Հարցազրույց

24.09.2009 18:06


Ռիմա Վարժապետյան.

Ռիմա Վարժապետյան.

Հարցազրույց Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի հետ

-Որպես ՀՀ–ում բնակվող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ ի՞նչ գնահատական կտաք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին։

-Ես քաղաքական գործիչ չեմ, ես հասարակական գործիչ եմ և կարող եմ միայն իմ քաղաքացիական դիրքորոշումը ներկայացնել առ այն, որ սա վատ գործընթաց չէ։ Կարծում եմ, որ միայն ժողովրդական դիվանագիտության մակարդակով կարելի է այսօր հասնել որևէ մեծ հաջողության՝ Ցեղասպանության ճանաչման և հարաբերությունների հետագա զարգացման առումով։ Սա մեկ։ Երկրորդ՝ քանի որ Իսրայելը լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, կարծում եմ, որ ամենևին էլ վատ չի լինի, որ նույնանման հարաբերություններ ունենա նաև Հայաստանը։

-Այս հարցի կապակցությամբ Հայաստանում հրեական համայնքի տրամադրություններն ինչպիսի՞ն են։

-Տարբեր են կարծիքները։ Ամեն դեպքում, մի որոշ հատված կարծում է, որ սա վատ սկիզբ չէ։

-Հրեական համայնքում այդ տեսակետը գերակշռո՞ւմ է, թե՞ ոչ։

-Մեծամասնությունը մտածում է այնպես, ինչպես ես։ Կարող եմ մի բան ասել՝ գիտեմ, որ Հայաստանից Իսրայել մեկնածները դժգոհ են այդ որոշումից, որովհետև կարծում են, որ անկյունաքարը պետք է Ցեղասպանության ճանաչումը լինի, իսկ հետագա քայլերը կարող են արդեն բարիդրացիական հարաբերությունները լինել։ Այսինքն, միայն ճանաչումից հետո կարելի է սկսել խոսել այդ մասին։ Ինչ վերաբերում է այստեղի համայնքին, շատերը նույնն են կարծում։ Իսկ իմ անձնական կարծիքն այն է, որ 94 տարի է անցել, և ուլտիմատումի միջոցով առ այսօր ոչնչի չեն հասել։ Հնարավոր է, որ այս կոմպլեմենտար դիվանագիտության, ժողովրդական դիվանագիտության ճանապարհով Ցեղասպանության ճանաչման հնարավորությունը դեռ կա։ Երբ կհանդիպեն ժողովուրդները, այստեղ կժամանեն որոշակի քանակի մարդիկ, ովքեր կկարողանան գալ Թուրքիայից, և արդեն այստեղ լսել ժողովրդի տեսակետը, հնարավոր է, որ այդպիսով նրանք սեփական տպավորությունները կձևավորեն։ Իսկ եթե հաջողվի ինչ-որ կերպ նրանց  տանել Հայոց ցեղասպանության թանգարան և ցույց տալ, որ ժողովուրդը չի մոռացել, որ մոռացված չէ ճանաչումը, ապա այդ դեպքում կարելի է ինչ-որ բարձունքների հասնել։

-Ըստ ձեզ՝ մինչև ֆուտբոլային հանդիպումը նախաստորագրված արձանագրությունները կստորագրվե՞ն, և, ընդհանրապես, երկու երկրների խորհրդարանները կվավերացվե՞ն դրանք։

-Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, բայց եթե բոլոր դրույթները կատարվեն, կարծում եմ, որ ամենը կստորագվի։

-Դրանից հետո ժողովրդական դժգոհության ալիք չի՞ բարձրանա։

-Այդ ալիքը միշտ էլ բարձրանում է։ Անկասկած։ Բայց ժողովուրդը մտածում է միայն կոնկրետ այս գործընթացի մասին՝ չմտածելով մեծ քաղաքականության մասին։ Ամեն դեպքում, պետք է կարողանալ ականջալուր լինել ծանրակշիռ քաղաքական գործիչների կարծիքին, պետք է հաշվի նստել մասնագետների կարծիքի հետ։     

-Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարները բազմիցս նշել են, որ սահմանը կբացեն, եթե Հայաստանը Ադրբեջանին վերադարձնի հողերը...

-Ես միշտ էլ այն բանի կողմնակիցն եմ եղել և այդ առումով մեծ խնդիրներ ունեմ Ադրբեջանի հրեական համայքնի հետ, որ Ղարաբաղի ազատագրված տարածքներն իրականում բուն հայկական են, և նվաճողական պատերազմ չի եղել. դա եղել է պատերազմ, որը վերադարձնում է այն, ինչը բուն հայկական է։ Իմ անձնական կարծիքն է, որ Ղարաբաղը միանշանակ պետք է լինի հայկական։ Բայց բանակցությունների սեղանին, ամեն դեպքում, կարելի է լուծել Ադրբեջանին հողերի մասնակի վերդարձի հարցը։ Պետք է ընթանալ բանակցությունների, պայմանավորվածությունների ճանապարհով։

-Այսինքն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորվա՞ծ է արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ։

-Կարծում եմ՝ ոչ։

-Ենթադրվում է, որ մինչ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը մեկնելը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ձեր կարծիքով ԼՂ-ի վերաբերյալ որևէ փաստաթուղթ կստորագրվի՞։

-Կարծում եմ՝ այո։ 

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը