Հարցազրույց

26.11.2014 09:55


Վահե Էնֆիաջյան. «Օգտագործելու ենք բոլոր միջոցներն ու հնարավորությունները հաղթանակի հասնելու համար»

Վահե Էնֆիաջյան. «Օգտագործելու ենք բոլոր միջոցներն ու հնարավորությունները հաղթանակի հասնելու համար»

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ

–Ի՞նչ փուլում է գտնվում համաժողովրդական շարժման միասնական գրասենյակների ձևավորման գործընթացը։

–Գործընթացը զարգանում է ինտենսիվորեն: Գրասենյակները նպատակ ունեն համընդհանուր պայքարին ներգրավել հասարակության բոլոր շերտերին՝ անկախ բնակության վայրից: Մենք պատրաստ ենք լսելու բոլոր այն մարդկանց կարծիքներն ու առաջարկները, ովքեր ցանկանում են միանալ համաժողովրդական շարժմանը: Օր օրի մեր շարժումը համալրողների զանգվածն ավելի է մեծանում: Մարդիկ, անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից, համախմբվում են այս ընդհանուր գործի շուրջ, որում մեծ դերակատարում ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ամենօրյա բազմաթիվ զանգերը, այցերն ու նամակները փաստում են, որ այս գործընթացը լայն արձագանք է գտել հասարակության բոլոր շերտերում: Մարդիկ ցանկանում են իրենց լուման ներդնել այս ազգանվեր գործում: Ուրախ եմ, որ հասել ենք նրան, որ յուրաքանչյուր ոք գիտակցում է իր ուժն ու կարևորությունը: Մեր պայքարում այս գործոնն ամենակարևորն է, քանի որ սա անձի պայքար չէ, այլ ազգովի և համախմբված պայքար:

–Մեծ թվով հասարակական կազմակերպություններ են միացել «Ես մեկն եմ համաժողովրդական շարժումից» նախաձեռնությանը։ Առարկայական ինչպիսի՞ տեսք է ստանալու դա։

–Այո, անհատներից բացի՝ համաժողովրդական շարժումն իր շուրջն է համախմբել նաև բազմաթիվ հասարակական կազմակերպությունների: Կարճ ժամանակահատվածում իմ և իմ գործընկերների համախմբման կոչին արձագանքեցին և մեզ միացան բազմաթիվ ՀԿ-ներ:

Մենք ակտիվորեն համագործակցում ենք «եռյակ»-ի՝ ՀԱԿ-ի «Երիտասարդական կոնգրես» և «Ժառանգության» «Հայք» երիտասարդական կառույցների և շարժմանը միացած մի շարք արտախորհրդարանական կուսակցությունների երիտասարդական կառույցների հետ:

Նոյեմբերի 14-ին մենք այս կազմով կազմակերպել էինք կլոր սեղան-քննարկում, որը շատ արդյունավետ անցավ, տեղի ունեցավ առաջարկների և մտքերի փոխանակում: Այսպիսի միջոցառումները շարունակական են լինելու, մենք հետդարձի ճանապարհ չունենք, օգտագործելու ենք բոլոր միջոցներն ու հնարավորությունները հաղթանակի հասնելու համար:

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը