Մեկնաբանություն

26.11.2014 10:40


Ուզում են սայլը դնել ձիուց առաջ

Ուզում են սայլը դնել ձիուց առաջ

Ընդդիմության ընդդիմությունը «փայլուն» գաղափար է հղացել:

«Եռյակի» ձեւավորման փուլում ահագին չարչարվեցին նման ձեւաչափի կայացումը թույլ չտալու համար: Հետո երկար ժամանակ փորձեցին հեգնել ու վարկաբեկել այդ միավորմանը՝ վերջինիս նախաձեռնությունները բոյկոտելու, անտեսելու միջոցով՝ դրանք համարելով անիրատեսական:

Այնուհետեւ, քիթները վեր ցցեցին ու սկսեցին անուն կպցնել 12 պահանջներին:

Դրանից հետո էլ սկսեցին հայտարարել, թե քիչ հավանական են համարում համաժողովրդական շարժման ձեւավորումը: Երկու հանրահավաքներից առաջ էլ խրոխտաբար հայտարարեցին, թե իրենք չեն մասնակցելու դրանց՝ հընթացս հրապարակավ պնդելով, թե «եռյակը» ծրագիր չունի. այնտեղ տարբեր ուժեր են հավաքվել, տարբեր գաղափարախոսություններ ունեցող ուժեր են, եւ, ընդհանրապես, «էս ամեն ինչը սաղ խաղ ա» եւ այլն:

Այսինքն, ամիսներ շարունակ իրենց «իսկական ընդդիմություն» համարելով՝ ընդգծված ձեւով «դիստանցիա» էին պահում «եռյակից»՝ անհամբեր սպասելով, թե երբ է քանդվելու այն:

Մի խոսքով, իշխանություններից ավելի եռանդորեն էին պայքարում «եռյակի» դեմ:

Սակայն հիմա, երբ տեսան, որ ամեն ինչ ըստ ծրագրվածի առաջ է ընթանում, համաժողովրդական շարժումը դարձել է իրականություն, շտաբներն ակտիվորեն ձեւավորվում են, եւ ժողովուրդն էլ իրապես հույսեր է կապում հենց միայն «եռյակի» հետ, ընդդիմության ընդդիմությունը որոշել է «եռյակի» պայքարին «վենա մտնել» կամ, ավելի ճիշտ, ջուր պղտորել։

Պատրաստի շարժումը կա, ի՞նչ է պատահել, ճիշտ ժամանակն է, որ իրենք էլ երեւան ու «եռյակի» ռեսուրսն օգտագործելով՝ իրենց դրսեւորեն որպես իսկական հեղափոխական: Եվ ահա, էվրիկա՜… Ասում են՝ եկեք 44 ստորագրություն հավաքենք ու խորհրդարանում բարձրացնենք Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը:

Կարծես, «եռյակը» չգիտեր իմպիչմենտի հարց բարձրացնելու մասին: Այսինքն, պայքարի այս փուլում ամենաանիրատեսական քայլի մասին: Եվ սպասում էր, որ իրեն հուշեին այն մարդիկ, ովքեր մինչեւ հիմա իրենց պահել են իսկական քաղաքական հակառակորդի պես:

«Եռյակը» ներկայացնող տարբեր գործիչները մեռան ասելով, որ ամեն բան պետք է արվի հերթականությամբ: Նախ՝ շտաբների միջոցով պետք է ավելի մեծ թվով մարդկանց ներգրավել շարժման մեջ, իսկ հետո, երբ կհասունանա իշխանափոխության պահը, այդ ժամանակ էլ ժողովրդի ճնշմամբ կպարտադրվի իշխանափոխություն՝ անցնցում ու անարյուն ճանապարհով:

Բայց հիմա պարզվում է՝ ընդդիմության ընդդիմությունն առաջարկում է սայլը դնել ձիուց առաջ:

Նրա առաջարկն ինքնանպատակ է: Ակնհայտ է նաեւ, թե ինչ է թաքնված դրա տակ:

Չարժե հիմա ենթադրություններ անել, քանի որ շատ շուտով կերեւա, թե ինչ նպատակով են իմպիչմենտի գաղափարը մեյդան գցել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը