Մեկնաբանություն

25.11.2014 12:45


Բարի գալուստ, «ստագֆլյացիա՛»

Բարի գալուստ, «ստագֆլյացիա՛»

Վերջին օրերին ՀՀ դրամը թուլանում է դոլարի նկատմամբ։

Որքան էլ Կենտրոնական բանկը փորձեց դոլարային արտանետումներով կայունացնել դրամի փոխարժեքը (մոտ 60 միլիոն դոլար մեկ շաբաթվա ընթացքում ԿԲ–ն պահուստային ֆոնդից մտցրեց շուկա), միևնույն է, չկարողացավ։

Այս պահի դրությամբ մեկ դոլարի առք ու վաճառքի գինը տատանվում է 431-437 դրամի սահմաններում։ Այսինքն, մեկ շաբաթվա ընթացքում դրամը թուլացել է դոլարի նկատմամբ մոտ 6 տոկոսով։

Թեև ԿԲ–ից հավաստիացնում են, թե դրամի թուլացումը կխթանի մեր արտահանման ոլորտը, բայց դա ավելի շատ բարի ցանկությունների ոլորտից է և ստանդարտ նախադասություն։

Ի դեպ, ԿԲ–ի գլխավոր ու գրեթե միակ ֆունկցիան գների կայունության ապահովումն է, այլ ոչ թե արտահանման մասին մտածելը։ Արտահանման խթանումը համալիր ֆունկցիա է, որը Կառավարության և ԱԺ–ի հետ համատեղ է իրականացվում։ Արտահանումը խթանվում է ոչ միայն ու ոչ այնքան փոխարժեքային, որքան հարկաբյուջետային քաղաքականության շնորհիվ։ Պետք է նախ հիմքեր ստեղծվեն, արտահանելու բան ունենաս, ապա նոր միայն ԿԲ գործիքներով փորձ արվի խթանել արտահանումը։ Ինչևէ։

Եթե Հայաստանում գործեր նորմալ տնտեսական օրենսդրություն, և մենք ունենայինք պետության կողմից տեռորի չենթարկված բիզնես դաշտ, ապա, այո, միջնաժամկետում ու երկարաժամկետում մեր երկիրը կարող էր շահել դրամի հարաբերական թուլացումից՝ ներմուծման փոխարինում կազմակերպելով և արտահանումը մեծացնելով։ Բայց վերջին վեց տարվա ընթացքում Սերժ և Տիգրան Սարգսյաններն այնպիսի տնտեսական քաղաքականություն են իրականացրել և այնպիսի «բարեշրջումներ» բերել բիզնեսի գլխին, որ դրամի փոխարժեքի թուլացումը հայաստանցիների վրա ազդելու է առավելապես ինֆլյացիայի տեսքով։ Իսկ եթե դրան ավելացնենք նաև գործազրկության շարունակական աճը, ապա մենք գործ ենք ունենալու տնտեսագիտությունից հայտնի ստագֆլյացիա երևույթի հետ, այն է՝ գործազրկության և ինֆլյացիայի համաժամանակյա աճ, որն ուղեկցվում է արտադրության անկմամբ։

ՀՀԿ ղեկավարի խոստացած «Ապահով Հայաստանում» այլ բան չէր էլ կարող լինել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը