Մեկնաբանություն

24.11.2014 11:30


Մեր փողոցում էլ տոն կլինի

Մեր փողոցում էլ տոն կլինի

Մեկ ամսից ամփոփելու ենք 2014–ը։ Ոչ մի լավ բան։ Արտագաղթը շարունակում է պահպանել իր վտանգավոր տեմպերը, արտաքին պարտքը մեծացավ, գործազրկությանը զուգահեռ՝ ավելացավ աղքատների թիվը, արձանագրվեց արտաքին ներդրումների կտրուկ անկում, առաջ եկան շահութահարկի, հղիների, հազար ու մի այլ խնդիրներ...

Արտաքին ոլորտում ևս էական ոչ մի ձեռքբերում, ավելին՝ ձախողված «ֆուտբոլային դիվանագիտության» վտանգավոր հետևանքների ֆոնին, «և՛, և՛»-ի շրջանակում, Հայաստանը 1 օրում ու անորոշ ապագայով հայտնվեց ԵՏՄ–ում։
Չնայած արժանի, դեռ մի բան էլ ավելի հակահարվածներին՝ Ադրբեջանը գնալով լկտիանում է։

ԵԽԽՎ–ն ընդունեց բանաձև, որով Արցախն առաջին անգամ սահմանվեց «գրավյալ տարածք»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հատկապես՝ ամերիկացի Ուորլիքը, հանդես եկան հայկական շահերին բացահայտ հարվածող հայտարարություններով...

Մի խոսքով, լավ բան անցնող տարում չտեսանք։ Մեկ բացառությամբ՝ գործող իշխանությանը վերջապես հակադրվեց իրականում լուրջ և ուժեղ բևեռ։ Եվ ամենակարևորը՝ հանրությունը զգաց, որ ունի հզոր գործընկեր, որը հաշվարկված քայլերով է առաջ շարժվում։

Բազմիցս ասվել է, որ Հայաստանում նման իրավիճակ չի եղել։ Թափ է հավաքում նոր շարժում, որը պայմանավորված չէ հետընտրական գործընթացներով։ Ավելին՝ ինքն է սկսել ձևավորել քաղաքական օրակարգը՝ Սերժ Սարգսյանին պարտադրելով գնալ զիջումների և գեներացնելով նախընտրական մթնոլորտ։ Սա իրական ձեռքբերում է Հայաստանի համար, որը պետք է հասցվի իր տրամաբանական ավարտին։ Հակառակ դեպքում գալիք յուրաքանչյուր տարի ամփոփելու ենք ավելի քիչ բնակչությամբ ու ավելի շատ խնդիրներով։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը