկան աշխատատեղեր, կան գործազրկություն, աղքատություն...

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը