Մեկնաբանություն

24.11.2014 18:20


Քաղաքական կապիտալի մսխումն ու դրա հետևանքները

Քաղաքական կապիտալի մսխումն ու դրա հետևանքները

Հայաստանում որոշակի իմաստով թյուր պատկերացում կա քաղաքականության վերաբերյալ: Շատերը կարծում են, որ հնարավոր է անվերջ խաբել կամ անպատասխանատու վարքագիծ դրսևորել, և միաժամանակ մշտապես հաջողություններ ունենալ: Իրականում փորձը ցույց է տալիս, որ ստի կամ կեղծիքի միջոցով միայն կարճաժամկետ հաջողություններն են հավանական, մինչդեռ երկարաժամկետի դեպքում, որպես կանոն, հակառակ արդյունք է գրանցվում:

«Եռյակի» ճնշումներից հետո Սերժ Սարգսյանը հանդես եկավ 12 կետերի շուրջ «երկխոսության» առաջարկով: Սակայն «եռյակը», հաշվի առնելով Սարգսյանի անցյալն ու նրա հետ երկխոսության փորձերը, մերժեց այն՝ հասկացնելով, որ ժամավաճառությամբ ու անպտուղ զրույցներով չի ուզում զբաղվել, և եթե իշխանությունները ցանկանում են լուծել հանրությանը հուզող խնդիրները, ապա թող լուծեն:

Փաստացի, Սարգսյանը ժամանակին երկխոսության ընթացքում չդրսևորեց իրեն որպես վստահելի գործընկեր, և այժմ բոլորը հաշվի են առնում այդ հանգամանքն ու մերժում երկխոսության նրա առաջարկները:

Ի դեպ, Սարգսյանի անպատասխանատվությունը միայն ներքաղաքական հարցերով չի սահմանափակվում:

Ինչպես հիշում ենք, 3,5 տարի ասոցացման պայմանագրի շուրջ ԵՄ-ի հետ բանակցելուց հետո Սարգսյանը որոշեց միանալ Մաքսային միությանը: Այս ամենից երևում է Սարգսյանի՝ որպես քաղաքական գործչի որակը, ըստ որի էլ մարդիկ արձագանքում են նրա առաջարկներին:

Սերժ Սարգսյանը միակը չէ, ով խեղաթյուրված պատկերացում ունի քաղաքականության մասին: Մեր քաղաքական դաշտում կան էլի գործիչներ, ովքեր մի դեմքով են հանդես եկել, հետո կտրուկ փոխել դեմքերն, ու հայտնվել լրիվ այլ տեղ։

Արտաշես Գեղամյանը, Արշակ Սադոյանը և մյուսները սկզբում ունեին հանրային աջակցություն և քաղաքական կապիտալ, սակայն հետագայում զրոյացրին այդ կապիտալը: Նրանք փորձեցին հանրային աջակցության միջոցով ստեղծված քաղաքական կապիտալի փոխարեն այլ տեսակի կապիտալ յուրացնել՝ պաշտոնի կամ այլ նյութական ռեսուրսի տեսքով, բայց արդյունքում զրկվեցին հանրային աջակցությունից և վարկաբեկվեցին: Իսկ ովքե՞ր են նրանք այսօր՝ մարգինալ գործիչներ, որոնց խոսքը որևէ արժեք չունի:

Փաստն այն է, որ քաղաքական դաշտում խաբեությունը կամ անպատասխանատու վարքագիծը հողին են հավասարեցնում տվյալ քաղաքական գործչի համբավը: Անհիմն են այն պատկերացումներն ու հույսերը, թե հնարավոր է խաբեությամբ քաղաքական դաշտում երկար կյանք ունենալ:

Նկատենք, որ ֆունկցիոնալ առումով Սերժ Սարգսյանը շատ քիչ է տարբերվում Արտաշես Գեղամյանից ու քաղաքական կապիտալը մսխած մյուս գործիչներից։ Տարբերությունն այն է, որ գեղամյաններն ի սկզբանե որոշակի քաղաքական կապիտալ ունեցել են, իսկ ահա ՀՀԿ ղեկավարը դա էլ չի ունեցել ու դեռ մի բան էլ խորացրել է քաղաքական լեգիտիմության խնդիրները։

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը