Մեկնաբանություն

26.11.2014 09:20


Պայթած դհոլներից օգուտ չկա

Պայթած դհոլներից օգուտ չկա

Գործազրկության աճի պայմաններում, այնուհանդերձ, Հայաստանի գործող իշխանությունն աշխատատեղեր ստեղծեց։ Ու քիչ թվով չէ։

«Հաճախորդների համալսարանը», ելնելով հայաստանյան իրականությունից, կատարելագործվեց՝ տալով նորանոր շրջանավարտներ։

Մեխանիզմը բավականին պարզ է. մի ինչ–որ շրջան հանդես ես գալիս «թունդ ընդդիմադիրի» դիրքերից՝ կատարելով իշխանության քողարկված պատվերները, այնուհետև, ուզած թե չուզած, բացահայտվում ես ու անցնում բացահայտ գործողությունների։

Բնականաբար, դրա համար վարձատրվում ես։

Հաճախորդներ կային նաև մինչ Սերժ Սարգսյանի իշխանության գալը (բացահայտված հաճախորդները հիմա, առանց բացառության, Սերժ Սարգսյանի թիմակիցներն են)։ Բայց այն, ինչ կատարվեց 2008–ից հետո, իսկապես ապշեցնող է։ Բաղրամյան 26-ից հսկայական գումարներ են ուղղվում՝ պահելու այս «կաստային», որի մեջ մտածները պարտադրված դառնում են իշխանության մահապարտներ։ Հետո կորելու են, դրանում կասկած չկա, բայց նրանց հասցրած վնասը քիչ չէ։ Միայն գաղջ մթնոլորտը բավական է։ Այսինքն, բոլոր առումներով արհամարհանք առաջացնող այս մարդիկ մեր փողերի հաշվին (բա հո սրանց աշխատավարձն իշխանությունները սեփական գրպանի՞ց չեն տալու) աշխատում են իշխանության վերարտադրման համար, հետևաբար՝ պետության դեմ։

Բայց դե, ամեն ինչ իր պիտանիության ժամկետն ունի։ Հաճախորդներն էլ առաջվանը չեն։ Նրանք ոչ միայն պայթեցված են, այլև անիմաստ բեռ են դարձել նույն իշխանության համար։

Ներքաղաքական կյանքում խաղն այլևս բաց է գնում։ Տակից՝ դհոլների բերանով խաղեր տալը չի կարող առաջվա արդյունքները տալ։ Խաղի պայմաններն էլ այլևս չեն թելադրվում Բաղրամյանի 26-ից։ Ուրեմն, դրանց պահելու իմաստը ո՞րն է...

Կրճատե՛ք հաճախորդների անիմաստ աշխատատեղերը։ Հանրօգուտ գործ արած կլինեք։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը