Մեկնաբանություն

01.12.2014 12:10


«Քցող» պետության հայեցակարգը

«Քցող» պետության հայեցակարգը

Ընթերցողներից ստացած ահազանգից հետո մենք անդրադարձել էինք ավտոմեքենաների տեխզննման կտրոնների հետ կապված խնդրին։

Պարզվում է, որ Երևանի վարչական շրջաններում քաղաքացիներին ստիպում են մուծել նախկինում մուծած գույքահարկը՝ հիմնավորելով, որ համակարգիչը պարտք է ցույց տալիս, ու մինչև նախորդ տարիների պարտքերը չփակեն, իրենք 2015թ. համար մուծումները չեն ընդունի, և ավտոմեքենան հնարավոր չի լինի շահագործել (ահազանգողները բողոքում էին մայրաքաղաքի Շենգավիթ ու Արաբկիր վարչական շրջաններում տիրող իրավիճակից)։

Ուշագրավն այն է, որ ավտոմեքենայի դիմապակուն 2014թ. տեխզննման կտրոնի առկայությունը չի հետաքրքրում վարչական շրջանների աշխատակիցներին, և նրանք պահանջում են քաղաքացիներից ցույց տալ 2011, 2012 և 2013 թվականների գույքահարկի վճարման անդորրագրերը։ Եվ դա այն դեպքում, երբ, կրկնենք, առկա է 2014թ. տեխզննման կտրոն, ինչը վկայում է, որ նախորդ տարիների գույքահարկը վճարած է, այլապես հնարավոր չէր լինի առանց նախորդ տարիների պարտքը փակելու՝ ստանալ այս տարվա տեխզննման կտրոնը։

Ահա այսպես է Սերժ Սարգսյանի սիրելի «Տարոն ջանը» փողեր հավաքում ու իր աշխատավարձը բարձրացնում։

Ի դեպ, տեխզննման կտրոնների մասով «համակարգչային սխալը» նույն այն ժուլիկությունն է, որը մեր քաղաքացիներին քաշքշուկների մեջ էր գցել ԳԱԻ–ի կողմից տեխնիկական սարքերի միջոցով հայտնաբերված խախտումների պատմության միջոցով։ Բանն այն է, որ մարդիկ վճարել էին տուգանքները, բայց ԴԱՀԿ–ից ծանուցագիր էին ստանում, որ իրենց հաշիվներն արգելափակված են, քանզի համակարգիչը ցույց է տալիս, որ վճարումները չեն արվել։ Ամիսներ պահանջվեց, որպեսզի պետական մարմիններն ընդունեն իրենց սխալը, և խնդիրը կարծես թե այդ մասով լուծվեց՝ ահագին մարդու նյարդերի ու ժամանակի հաշվին։

Հիմա էլ տեխզննման կտրոնով են մարդկանց քթից բերում։ Ու պարզվում է, որ միայն Երևանում չէ այդպես։ Մարզերում էլ նույն պատկերն է։ Ասել է թե՝ «Տեխզննման կտրոն» օպերացիան համապետական մասշտաբի է՝ «Ինչքան էլ քաղաքացուց պոկենք, էլի լավ է» տարբերակով։

Նմանատիպ երևույթները ցույց են տալիս, որ մեզանում գործում է «քցող» պետության հայեցակարգը։

Իշխանությունները քաղաքացուն նայում են որպես «քցման» օբյեկտի։ Ու պետք չէ զարմանալ, որ այս չափի արտագաղթ կա, իսկ մնացողներն էլ ձգտում են հեռու մնալ պետական մարմինների հետ գործ ունենալուց։

Սերժ Սարգսյանի «Ապահով Հայաստանում» և Տարոն Մարգարյանի «Ավելի լավ Երևանում» «քցելը» պետական քաղաքականության հիմնական սկզբունքն է։ Ահա թե ինչու է նաև անհրաժեշտ իշխանափոխությունը։ Որպեսզի իշխանավորները քաղաքացիներին չփորձեն մանր ժուլիկությամբ քերթել։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին առաջարկում ենք այս հարցը հրատապ կարգով բարձրացնել, քանզի ոտնահարվում են հազարավոր քաղաքացիների իրավունքները։

Այս խորագրի վերջին նյութերը