Հարցազրույց

27.11.2014 15:22


Ա. Հարությունյան. «Իշխանություններն «ականապատվում» են ժողովրդով»

Ա. Հարությունյան. «Իշխանություններն «ականապատվում» են ժողովրդով»

Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ

–Համաժողովրդական շարժման գործողություններում պասիվություն նկատո՞ւմ եք, ինչպես իշխանական դաշտն է փորձում ներկայացնել։

–Իհարկե, ո՛չ։ Չի ասվել մի բան, որ չի արվում, այսինքն՝ շտաբների հետ կապված աշխատանքն ակտիվորեն կատարվում է։ Իշխանություններն «ականապատվում» են ժողովրդով, որովհետև բոլոր մարզերում, մեծ համայնքներում, նույնիսկ գյուղերում համաժողովրդական շարժման շտաբներ են բացվում, և շատ կարևոր է, որ ուղիղ կապը կա ժողովրդի ու համաժողովրդական շարժման միջև։ Իսկ նրանք, ովքեր փորձում են սևացնել, մեղադրել «եռյակին» դանդաղկոտության մեջ, բնականաբար, ծառայում են Բաղրամյան 26–ին։ Այսօր «եռյակի» ուժեղ լինելը վնաս է միմիայն իշխանությանը և կեղծ ընդդիմադիրներին. փոխարենը՝ օգուտ է ժողովրդին, ում հրամայական–պահանջը՝ իշխանափոխություն անելու, «եռյակը» կատարում է։ Պարզապես ընտրվել է դանդաղ շտապելու մարտավարությունը, ոչ թե «մեկքայլանոց մատերը»։ Ի վերջո, ինչ–որ պահից սկսած՝ Սերժ Սարգսյանն ուրիշ զոհաբերելու բան չի ունենալու, քան իր աթոռը, և լինելու են արտահերթ ընտրություններ։ «Եռյակի» այդ մարտավարությունը մեր կուսակցության կողմից ողջունելի է։

–Խոսեցիք «մեկքայլանոց մատերի» մասին։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած իմպիչմենտի գործընթացը հենց այդպիսի մեկքայլանոց մա՞տ է, և իրականում ի՞նչ նպատակ է դա հետապնդում։

–Նիկոլ Փաշինյանի այս քայլն իրոք բացահայտեց բոլոր այն մարդկանց, ովքեր ծառայում են իշխանություններին, այսինքն՝ նրանց, ովքեր սատարում են Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությանը, և համարում են, թե դա լյուստրացիայի խնդիր է լուծում։ «Եռյակի» ընտրած մարտավարությունն ինքնին բացառում է այնպիսի քայլերը, որոնք պետք է շոու ապահովեն։ Բոլորը հասկանում են, որ այսօր պառլամենտում թվաբանությունը հօգուտ «եռյակի» կամ ժողովրդի չէ, քանի որ պառլամենտը չի արտահայտում ժողովրդի քվեն։ Հետևաբար, հույսը կապել միայն խորհրդարանի հետ անիմաստ է։ Պարզապես փորձ է արվում նորից ցեխ շպրտել «եռյակի» վրա, ինչը հօգուտ իշխանությունների է։ Ի դեպ, ժամանակին Նիկոլը բանտից դուրս եկավ Սերժ Սարգսյանի ներման շնորհիվ, իսկ «ներվածների» հետ իշխանությունները շատ դաժան են վարվում։ Երբ որ իշխանափոխության ուրվականը կերևա, երբ որ փողոցում կլինի անհրաժեշտ քանակությամբ ժողովուրդ, այդ ժամանակ խորհրդարանում մեծամասնության թվաբանությունն էլ կփոխվի, կարող է՝ բանը չհասնի էլ իմպիչմենտին, և Սերժ Սարգսյանը հրաժարական տա։

–Համաժողովրդական շարժմանը տարբեր քաղաքական ուժեր են միանում։ Բայց նաև տեսակետ կա, որ դրանք մարդ–կուսակցություններ են՝ հանրության շրջանում քիչ հայտնի, և համաժողովրդական շարժումը վարկաբեկվում է նրանց հետ համագործակցելով։

–Իրականում թե որ քաղաքական ուժը Հայաստանում որքան վարկանիշ ունի, պետք է միմիայն արդար ընտրությունների ժամանակ երևա։ Այսօր ՀՀԿ–ն խորհրդարանում ունի մեծամասնություն, բայց մենք գիտենք, որ ժողովրդի շրջանում 5%–ի համակրանք էլ չունի։ Օրինակ՝ մեր կուսակցությունը շատ ձայներ է ստացել ընտրություններում, բայց չենք կարողացել դրանք պահել։ Երբ որ իշխանափոխություն կլինի, կլինեն արդար ընտրություններ, այն ժամանակ կերևա, թե ով որքան վարկանիշ ունի։ Հանրապետականների թիվն էլ պետք է հաշվել իշխանությունը կորցնելուց հետո, ոչ թե այսօրվա կրծքանշաններով։ Եվ հետո, համաժողովրդական շարժմանը միացող կուսակցությունները ժողովրդի թեկուզ մի մասն են։ Նաև շատ կարևոր է, թե առջևի՛ց ով է գնում. եթե առջևի գնացողը սկզբունքային է, նրա հետևից գնացողների թիվը կշատանա։ Երբ ղարաբաղյան շարժումը եղավ, այն ժամանակ կուսակցություն չկար. ոչ ոք չգիտեր, թե «Ղարաբաղ կոմիտեի» անդամները որքան վարկանիշ ունեն, բայց տեսանք՝ ինչ եղավ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը