Մեկնաբանություն

02.12.2014 15:16


«Լյուստրացված» «երկխոսասերները»

«Լյուստրացված» «երկխոսասերները»

Հայաստանի գործող նախագահի նախաձեռնողականությունը՝ լցնել իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից առաջացած ներաքաղաքական վակուումը, այլևս անպտուղ է։

Արտաքին ոլորտում Սերժ Սարգսյանի «շախմատային քայլերը» բացառապես հարվածեցին Հայաստանի շահերին։ Նույնն այսօր տեղի է ունենում երկրի ներքին կյանքում։

Նախաձեռնողականությունը ոչ միայն արդյունք չի տալիս, այլ գնալով թուլացնում է դրա հեղինակի դիրքերը։
«Ֆուտբոլային» երկխոսությունը բացահայտեց, թե ինչպիսի դիվանագետ է իրականում Սերժ Սարգսյանը, իսկ ԵՏՄ-ին անդամակցելու՝ մեկ օրում ընդունած նրա որոշումը վերջնականապես ապացուցեց, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած ցանկացած երկխոսություն պատուհաս է դառնում։

Երկխոսում էին Արևմուտքի հետ, «երկխոսվեցին» Ռուսաստանի հետ։ Հայ–թուրքական արձանագրությունները՝ որպես երկխոսության արդյունք, ուղարկվեցին գրողի ծոցը։

Սերժ Սարգսյանը տարբեր փուլերում երկխոսում էր նաև ընդդիմության հետ։ Կարճաժամկետ կտրվածքով դա ինչ–որ արդյունք ունեցավ ՀՀԿ ղեկավարի համար։ Շունչ քաշելու ժամանակ առաջացավ, թվաց, թե ընդդիմությունից հիասթափության ալիքը հասցվեց ցանկալի մակարդակի։ Բայց Սերժ Սարգսյանն այդպես էլ հաշվի չնստեց պարզ ճշմարտության հետ՝ ինչպես բնության, այնպես էլ քաղաքականության մեջ վակուում չի կարող լինել։ Լցնել այն արհեստական օրակարգերով կամ դհոլներով պարզապես հնարավոր չէ։

Երկխոսության կուտն այլևս չի անցնում, ու փորձ է արվում հերթական անգամ հանդես գալ նախաձեռնողականությամբ։ Հրապարակ է նետվում «իմպիչմենտ» օպերացիան։ Տվե՞ց արդյոք այն որևէ ցանկալի արդյունք գործող նախագահի համար։ Բացարձակապես, ոչ։ Լյուստրացիայից էին խոսում՝ «լյուստրացվեցին» այնպես, ինչպես «երկխոսվում» էին։

Մի խոսքով, այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Բաղրամյան 26-ում նախաձեռնված ցանկացած քայլ միայն բումերանգի էֆեկտ է ունենում։

Եթե դու ի վիճակի չես վակուումը լցնելու, դա կանեն ուրիշները։ Ու անում են։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը