Լրահոս

24.09.2009 09:38


Մհեր Շահգելդյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին

ՀՀ -ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության գրասենյակի խնդրանքով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը սեպտեմբերի 23-ին հյուրընկալեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերգին և գրասենյակի մի շարք աշխատակիցների: Շնորհավորելով Կոնստանտին Օբոլենսկուն՝ ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության գրասենյակի ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, պարոն Շահգելդյանը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի ոչ միայն երկու երկրների հետագա խորացմանն ու հարաբերությունների  ամրապնդմանը, այլև հնարավորություն կընձեռի առավել ինտենսիվ աշխատանքների իրականացմանը: Քննարկելով հումանիտար զարգացման ծրագրին առնչվող մի շարք հիմնախնդիրներ, նշվեց, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև  կնքված համաձայնագրերն ու ծրագրերը թևակոխում են  զարգացման որակապես նոր փուլ: Կարևորագույն ուղղություններից մասնավորապես նշվեցին՝ Աղետների բժշկության համակարգի ձևավորմանն ուղղված համագործակցությունը, Ճգնաժամային կառավարման ոլորտում ԻՆՍԱՐԱԳ ծրագրի շրջանակներում կազմակերպված բարձրակարգ մասնագետների վերապատրաստումը և այլն: Գրասենյակի փոխտնօրեն Էռնեստո Մորոսին, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հետևանքների նվազեցման և արագ արձագանքման ոլորտում, Հարավային Կովկասում  համագործակցությունը Հայաստանի հետ գնահատեց առավել արդյունավետ՝ դիտարկելով այն որպես լավագույն փորձ այլ երկրներին փոխանցելու համար: Կարևորվեց նաև Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրության փաստը, մասնավորապես Շվեյցարիայի համադաշնության միջնորդավորված դերը այս գործում: Խոսվեց նաև տարածաշրջանային համագործակցության հնարավոր հիմնախնդիրների մասին, ուր մատնանշվեց, որ արտակարգ իրավիճակները սահմաններ և ազգություններ չեն ճանաչում:

                                                             ԱԻՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը