Հարցազրույց

25.09.2009 17:00


Արամ Սարգսյան.

Արամ Սարգսյան.

Հարցազրույց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի հետ

-Որոշ ժամանակ առաջ Դուք ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված մադրիդյան սկզբունքների փոխարեն առաջարկել էիք Ձեր մշակած երևանյան սկզբունքները։ Ի՞նչ արձագանք գտավ այդ առաջարկը, ինչպե՞ս արձագանքեց դրան ՀՀ նախագահը։

-Մենք պաշտոնական որևէ արձագանք չենք ստացել իմ հարցմանը։ Ասել են, որ, հավանաբար, մի քիչ ուշ կլինի արձագաքը։ Այսօրվա իրավիճակն այսպիսին է, բայց մենք, իհարկե, գտնում ենք, որ երբ ավելի առարկայական սկսվեն այդ քննարկումները, մենք կբարձրաձայնենք, որովհետև մադրիդյան սկզբունքները մեզ համար ընդունելի չեն։ Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է դրանք փոխարինել։

-Այսօր ավելի ակտուալ են դարձել հայ-թուրքական նախաստորագրված  արձանագրությունները։ Ինչպե՞ս եք վերաբերում դրան և արդյոք ձեր մտահոգությունները ներկայացրե՞լ եք ՀՀ անխագահին կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

-Արձանագրություններում կան սկզբունքային այնպիսի մոտեցումներ, որոնք ուղղակի իրենց ձևակերպումներով ընդունելի չեն մեզ համար, և այդ դիրքորոշումները մենք ներկայացրեցինք հանդիպման ժամանակ։ Նախագահը միանգամից պատասխան չի տալիս այդպիսի հարցադրումներին։ Այդ ամբողջը երևի կուտակվեց նրա համար, որպեսզի վերլուծվի, և հետո եզրակացություններ արվեն։ Համենայնդեպս, մտահոգությունները հետևյալն են. այդպիսի դիվանագիտությունների հաստատման ընթացքում մեր կարծիքով, անհրաժեշտ է (եթե դա պետք է գնա վավերացման Ազգային ժողով), որ ԱԺ-ն հուշագիր նախապատրաստի՝ առաջիկա պատեհ առիթով ներկայացնելու երկկողմանի քննարկման։ Բայց դրանք չպիտի լինեն նախապայմաններ, որոնք կխանգարեն հարաբերությունների զարգացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։

-Դուք կո՞ղմ եք այս արձանագրությունների վավերացմանը։

-Ես չեմ կարծում, որ  վավերացումն այս տեսքով անհրաժեշտ է։ Ընդհակառակը՝ կարծում եմ, որ  պետք է  հնարավորություն ունենալ նաև որոշակի ձևակերպումներ փոխարինելու, բայց որովհետև խմբագրման հնարավորություն, իրենց ասելով, չկա, մենք դրա համար առաջարկում ենք այդ արձանագրություններին կից ներկայացնել հուշագիր, ուր կնշվի  Ցեղասպանության  գործընթացի միջազգային ճանաչման մասին, այն է՝ Հայաստանը չի հրաժարվում այդ գործընթացից և որոշակի  խնդիրներ, որոնք կապված են Կարսի պայմանագրի  չեզոքացման հետ։ Խոսքը նաև  սահմանների ճշգրտմանն է վերաբերում։ Ընդհանրապես պետք է  նախօրոք նշված լիներ, որ սահմանները դեռ դեմարկացիայի չեն ենթարկվել, ուստի մենք չենք կարող սահմանները ճանաչել, առավել ևս,  որ մենք պատմական խնդիրներ ունենք (խոսքս Հայ դատի պահանջատիրության հետ է կապված), ուստի դրանք, որպես խնդիրներ, հիմնահարցեր, պետք է այդ հուշագրում իրենց տեղը գտնեն։ Դրանց թվում կարող են լինել նաև մեր պատմամշակութային մեծագույն հարստության խնդիրները, որոնք այսօր անտեսված են ընդհանրապես։ Հուշագրի կարևորությունը, մեր կարծիքով, ուղղակի անհրաժեշտություն է։

-Իսկ ինչպիսի՞ մթնոլորտ էր տիրում ՀՀ նախագահի՝ կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Տրամադրություններն ինչպիսի՞ն էին։

-Բացարձակ գործարար տրամադրություն էր։ Այսինքն, որևէ լարվածություն չկար։ Ազատ, անկաշկանդ մթնոլորտ էր, և բոլորը հնարավորություն ունեին իրենց դիրքորոշումը ներկայացնելու։ Դրանով շատ են կարևորվում այսպիսի հանդիպումները ՀՀ նախագահի հետ։

-Իսկ ինչպիսի՞ն էին մյուս կուսակցությունների դիրքորոշումները։

-Համենայնդեպս, ոչ մեկը դեմ չէ, որ  հարաբերություններն անհրաժեշտ է զարգացնել, բայց պայմանների և համապատասխան հանգամանքների հետ կապված, իհարկե, բավականին լուրջ մտահոգություններ կան։ Այնտեղ կա ձևակերպում, օրինակ, երկկողմանի պարտավորությունների մասին. առ այսօր Հայաստանը և Թուրքիան միմյանց նկատմամբ պարտավորություններ չեն ունեցել, ուստի այդպիսի շեշտադրումը բերում է նրան, որ թյուրիմացություն է առաջանալու առաջիկայում, թե իբր Հայաստանը պարտավորություն ունի ճանաչելու Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը և այլն, և այլն։ Այդ ձևակերպումը մեզ համար ընդունելի է։ Ինչ վերաբերում է մյուս խնդիրներին (տնտեսական կամ պատմամշակութային) կամ  դեմոգրաֆիական հարցերին, ապա մենք գտնում ենք, որ ճիշտ էին առաջարկությունները՝ օրենսդրորեն պաշտպանել հնարավոր նեգատիվ երևույթներից, բայց  մենք օրենսդրորեն դրան դեռ պատրաստ չենք, ուստի բավական մեծ ծավալի աշխատանք կա։ Մի խնդիր էլ կա, որին պետք է անպայման ուշադրություն դարձնել, որը թուրքական կողմը չի հոգնում ամեն անգամ կրկնելուց, թե երբեք որևէ քայլ չի կատարի այս ուղղությամբ, մինչև որ ղարաբաղյան  հակամարտությունը չլուծվի։ Մենք գտնում ենք, որ այս խնդիրը որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ հայ-թուրքական հարբերությունների հետ, և ես ուրախ եմ, որ հանրապետության նախագահն  իր այդ դիրքորոշումը հայտնել է ռուսական «Вести» հաղորդմանը տված հարցազրույցում։

-Միտում կա, որ, այնուամենայնիվ, կվավերացվեն այս արձանագրությունները։ Ի՞նչ քայլեր կձեռնարկեք դա կանխելու համար։

-Եթե մենք տեսնենք, որ արձանագրությունները վավերացվում են՝ առանց մեր առաջարկությունները հաշվի առնելու, կոնկրետ առանց հուշագիրը կազմելու, ապա մեր բողոքի ձայնն ենք բարձրացնելու այն քաղաքական ուժերի հետ, ովքեր համամիտ են մեզ հետ. միասնաբար քայլեր կձեռնարկենք։ Դա արդեն ժամանակի հետ է կապված. ես նախօրոք չեմ կարող ասել, թե որ քայլերը կլինեն։ Համենայնդեպս, մենք այս տարբերակին կտրուկ համաձայն չենք։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը