Լրահոս

25.09.2009 15:09


Արծվիկ Մինասյանը համոզված է, որ Գագիկ Մելիքյանն այլ կերպ է մտածում

Արծվիկ Մինասյանը համոզված է, որ Գագիկ Մելիքյանն այլ կերպ է մտածում

-Իմ և «Հայ հեղափոխական դաշնակցության» երաշխիքը շատ պարզ է։ Ունենալով թուրքերի հետ շփվելու հարյուրամյա փորձ՝ գոնե պետք է հաշվի առնեք այս կուսակցության փորձառությունը։ Թուրքերի հետ նման փաստաթղթի ստորագրումը հետագայում զրկելու է մեր սերունդներին պահանջի իրավունքից։ Առանց պահանջատիրության՝ հայրենիք չեք կարող ստեղծել։ Հայրենատիրությունը, որի մասին դուք ասում եք, սկսվում է առաջին հերթին նման փաստաթուղթը մերժելուց,- «Հայելի» ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցոթյան անդամ Գագիկ Մելիքյանի հետ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ բանավիճելիս ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։

Գագիկ Մելիքյանը համոզված է,  որ արձանագրություններում  նախապայմաններ չկան, ինչին Արծվիկ  Մինասյանն արձագանքել է՝ «դրանք չկան, որովհետև արդեն պայման են դարձել»։ Գ.Մելիքյանը հորդորել է բոլորին երբեք չկարծել, որ «Թուրքիան ընդունելու է Հայոց ցեղասպանության հարցը նույնիսկ արձանագրությունները ստորագրելուց կամ չստորագրելուց հետո»։ Նա այն կարծիքին չէ, որ «թուրքական արխիվներում կան պատմական փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Ցեղասպանությունն իրականություն չէ», քանի որ առկայության դեպքում դրանք հաստատ կհրապարակվեին։

-Շատ վտանգավոր բան եք ասում, և համոզված եմ, որ այդպես չեք էլ մտածում, ուղղակի հիմա փորձում եք պաշտպանել այդ փաստաթուղթը,- արձագանքել է Արծվիկ Մինասյանը։

Նա նշել է, որ Հայաստանն աստիճանաբար նահանջ է արձանագրել՝ ազգերի ինքնորոշման իրավունքը  փոխարինելով տարածքային ամբողջականության սկզբունքով.

-Տարիներ շարունակ ղարաբաղյան խնդրի լուծման հարցում հայկական կողմն ազգերի ինքնորոշման իրավունքը համարել է միակ սկզբունքը։ Հետագայում Սերժ Սարգսյանի կողմից առաջ է քաշվել և մադրիդյան սկզբունքներում ամրագրվել տարածքային ամբողջականության սկզբունքն ու ազգերի ինքնորոշման իրավունքը համատեղ դնելու հարցը։ Արձանագրություններում արդեն ազգերի ինքնորոշման իրավունք սկզբունքն ընդհանրապես չկա։

Այդուհանդերձ, Գագիկ Մելիքյանը ևս նշել է, որ արձանագրությունների հետ կապված՝ իրենք էլ մտահոգություններ ունեն, որոնք ի հայտ կգան ստորագրումից և բանակցային գործընթացն սկսվելուց հետո։ Դրանք կապված են տնտեսական հարցերի, օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելու, մաքսային, հարկային, ինչպես նաև՝ քաղաքական հարցերի հետ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը