Հարցազրույց

19.11.2014 15:38


Արամ Հարությունյան. «12 կետերի հետևում մեկ կետ կա՝ իշխանափոխություն»

Արամ Հարությունյան. «12 կետերի հետևում մեկ կետ կա՝ իշխանափոխություն»

Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ

«Եռյակը» հայտարարել է, որ չի պատրաստվում մտնել երկխոսության մեջ իշխանությունների հետ 12 կետերի շուրջ, սակայն իշխանական քարոզչամեքենան շարունակում է այն քարոզը, թե նման գործընթաց առկա է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս երևույթը։

–Սերժ Սարգսյանն առջևում ունենալով այն վտանգը, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջը կարող էր վերածվել իր իսկ հրաժարականի պահանջին, հանեց Տիգրան Սարգսյանին։ Հետո եկավ առաջին հանրահավաքը, սահմանադրական բարեփոխումները հետաձգեցին, հետո առաջարկեց, որ Կառավարությունն այդ 12 կետերը քննարկի։ Այսինքն, նահանջ էր երգով։ Բայց մենք կրկնում ենք, որ անկեղծ մտահոգություն չկա, և նրանք փորձում են ժամանակ շահել, և կարծես թե ապակողմնորոշել հասարակությանը, որ ոչիշխանական ուժերն ու իշխանությունը երկխոսում են։ Ոչիշխանական ուժերը՝ հանձինս «եռյակի», հայտարարել են, որ գնում են իշխանափոխության, և քննարկում կարող է լինել միայն իշխանափոխության «ճանապարհային քարտեզի» շուրջ։
Բնական է, որ այդ կետերը «եռյակն» իր տնից չի վերցրել. դա այն է, ինչ մտահոգում է ժողովրդին։ Եթե իշխանությունները փորձում են ինչ–որ բան անել ժողովրդի համար, դա առանց «եռյակի» հետ երկխոսելու էլ կարող են անել, և պարտավոր են անել։ Կարծում եմ՝ «եռյակը» շատ ճիշտ է վարվում։ Այսինքն, դա նպատակ ունի իշխանությունների կողմից ժամանակ շահել և ապակողմնորոշել ժողովրդին։ Այնպես որ, եթե իշխանություններն էլ փորձում են ինչ–որ քայլեր անել, թե տեսեք՝ «եռյակը» չի համաձայնվում, կամ չգիտեմ՝ ինչ։ Իրականում խնդիրն այն է, որ «եռյակը» պետք է սկզբունքային լինի, և այն խնդիրները, որ դրել են, լուծեն։ Հիմնական խնդիրն իշխանափոխությունն է, անցնցում իշխանափոխությունը, որը հնարավորություն կտա, որ Հայաստանը դուրս գա այս իրավիճակից։ Երբեք Հայաստանում իրավիճակն այսքան վատ չի եղել։ Իշխանությունները ձախողել են բոլո՛ր ոլորտներում՝ և՛ դրսում, և՛ ներսում։ Միակ լուծումն իշխանությունը վերադարձնելն է ժողովրդին, որն էլ կձևավորի ապագա իշխանությունը։

–Իշխանության որոշ ներկայացուցիչներ հարցադրում են՝ եթե «եռյակի» համար այդքան սկզբունքային էր 100% համամասնականը, ինչո՞ւ առաջին տեղում չէին դրել։ Ինչպե՞ս հասկանալ սա։

–Առաջին կետ, երկրորդ կետ... Ասենք՝ դա ի՞նչ կարևոր է։ Այն հարցերը, որոնք անմիջապես ժողովրդի գրպանին են կպնում, առաջ են բերված։ Քաղաքական առաջին հարցն է՝ վերացնել մեծամասնական համակարգը, որը ծառայում է իշխանությունների վերարտադրությանը։ Իշխանությունները շատ ցավոտ են տանում, որ փորձում ենք՝ որքան հնարավոր է՝ չհանձնվել, կամ ուշ հանձնվել։ Եթե նրանք ուզում են անցնել պառլամենտական համակարգին, առաջինն իրենք պետք է ասեն, որ անցնենք համամասնական ընտրակարգին, բայց, ինչպես տեսնում ենք, այդ ձևին անցնելու նպատակը բարի չի, քանի որ իշխանությունները փորձում են վերարտադրության խնդիր լուծել։
Մեծամասնականի տարբերակով, ասենք, Սամվել Ալեքսանյանն էլ և ուրիշներն էլ կարող են ընտրակաշառք բաժանել, կարող են թաղային հեղինակություններին գործի դնել։
Իշխանությունները հասկանում են, որ համամասնական ընտրական համակարգի դեպքում տեղի կունենա իշխանափոխություն։
Նորից եմ ասում՝ հերթականությունը կարևոր չի։ Ասում են 12 կետ։ Որ կողմից ուզում են՝ կարդան, այդ բոլոր կետերի հետևում մեկ կետ կա՝ իշխանափոխություն։ Եվ դա երևում է ոչ միայն այդ 12 կետում, այլ Հայաստանի բնակչության 99 տոկոսի աչքերում։

–Կարո՞ղ ենք փաստել, որ համաժողովրդական շարժման ընդլայնումը հաշվարկված քայլերի արդյունք է։

–Իհա՛րկե։ Կրկնում եմ՝ իշխանությունների բոլոր զիջումներն այդ են վկայում։ Դժգոհությունը մեծ է իշխանություններից. բոլո՛րը դժգոհ են։ Շտաբները դառնալու են, այսպես ասած, դժգոհության կենտրոններ։ Ընդ որում, դառնում են ապակուսակցական, որովհետև, ինչպես նշվել է «եռյակի» կողմից, և մենք էլ ենք այդ կարծիքին, կուսակցական խնդիր չկա. դժգոհ են բոլորը։ Անգամ կան հանրապետականներ, որ իրենք են ասում՝ երբ պիտի այս ամենը վերջանա, նորմալ իշխանություն գա։ Այսինքն, այստեղ 95%–ի մոտ վիճակը վատ է։ Իշխանափոխությունը միայն «եռյակին» պետք չէ. այն բոլորին է պետք։ Անգամ իշխանություններին է պետք, որովհետև իրենց համար նման իրավիճակն անկանխատեսելի է։ Հասկանո՞ւմ եք՝ երբ կգան «ամբոխները խելագարված», այդ ժամանակ շատ վատ տարբերակ կարող է լինել։ Պետք է անցնցում իշխանափոխություն։ Ցնցումներ ոչ մեկին պետք չեն։ Խոսքը վերաբերում է Հայաստանի անվտանգությանը, որովհետև «եռյակն» այդքան պատասխանատվություն վերցրել է, որ դա չպետք է բերի երկրում անկայունության, և չպետք է վնասի Հայաստանի շահերին։ «Եռյակն» աշխարհաքաղաքական ուղղությունները չի դարձնում օրակարգ. մենք տեսնում ենք հարթակի վրա ուժեր, որոնք տարբեր կողմնորոշումներ ունեն՝ կապված աշխարհաքաղաքական կուրսերի հետ, բայց դա չի խանգարում, որպեսզի այդ ուժերը միավորվեն իշխանափոխության խնդրի շուրջ։ Այսօր բոլորիս խնդիրը պետք է լինի նպաստել, որպեսզի երկրում տեղի ունենա անցնցում իշխանափոխություն, իսկ մնացած հարցերը ժամանակի ընթացքում լուծվող են։
Շատ կարևոր է համախմբումը։ Կարևոր է նաև այն, որ մենք քաղաքացուն դարձնում ենք հաղորդակից ողջ գործընթացին։ Մարզերում ստեղծվող շտաբներն ուղղված են հաղթահարելու մարդկանց վախը նաև։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը