Հարցազրույց

23.09.2009 19:09


Երվանդ Մանարյան.

Երվանդ Մանարյան.

Հարցազրույց «Ագուլիս» թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան Երվանդ Մանարյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները։

-Ես խուսափում եմ որոշակի կարծիք հայտնել նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ, որովհետև քաղաքական գործիչ չեմ։ Միայն մի բան գիտեմ՝ ազգային արժանապատվությունը ոտքի տակ չպիտի դրվի։ Ինձ թվում է, որ այնտեղ շատ բան կա, որ հենց այդ վտանգը պարունակում է։

-Ձեր մտահոգությունը ներկայացրե՞լ եք «Հայ ազգային կոնգրեսի» ղեկավարությանը։

-Ինձ համար մոտ և ընդունելի է ՀԱԿ-ի դիրքորոշումը։

-Բայց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «արձանագրությունները զգալի տեղաշարժ են»։

-Վտանգն ավելի շատ նրանում է, որ հնարավոր է՝ այդ ամբողջ գործառույթները միայն իշխանությունը պահպանելու համար լինեն։ Սա շատ ծանր խնդիր է, դա զուտ քաղաքական դիվանագիտական խնդիր չէ։ Շատ զարմանալի է, որ ավանդական լուրջ կուսակցությունն այս ամբողջ գործընթացի մեջ մեղադրում է արտաքին գործերի նախարարին այն դեպքում, երբ այդ ամենի համար անմիջականորեն պատասխանատու է նախագահը։ Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում։ Պահանջելով միայն արտգործնախարարի հրաժարականը՝ նրանք նախագահին դնում են շատ ծիծաղելի վիճակի մեջ։ Կնշանակի՝ նա պարզապես խամաճիկ է. իրենից ոչինչ չի ներկայացնում, և ամեն ինչն իրականացնում է արտգործնախարարը։ Կարծում եմ, որ այդպես չէ։

-Դուք ասում եք, որ ավանդական ուժը պահանջում է միայն Նալբանդյանի հրաժարականը,  բայց կան ուժեր, որոնք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը և միևնույն ժամանակ նշում, որ չեն կարող դրան հասնել։ Այդ դեպքում հրաժարական պահանջելն ի՞նչ իմաստ ունի։

–Լևոն Տեր-Պետրոսյանը դրա հնարավորությունը չունի։ Հնարավորությունն այն կլիներ, եթե նա գործուն մասնակցություն ունենար, բայց նա գործուն մասնակցություն չունի։ Նա կարծիք է հայտնում, մոտեցումներ է մշակում։ Ես չէի ասում, որ նրա բոլոր մոտեցումները մեր սրտով են, բայց կարող եմ որոշակիորեն ասել՝ այն քաղաքականությունը, որ այսօր տարվում է, ինձ շատ է անհանգստացնում, որովհետև, ի վերջո, կարող է մեր արժանապատվությանը վնասել։

-Արձանագրություններում Ղարաբաղի հարցի հետ կապված վտանգ չե՞ք տեսնում։

-Այդ արձանագրությունները դիավանագիտական փաստաթղթեր են. մենք կարող ենք ասել մի բան, մեզ այն շատ լավը կթվա, բայց այդ փաստաթղթում մի ստորակետի՝ այս ու այն կողմ լինելը կարող է շատ բան նշանակել։ Եթե մեր իշխանությունները կարողանան առանց իրենց անձնականը նկատի ունենալու՝ այդ հարցին մոտենալ, մենք կասենք, որ լավ է։ Բայց այսօր մենք զգում ենք, որ իշխանություններն այդ բանն անում են իրենց իշխանությունը պահպանելու համար։ Չեմ հասկանում՝ ո՞նց նախագահը չի վիրավորվում, որ անընդհատ ասում են, թե պատասխանատուն արտաքին գործերի նախարարն է։ Խաղեր են սրանք. թե ով ինչ խաղ է խաղում, դա արդեն պատմությունը կպարզի։

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

 

Այս խորագրի վերջին նյութերը