Լրահոս

25.09.2009 13:58


«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ. «Մենք 2 օրվա ընթացքում պատրաստ ենք բացել Թուրքիայի հետ սահմանը»

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ. «Մենք 2 օրվա ընթացքում պատրաստ ենք բացել Թուրքիայի հետ սահմանը»

-Եթե կառավարության կողմից նման հրաման և քաղաքական որոշում լինի, մենք 2 օրվա ընթացքում պատրաստ ենք բացել Թուրքիայի հետ երկաթգծային սահմանը,- «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը։ Հայաստան-Թուրքիա երկաթգիծը 9 կմ հատվածում 15-25 կմ/ժ արագություն է ունենալու։ Թե թուրքական կողմում գտնվող երկաթուղային հատվածը տեխնիկապես որքանո՞վ է պատրաստ գործարկմանը, Մ. Խակովը դժվարացել է պատասխանել։ Նշել է միայն, որ հայկական հատվածում որոշում են ապրանքափոխադրումների մոտավոր ծավալը։ Ներդրումային ծավալների վերանայում դեռ չի նախատեսվում։

Մ. Խակովը նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում առաջին փուլում բեռնափոխադրումները տարեկան կկազմեն մոտ 1-2 մլն տոննա։

-Դա, իհարկե, կնպաստի հարավկովկասյան երկաթուղու աշխատանքների թեթևացմանը։ Սահմանի բացմամբ կփոխվի վագոնների հոսքը ՀՀ-ի տարածքում։ Մենք հաշվարկել ենք, որ հավանաբար 25-30%-ով մեր բեռնափոխադրումները կնվազեն Վրաստանի ուղղությամբ,- ասել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը։

Հոկտեմբեր ամսից էլ սկսվելու են Ախուրյան կայարանում միջազգային լոգիստիկ կենտրոնի շինարարական աշխատանքները։ Ներդրումների ծավալը մոտ 50մլն ռուբլի է լինելու։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը