Մեկնաբանություն

01.12.2014 16:18


Հրճվելու առիթ չի՛ք

Հրճվելու առիթ չի՛ք

Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունել են Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման օրինագիծ:

Շնորհակալ ենք:

Սակայն չենք կարող չնկատել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավելի քան վեց տարիների ընթացքում ընդամենը երկու երկիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Այսինքն, հրճվելու առիթ չի՛ք:

2010-ին Շվեդիայի Ռիգսդագը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց, սակայն հաջորդ պահին այդ երկրի վարչապետն իրենց քայլի համար ներողություն խնդրեց Թուրքիայի կառավարությունից:

Հիմա էլ՝ Բոլիվիան: Հուսանք՝ վերջինիս կառավարությունը թուրքական կողմի ներողամտությունը չի հայցի:

Սա՛ է Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտության «արդյունքը»:

Վեց տարվա մեջ ընդամենը երկու պետություն:

Այն դեպքում, երբ գալով իշխանության՝ Սերժ Սարգսյանը գիտեր (պետք է որ իմանար)՝ առջեւում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է:

Իսկ տարելիցի պատշաճ հիշատակման համար հարկ էր, որ հետագա տարիներին ավելանային Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փաստերը:

Փոխարենը՝ «նախաձեռնողական» Սերժ Սարգսյանը մխրճվեց «ֆուտբոլային» դիվանագիտության մեջ եւ չորս տարի անպտուղ ժամանակ վատնեց դրա վրա:

Ժամանակը՝ հեչ: Հայ-թուրքական գործընթացը ոչ միայն վնասեց հայկական շահերին, այլեւ դրա հետեւանքով կասեցվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ինչպես նաև Թուրքիային հնարավորություն տրվեց մխրճվել ղարաբաղյան խնդրի կարգավորման մեջ՝ որպես ակտիվ կողմ:

Այս ամենից հետո միայն Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն» ուղարկեց հայ-թուրքական արձանագրությունները (դա ընդամենը «փիառ» քայլ էր, քանզի արձանագրությունները մնում են մեր խորհրդարանում, և պաշտոնական Երևանի ստորագրությունները հետ չեն վերցվել): Դա արվեց այն պահին, երբ արդեն բանը բանից անցել էր, եւ այլեւս ոչ ոքի չէր հետաքրքրում նրա՝ «գրողի ծոցն» ուղարկելու մասին որոշումը:

Մանավանդ, երբ մինչ այդ այնպիսի մի ժեստ էր արել Թուրքիային, որ ՄԱԿ-ի ամբիոնից իր իսկ կողմից արած հայտարարությունը 180 աստիճանով հակասում էր իր իսկ կողմից արված նախորդ քայլին:

Մինչ այդ արդեն Սարգսյանը Թուրքիայի նորընտիր նախագահին 2015-ի ապրիլի 24-ին հրավիրել էր Երեւան:

Դե, Թուրքիան էլ նրա հրավերին արձագանքեց անհուն քամահրանքով. Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականի շուրթերով հայտարարեց, որ իրենք հայկական կողմից «ժեստի» են սպասում, եւ միայն այդ դեպքում Էրդողանը կընդունի Սարգսյանի հրավերը եւ կգա Երեւան:

Թուրքիան կրկին առաջ քաշեց իր նախապայմանները, որոնք կային «ֆուտբոլային» դիվանագիտության փուլում: Այն է՝ Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին (դե, մյուս նախապայմանի մասին խոսելն այլեւս անիմաստ է, քանզի հայ-թուրքական գործընթացի մեկնարկից հետո արդեն կասեցվել էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը):

Այսինքն, միայն այս նախապայմանի բավարարման դեպքում Էրդողանը կգա Երեւան:

Ահա այսպիսի «հայանպաստ» զարգացումներ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:

Ընդգծում ենք՝ այդ նշանակալի եւ բեկումնային համարվող տարելիցի նախաշեմին ընդամենը երկու երկիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Վեց տարվա կտրվածքով սա խայտառակ ցուցանիշ է: Թեպետ արդեն լսում ենք հանրապետական խոսնակների զավեշտական ձոներգը՝ նվիրված իրենց առաջնորդին:

Դե, սովորական է դարձել առաջնորդի հերթական ձախողումից հետո նման դիֆիրամբների հնչեցումը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը