Մեկնաբանություն

24.11.2014 13:50


Ժողովրդի և Սերժ Սարգսյանի պատկերացումների հակադրությունը

Ժողովրդի և Սերժ Սարգսյանի պատկերացումների հակադրությունը

Գալուստ Սահակյանն արդեն երկրորդ անգամ է նույն բանը պնդում՝ ասելով՝ քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել, մենք իշխանությունից չեն հեռանալու:

Այսինքն, իշխանությունը պահելու են այնքան ժամանակ, մինչեւ լուծվի Ղարաբաղի հարցը:

«Ժողովուրդ», «Սահմանադրություն», «ընտրություններ» հասկացություններն այս դեպքում զրո են, քանի որ գործող իշխանությունն ի՛նքն է որոշում, թե որքան է մնալու իշխանության, եւ երբ է հեռանալու իշխանությունից:

Եվ այդ մասին հայտարարում է օրենսդիր մարմինը ղեկավարող անձը:

Բնականաբար, սա ոչ միայն Գալուստ Սահակյանի, այլ Հանրապետական կուսակցության եւ նրա առաջնորդի մտայնությունն է: Իշխանության ընդհանուր մտայնությունն է, ինչը ՀՀԿ փոխնախագահը փոխանցում է հանրությանը:

Նույն այդ իշխանությունը եթե պահը գալիս է, ապա վստահ հայտարարում է, թե Ղարաբաղի հարցը լուծված է, Լեռնային Ղարաբաղը կայացած, անկախ պետություն է, եւ այլն: Իսկ երբ լրագրողները հետաքրքրվում են, թե երբ են հեռանալու, Գալուստ Սահակյանն ասում է, որ կհեռանան միայն այն ժամանակ, երբ լուծվի Ղարաբաղի հարցը:

Երկրի զարգացման մասին խոսք չկա, ինչը կարագացներ Ղարաբաղի հարցի լուծումը: Քանի որ ամենաանտարբեր մարդուն էլ (եթե կան այդպիսիք) հայտնի է, որ միայն ուժեղ, զարգացած, հզոր Հայաստանի դեպքում է հնարավոր ԼՂ խնդրի հայանպաստ լուծում, այն է՝ միջազգային ճանաչում:

Խոսքն ընդամենը իշխանությունը պահելու մասին է: Իսկ թե ինչ է արժենալու իշխանությունը էլի մի տասը տարի պահելը Հայաստանի, Ղարաբաղի, ողջ հայության համար, սարսափելի է անգամ պատկերացնելը: Այսինքն, պատկերացնելու բան էլ չկա, քանի որ արդեն գործող իշխանությունը երկիրն ու ժողովուրդը մատնել է անտերության, քարուքանդ արել բոլոր բնագավառները, դատարկել է հայրենիքը, իսկ մնացած ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը հասցրել է թշվառության շեմին:

Անշուշտ, չարժե լրջորեն քննարկել Գալուստ Սահակյանի հայտարարությունը, բայց երբ տեսնում ես, որ դա ընդհանուր մտայնություն է, ավելին՝ ակնհայտ է Սերժ Սարգսյանի՝ ցմահ իշխելու տենչը (սահմանադրական փոփոխությունները դրա ապացույցն են), չենք կարող անլուրջ վերաբերվել այդ պնդումներին:

Մանավանդ, երբ Հայաստանում տիրող այս ծայրահեղ վիճակը լիովին գոհացնում է Ալիեւին, որը բացահայտ հայտարարում է, թե՝ որքան երկար մնա Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում, այնքան լավ իրենց համար:

Կիմա Եղիազարյան

Հ.Գ.։ Ի դեպ, Սերժ Սարգսյանը հայտարարում է. «Մեր պատկերացումներով՝ Ղարաբաղը Հայաստանի մաս չէ»:

Փաստորեն, այս իշխանություններն այդպես են պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը։

Ժողովրդի պատկերացումներում էլ այս իշխանությունն իր հետ կապ չունի։ Այնպես որ, հանգուցալուծում է պետք։

Այս խորագրի վերջին նյութերը