Տնտեսական

24.09.2009 16:26


Բագրատ Ասատրյան. «Իշխանությունների ջղաձիք քայլերից պարզ է, որ հասկացել են և փորձում են նահանջել, բայց նահանջելը շատ ավելի վատ արդյունք է տալու»

Բագրատ Ասատրյան. «Իշխանությունների ջղաձիք քայլերից պարզ է, որ հասկացել են և փորձում են նահանջել, բայց նահանջելը շատ ավելի վատ արդյունք է տալու»

Հայաստանի տնտեսությունում «փողի, կապիտալի փախուստ է» տեղի ունենում, և դա կապված է հայ-թուրքական հարաբերությունների մշուշոտ հեռանկարի ու արցախյան խնդրի կարգավորման գործընթացի հետ։ ՀՀ տնտեսության 2009թ. 8 ամիսների պաշտոնական տվյալները համադրելով՝ այսպիսի եզրակացության է հանգել ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Բագրատ Ասատրյանը։ Այդ ժամանակահատվածում ներմուծումը նվազել է 27%-ով, արտադրությունն  անկում է ապրել12%-ով։ Ու չնայած դրան՝ առևտրի ցուցանիշներն աճել են։ Հանելուկ. այսպես է գնահատում վերոնշյալ երևույթը Բ. Ասատրյանը՝ դրա պատասխանը տալով այսպես.

«Ի՞նչն է վաճառվում այս երկրում։ Պարզ է, որ պահեստներում եղած միջոցները։ Եթե չի բերվում դրսից, եթե չի արտադրվում, ապա պահուստավորված է։ Հաջորդ հարցն եմ տալիս՝ վաճառվում է, այդ փողն ի՞նչ է լինում։ Մտնում է արտարժութային շուկա։ Իսկ դոլարն իրեն միշտ լավ է զգացել արտասահմանում, որովհետև այն իր հայրենիքն է. ինքը գնում է տուն։ Ո՞վ կարող է այդ բանն անել. նախ և առաջ՝ այն մարդիկ, ովքեր մեծ փողեր ունեն, նրանք, ովքեր ներմուծում են, որոնց իշխանությունը տվել է այդ դաշտերը»։

Ամբողջացնելով՝ ստացվում է հետևյալ պատկերը՝ զգուշանալով արտաքին քաղաքական նոր մարտահրավերներից՝ խոշոր գումարներ ունեցողները վաճառում են իրենց պահուստները, վերածում դոլարի, տանում ՀՀ-ի սահմաններից դուրս և տարբեր ճանապարհներով ավելի վստահելի հեռանկար ապահովում դրանց համար։

«Վերջին ամիսների ընթացքում տնեսության վրա ակտիվացավ քաղաքական գործոնների ազդեցությունը։ Նոր իրավիճակ է ստեղծվում, նոր զարգացումներ են լինում, և բնական անհանգստություն է, որ դրանք կարող են բերել և՛ ներքին, և՛ քաղաքական իրավիճակի փոփոխության»,- նշում է տնտեսագետը՝ միաժամանակ, սակայն, հավելելով, որ, օրինակ, հայ-թուրքական սահմանի բացման պարագայում Հայաստանի տնտեսությունն ընդհանուր առմամբ շահելու է, թեև առաջին հետևանքը լինելու է բացասական, ու, առաջին հերթին, տուժելու է գյուղատնտեսությունը։ Բ. Ասատրյանը կարծում է, որ բաց սահմանի տնտեսական շահը ՀՀ-ն զգալու է ոչ շուտ, քան 3 տարի հետո.

«Գլոբալ իմաստով սա՛ է միակ ճանապարհը. սահմանները պետք է բացվեն՝ անգամ գիտակցելով, որ մենք կորուստներ ենք ունենալու»։

Սակայն քաղաքական իմաստով Բ. Ասատրյանը Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները համարում է դիվանագիտական անգրագիտություն և դրսից թելադրված գործընթաց.

«Ես վախենում եմ, որ այս իշխանությունները կրակն են ընկել,- նշում է նա՝ համոզված լինելով, որ ՀՀ որևէ իշխանություն երբեք չի ստորագրի նախապայմաններ պարունակող այդ արձանագրությունները,- իշխանությունների ջղաձիք քայլերից պարզ է, որ հասկացել են և փորձում են նահանջել, բայց նահանջելը շատ ավելի վատ արդյունք է տալու»։

Բ. Ասատրյանը կարծում է, որ ՀՀ իշանությունները գործընթացը «տանում են նրան, որ չստորագրվի», և նա համոզված է, որ, ի վերջո, այդ արձանագրությունները կա՛մ չեն ստորագրվի, կա՛մ չեն վավերացվի։

Արեգնազ Մանուկյան

 

Այս խորագրի վերջին նյութերը