Մեկնաբանություն

23.11.2014 13:10


«Միայնակ ամուսնանալու» պատմական փուլը

«Միայնակ ամուսնանալու» պատմական փուլը

Ինչպես հայտնի է, իշխանությունը ծանր տարավ «եռյակի» որոշումը՝ երկխոսությունը բացառելու մասին: Այնքան ծանր տարավ, որ նորից սկսեց «վերադաստիարակչական» տոնով հայտարարել, թե՝ ոչ իշխանական ուժերը չպետք է «ուլիտիմատումային» ոճով խոսեն իրենց հետ:

Իսկ «եռյակի» առաջադրած նախապայմանը վերաբերում էր 12 կետերից մեկին՝ 100–տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու պահանջին:

Թվում է, թե Սերժ Սարգսյանն այդ թեմայով ոչ մի տեսակետ չի հայտնել, ու իշխանությունն այնպես է ներկայացնում 100–տոկոսանոց համամասնականին վերաբերող հարցը (ասում են՝ սկսենք առաջին կետից, հետո կամաց-կամաց կհասնենք 10-րդ կետին, կամ էլ՝ դրան կանդրադառնանք սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկման փուլում), կարծես իրենք էլ տեղյակ չեն իրենց առաջնորդի կարծիքից:

Իրականում շատ լավ էլ տեղյակ են եւ այդ պատճառով էլ «ուլտիմատումային» են որակում «եռյակի» այդ պահանջը:

Դեռեւս 2013-ի մարտին, հանդիպելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին (հայտնի ինքնաասուլիսի ժամանակ), Սերժ Սարգսյանն անդրադարձել է նշված հարցին եւ նշել է հետեւյալը. «Օրինակ՝ ձեր կարծիքով ինչո՞ւ են ասում, որ պետք է մեծամասնականը վերացնել: Պարզ է, չէ՞, որ դա զուտ կուսակցական շահից է: Դրա մասին խոսում են այն կուսակցականները, որոնց անդամները չեն կարողանում մեծամասնականում հաղթել, և տևական ժամանակ երևի չեն կարողանալու, որովհետև միայն անհատի մասին չէ խոսքը. այստեղ նաև կուսակցության հեղինակության մասին է խոսքը: Եթե կուսակցությունը 6 տոկոս, 7 տոկոս է ստանում, իր հեղինակությունը փրկելու համար երկու բան պետք է անի՝ ցավոք սրտի, վարկաբեկի ընտրությունները և խոսի միայն համամասնականի մասով: Հակառակ պարագայում ո՞նց կարող են ընտրությունները լավը լինել, ու հանկարծ այդ կուսակցությունը ստանա 6 տոկոս: Արդյոք դա կուսակցությանը պատի՞վ է բերում: Նրանք թքած ունեն երկրի պատվի վրա, նրանք թքած ունեն, թե միջազգային հարթակներում մեր երկրին ինչ գնահատական կտան, միայն թե իրենց այդ կեղծ հեղինակությունը փրկեն: Այնպես որ, մենք պատրաստ ենք այդ ամբողջ քննարկմանը: Խնդրեմ: Բայց այս գլխից պայմաննե՞ր դնել, ինչի՞ համար»:

Այսպես, ՀՀԿ առաջնորդը դեռ այն ժամանակ է հայտնել իր տեսակետը, եւ դժվար է հավատալ, որ հիմա այդ խնդրի վերաբերյալ նա հնարավոր է՝ փոխած լինի իր կարծիքը:

Սերժ Սարգսյանը միայն արտաքին քաղաքականության մեջ է պարբերաբար փոխում իր տեսակետներն ու որոշումները, իսկ ահա ներքին քաղաքականության հարցերում մնում է անդրդվելի՝ վնաս հասցնելով քաղաքական, ընտրական համակարգերին, ժողովրդին:

Սարգսյանն այնպիսի վստահությամբ է խոսում է 5-6 տոկոս ձայն ստացած կուսակցությունների մասին, ասես իշխող ուժն արդարացի մրցապայքարում է «հաղթում»: Եթե 5-6–տոկոսանոց ուժերը փող ու լծակներ չունեն ու չեն կարողանում տոկոս «խփել», առավել եւս՝ նրանց մեծամասնական թեկնածուները չեն կարողանում հաղթել, ուրեմն չարժե անցնել 100–տոկոսանոց համամասնական ընտրակարգի:

Այդ ամենեին կարողանում է հասնել միայն ՀՀԿ-ն, ուրեմն՝ մեծամասնական տեղերը պետք է պահպանվեն:

Այս տրամաբանությամբ է առաջնորդվում Սերժ Սարգսյանը:

Նման տրամաբանության դեմ ոչինչ անել հնարավոր չէ, բացի երկխոսությունից հրաժարվելը, ինչն էլ արեց «եռյակը»՝ իր այդ որոշմամբ Սերժ Սարգսյանին թողնելով միայն մենախոսոսությունը:

Ի դեպ, այդ մասին էլ ՀՀԿ առաջնորդն անցյալ տարվա «ինքնաասուլիսի» ժամանակ արտահայտվել է՝ նկատելով. «Երկխոսությունը չի կարող միայնակ իրականացվել: Կան բաներ, որ մարդը միայնակ չի կարող անել: Չի կարելի միայնակ ամուսնանալ: Անհնար է: Չի կարելի միայնակ երկխոսել. դա մենախոսություն է»:

Դե, հիմա էլ իշխանությունը թող շարունակի «միայնակ ամուսնանալ», մինչեւ կհասնի սահմանադրական փոփոխությունները կասեցնելու պահը:

Ինչի ուղղությամբ պայքարում է «եռյակը»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը