Հարցազրույց

24.11.2014 15:11


ՀՀ նախագահի աշխ. ղեկավարի տեղակալ.«Կուլիսների հետևում շատ են լինում սպեկուլյացիաները»

ՀՀ նախագահի աշխ. ղեկավարի տեղակալ.«Կուլիսների հետևում շատ են լինում սպեկուլյացիաները»

Հարցազրույց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանի հետ

–ՀՀ ԱԺ–ում ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վերաբերյալ լսումներ էին կազմակերպվել։ Սակայն որքանո՞վ են այդ լսումներն արդյունավետ և իմաստավորված. Սերժ Սարգսյանը մեկ գիշերվա մեջ իր միանձնյա որոշումը վաղուց կայացրել է։

–Դա ձե՛ր ձևակերպումն է՝ մեկ գիշերվա մեջ, որը ես չեմ կիսում, անկեղծ ասած։ Իրականում մենք 2 տարի վերլուծական աշխատանք ենք կատարել։ 2 տարի մենք ինչո՞վ էինք զբաղված։ Վերլուծական աշխատանք ենք տարել, որպեսզի գնահատենք՝ արդյոք մեզ համար նպատակահարմա՞ր է, որպեսզի միջնաժամկետում մեր տնտեսությունը կայունացնենք։ Կայուն տնտեսական աճ ունե՞նք, և մտնենք ԵՏՄ, թե՞ ԵՄ։ Այսինքն, այն, որ որոշումը կայացվել է մեկ գիշերվա մեջ, ես չեմ ընդունում։

–Այսինքն, որ 4 տարի բանակցում էիք ԵՄ–ին միանալու համար, դրան զուգահեռ՝ 2 տարի էլ բանակցել եք ԵՏՄ–ին միանալու համա՞ր։

–Իհա՛րկե։ Նույնիսկ եթե մենք հիմա մտնում ենք ԵՏՄ, չի նշանակում, որ մեր օրակարգում ամբողջությամբ մարվում են բոլոր տեսակի հարցերը ԵՄ–ի մասով։ Կարևոր է, որ բոլորը գիտակցեն՝ սա տնտեսակա՛ն ինտեգրում է, բայց տնտեսական ինտեգրումից բացի՝ դու պետք է անես ռեֆորմներ ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների և այլնի առումներով, որոնք մենք զուգահեռաբար անում ենք։ Եվ դա է նաև ԵՏՄ մեր գործընկերների ընկալումը, որ Եվրոպան մեզ համար մնալու է կարևոր գործընկեր՝ մեր բարեփոխումների հիմնական օրակարգն առաջ տանելու։

–Իսկ խորհրդարանական լսումների ձևականության մասի՞ն ինչ կասեք։

–Լսումները կարևոր նպատակ ունեն, քանի որ երբ լսումներ չես իրականացնում, կուլիսների հետևում շատ են լինում սպեկուլյացիաները։ Մեր հիմնական նպատակն է, որ և՛ ազգաբնակչության համար, և՛ մեր պատգամավորների, ովքեր վաղը, մյուս օրը պետք է որոշեն՝ քվեարկեն դեմ, թե կողմ, հարթակ ստեղծենք, որ այն մարդիկ, ովքեր ժամանակի ընթացքում աշխատել են, բոլոր տեխնիկական հարցերին տիրապետում են, այդ տեխնիկական հարցերը տեղափոխենք դեպի հանրություն, որպեսզի հանրությունն ինքը ևս իմանա՝ արդյոք դա դրակա՞ն է։ Որովհետև եթե ինչ–որ մի «պանդորայի արկղ» է, և ոչ ոք չի խոսում դրա մասին, բնականաբար, սպեկուլյացիաները բազմաթիվ են լինում։

–Օրինա՞կ՝ ի՞նչ սպեկուլյացիաների մասին է խոսքը։

–Մի մասը կասի, որ շատ դրական է, մի մասը կասի՝ բացասական է։ Կամ այն, որ ասում են՝ մեկ գիշերվա մեջ որոշում կայացվեց։ Ես հասկանում եմ. մարդիկ այդպես են ասում, որովհետև իրենց համար ընկալելի չի եղել, և երևի թե մենք էլ ավելի հաճախ պետք է խոսեինք այդ մասին, որ զուգահեռաբար այդ տնտեսական վերլուծությունը երկու ուղղությամբ էլ կատարում էինք։

–Չնայած ձեր այդ վերլուծություններին՝ ԵՏՄ–ում Հայաստանի հեռանկարն անորոշ չի՞ մնացել։

–Ամբողջ աշխարհում ինտեգրման երկու մոդել էլ կա։ Շատ մարդիկ ասում են, որ մենք պետք է գնանք ԵՄ, որպեսզի կարողանանք կայուն աճ ունենալ։ Կա տնտեսական ինտեգրման այն մոդելը, երբ փոքր երկրները կպնում են զարգացած երկրների պոչին և կարողանում են զարգացումն առաջ տանել։ Երկրորդ մոդելն այն է, որ նույն քաշային կատեգորիայի զարգացող երկրները միավորում են ջանքերը։ Դա կա և՛ Ասիական, և՛ Լատինական Ամերիկայի տարածաշրջանում։ Ճապոնացի գիտնականի մոտ մի լավ վերլուծություն կա, կոչվում է «Թռչող սագերի պարադիգմ»։ Իմաստն այն է, որ ամեն մի երկիր քանի որ զարգացող է, ինչ–որ մի ոլորտում ունի առավելություն, և կարողանում են ճիշտ դասավորվածությամբ ամբողջ գլոբալ շուկայում ավելի մրցունակ մնալ։

–Հիմա Հայաստանը Ռուսաստանին ի՞նչ ունի տալու։

–Օրինակ՝ ծառայությունների ու բիզնես միջավայրի ոլորտում մենք ավելի առաջընթաց ունենք, քան Ռուսաստանը, Բելառուսը կամ Ղազախտանը։ Իհարկե, նրանք մեր գործընկերներն են, բայց ես սա ասում եմ բիզնեսի տեսանկյունից։ Հնարավոր է, որ, ենթադրենք, բիզնեսի համար շահեկան լինի ստեղծել բիզնես ՀՀ–ում, որովհետև այստեղ հարաբերականորեն ավելի ազատական տնտեսություն է. գործարարությամբ զբաղվելու ցուցիչներով մենք շատ ավելի լավ վիճակում ենք։ Եվ կա ծառայությունների սահմանափակության ինդեքս, որը Համաշխարհային բանկն է գնահատում, և այդտեղ մենք ամենաթույլ սահմանափակված երկիրն ենք։ Այդ դեպքում տնտեսվարողի համար միգուցե ավելի նպատակահարմար կլինի ներդրում կատարել, այստե՛ղ բիզնես հիմնել, և մնացած իր գործառույթները ԵՏՄ ամբողջ տարածքում իրականացնել։ Սա է ամբողջ իմաստը, որ մենք կարծում ենք՝ Հայաստանը շահեկան դուրս կգա այդ իրավիճակից։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը