Հարցազրույց

19.11.2014 10:16


Երվանդ Բոզոյան. «Իշխանությունն ինքն իրեն թակարդը գցեց»

Երվանդ Բոզոյան. «Իշխանությունն ինքն իրեն թակարդը գցեց»

NewsBook-ի զրուցակիցն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
-Սերժ Սարգսյանն իր հարացազրույցում ասաց, որ ընդդիմության 12 կետերը պետք է վերնայվեն, և լուծում տրվի դրանց: Ի՞նչ է սա` երկխոսության առաջա՞րկ, եթե հաշվի առնենք, որ նրան կրկնեցին նաև մի շարք տարբեր տրամաչափի իշխանական գործիչներ:
- Իշխանությունը ցանկանում է համագործակցել ընդդիմության հետ, սակայն ես կարծում եմ, որ ընդդիմությունը համագործակցելու և բանակցելու խնդիր չունի, որովհետև ընդդիմությունն իր առաջարկներն արել է 12 կետերի միջոցով: Սակայն կոպիտ և վիրավորական մերժում ստացավ, արդյունքում կայացավ հոկտեմբերի 10-ի և 24-ի հանրահավաքները, որոնք, ըստ էության, նախազգուշացում էին, որ 12 կետերը չկատարելու դեպքում ընդդիմությունը կգնա արտահերթ պրոցեսների: Այդ12 կետերը ճչացող խնդիրներն են, բոլորս էլ գիտենք, որ իրականում խնդիրները շատ ավելի շատ են, իսկ կետերն էլ 100-ավոր են: Իսկ այդ կետերը չկատարելով` իշխանությունը ցույց տվեց, որ չի ցանկանում փոխել երկրի սոցիալական դեմքը:
- Ի՞նչ եք կարծում` այս պահին երկխոսության անհրաժեշտություն կա՞:
-Այս պահի դրությամբ երկխոսության կարիք, կարծում եմ, որ չկա: Կան պահանջներ, իսկ այդ պահանջները կա՛մ իշխանությունը կատարում է, կա՛մ չի կատարում: Եթե որոշ պահանջներ կատարում է, ապա կատարում է, բնականաբար, իր շահերից ելնելով, օրինակ` արագաչափերի և կարմիր գծերի հետ կապված: Այդ փոքր պահանջները կատարելով` իշխանությունը փորձում է լիցքաթափել սոցիալական ծայրահեղ վիճակը: Իրականում այդ կետերի կատարումն ավելի շահեկան է իշխանությանը, քան ընդդիմությանը, քանի որ մարդկանց էշի տեղը դնելը, խոշոր հաշվով, իրենց վրա է ավելի շատ ազդում: Այս պահին իշխանությունը հասկանում է, որ ընդդիմությունը լիցքավորված զանգված է հավաքում, և փորձում է երկխոսության գալ, սակայն ընդդիմությունը երկխոսության կարիք, ըստ էության, չունի: Իրականում երկխոսության պրոցես անգամ չկա, քանի որ Սերժ Սարգսյանի հետ երկխոսության նախկին փորձերը ցույց են տվել, որ այդ ամենը որևէ լուրջ բանի չի հանգում, առավել ևս, որ իշխնաությունն իր առջև դրական փոփոխություներ անելու խնդիր չի դրել:
-Սերժ Սարգսյանի` 12 կետերը վերանայելու առաջարկից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հստակ ասաց, որ 12 կետերը շատ լավ ուսումնասիրվել են, և վերանայման կաիրք չունեն: Ի՞նչ է սա նշանակում՝ արդյոք իշխանությունը պառակտվե՞լ է, որը նաև շարժառիթ է իշխանության կողմից երկխոսության մասին անընդահատ խոսելու համար:
- Իշխանության մեջ տարաձայնություններ կարող են լինել, քանի որ ժողովրդի սոցիալական դժգոհությունը շատ մեծ է: Իսկ ընդդիմությունը փորձում է համակարգել, կազմակերպել և լուծել: Սակայն, կոպիտ ասած, ժողովրդի սոցիալական խնդիրներն այնքան մեծ են, որ նույնիսկ դրանք չի հասցնում բավարարել իշխանությունը: Այժմ իշխանությունը փորձում է քայլեր անել ընդդիմության պահանջները կատարելու համար, քանի որ ընդդիմության պահանջը միայն ցույց անելը չէ, այլ ցույցը միջոց է իշխանափոխության համար: Այդ ամենն իշխանությունը շատ լավ հասկանում է, հավանաբար սա է պատճառը, որ ներսում առաջացել է խուճապային տրամադրություն, և կան տարբերություններ այդ խնդիրները լուծելու վերաբերյալ: Երկրում ստեղծվել է մի բացառիկ իրավիճակ, որը չի եղել 23 տարի շարունակ: Այժմ երկրի քաղաքական օրակարգը թելադրում է ընդդիմությունը, և այսօր թելադրողի դերում ընդդիմություն է:
-Ստացվում է` իշխանությունը սկսել է գիտակցել ընդդիմության ուժը, և փորձում է գնալ երկխոսության, սակայն ընդդիմությունը տեղի չի տալու:
-«Եռյակը» վաղուց արել էր իր առաջարկները: Գնացքը գնում է, իսկ իշխանությունն անընդհատ ուշանում է գնացքից. եթե նա բավարարեր ընդդիմության 12–կետանոց պահանջները, կարծում եմ` այլ քաղաքական մթնոլորտ կլիներ, և նոր կարող էր ասել, որ երկխոսությունը հնարավոր է՝ խնդիր լուծեր: Արդեն անգամ եթե բավարարի 12 կետերը, ընդդիմությունը նոր կետեր կառաջարկի և նոր պահանջներ կդնի: Քանի որ ժողովրդի վիճակն այնքան ծանր է, որ 12 կետերը լուծելով խնդիրը չեն ավարտվի: Եթե իշխանությունը չփորձեր սահմանադրական բարեփոխումների միջոցով վերարտադրվել, չմերժեր 12 կետերը, երկխոսություն հնարավոր կլիներ: Ստացվում է՝ իշխանությունն ինքն իրեն թակարդը գցեց: Այլ խնդիր է, որ եթե իշխանությունը գնա զիջումների, բնականաբար, իր դիրքերը մի քիչ կամրացնի, և, ի վերջո, ընդդիմությունը պարզապես ընդդիմություն լինելու համար չէ. այն առաջանում է, երբ ժողովրդի մեջ կան դժգոհություններ: Եթե այդ դժգոհությունները լուծվեն, ընդդիմությունն օբյեկտիվորեն կփոխի իր պահվածը:
Հարցազրույցը` Անի Արամի
Մանրամասները՝ newsbook.am -ում։

Այս խորագրի վերջին նյութերը