Մեկնաբանություն

30.11.2014 14:05


Երևանի քաղաքապետարանի ժուլիկությունն ու ախորժակը

Երևանի քաղաքապետարանի ժուլիկությունն ու ախորժակը

Որքան շատ են իշխանությունները խոսում պետական կառավարման համակարգ–քաղաքացի հարաբերությունները կարգավորելու, հեշտացնելու և «Մեկ պատուհանի» սկզբունքով կազմակերպելու մասին, այնքան վատանում են նույն այդ հարաբերությունները։

Ինչպես հայտնի է, վերջին ամիսներին քաղաքացիները հաճախ էին բողոքում, որ ԴԱՀԿ–ից ծանուցագիր է գալիս այն մասին, որ իրենց հաշիվները կալանքի տակ են, քանզի ճանապարհային ոստիկանությանը վճարած տուգանքները տեղ չէին հասել։ Քաղաքացիներին, ըստ այդմ, ստիպում էին ներկայանալ ԴԱՀԿ, գտնել ամիսներ կամ տարիներ առաջ վճարած տուգանքների անդորրագրերը և ժամանակ ու նյարդեր ծախսել։

Այդ քաշքշոցը տևեց այնքան ժամանակ, մինչև որ պետական մարմիններն ընդունեցին, որ համակարգչային սխալ է եղել, և քաղաքացին անմեղ է (պետական հիմնարկների համակարգիչները միշտ սխալվում են ի վնաս քաղաքացու. շատ հաճախ վճարում ես, բայց ասում են, որ չես վճարել, և չի եղել մի դեպք, որ վճարում չանես, իսկ համակարգիչը ցույց տա, որ վճարել ես)։

Հիմա նույն բանը տեղի է ունենում Երևանի քաղաքապետարանի հետ հարաբերվելիս։

Մեր խմբագրությունը բողոքներ է ստանում այն մասին, որ ավտոմեքենաների տեխզննման կտրոնները ստանալու համար գույքահարկի վճար կատարելիս քաղաքացիները զարմանքով պարզում են, որ իրենց վրա նախորդ տարիների չվճարած գույքահարկի պարտքն է մնացել։ Նման երևույթի ավտոմեքենաների տերերը հանդիպել են, մասնավորապես, Շենգավիթ վարչական շրջանում։

Փաստորեն, համակարգիչը կրկին ի վնաս քաղաքացու է աշխատում։ Մարդիկ ցույց են տալիս, որ ավտոմեքենայի դիմապակու վրա փակցված է 2014թ. տեխզննման կտրոնը, հետևաբար բացառվում է, որ 2012 կամ 2013 թվականներից մնացած գույքահարկի պարտք լինի, բայց Շենգավիթ վարչական շրջանում նման բաները չեն հետաքրքրում։ Իրենք համակարգչով պարտք են ցույց տալիս՝ քաղաքացուն առաջակելով անդորրագրով ապացուցել, որ անցած կամ նախանցած տարի վճարում են կատարել։ Եվ դա այն դեպքում, երբ, կրկնենք, առկա է 2014թ. տեխզննման կտրոնը, ինչը նույն անդորրագրի ֆունկցիան է կատարում։

Բոլորն էլ գիտեն, որ տեխզննման կտրոնն առանց գույքահարկի վճարի չեն տրամադրում (բանկերը պահանջում են վարչական մարմիններից, այսպես կոչված, զրոյական պարտքի թուղթ ներկայացնել, որպեսզի իրենք գանձեն մյուս վճարները (բնապահպանական և այլն), ու նոր միայն տեխզննման կտրոն տրամադրեն)։ Հետևաբար, անհեթեթություն է պնդելը, թե այս տարվա տեխզննման կտրոնի առկայությունը հիմք չէ՝ ապացուցելու համար, որ նախորդ տարիներին վճարել ես։

Նման պատկեր է արձանագրվել նաև Արաբկիրի շրջանում։

Սա ցույց է տալիս, որ Երևանի քաղաքապետարանում որոշել են մանր ժուլիկությամբ զբաղվել՝ «ինչքան էլ քաղաքացուն քերթեն, էլի քյար է» թեմայով (տեսնես՝ այս դեպքում ե՞րբ կընդունեն, որ սխալվել են, ու քաղաքացուն քաշքշուկի ենթարկել)։

Նման ժուլիկությունը միտված է բավարարելու այն ագահությունը, որը նկատվում է Տարոն Մարգարյանի ու իր թիմի մոտ։

Մենք էլ մտածում էինք, թե ո՞ր միջոցների հաշվին են իրենք իրենց աշխատավարձերը բարձրացնում Տարոնն ու իր շրջապատը։ Պատասխանը գտնվեց. բնականաբար, քաղաքացիների միջոցներից, որոնց ստիպում են կրկին վճարել այն գույքահարկը (տույժերի և տուգանքների հետ միասին), որը նրանք արդեն վճարել են։

Ճիշտ է, քաղաքացուն քերթել չի հաջողվի, բայց ահա նույն այդ քաղաքացու ժամանակը խլելն ու նյարդերը քայքայելը քաղաքապետի մոտ կստացվի։ Իրոք որ, սիրուն չի, Տարո՛ն։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը