Լրահոս

23.09.2009 15:18


Արմեն Այվազյան. « ...Ճանապարհային քարտեզին հետևեցին ահա այս արձանագրությունները, որոնք արդեն փորձում են Հայաստանի գաղութացումն ամրագրել իրավականորեն»

-Ես արդեն գնահատել եմ այդ արձանագրությունները, երբ դեռ իրենք հայտնի չէին արձանագրություն անվամբ, երբ տխրահռչակ ճանապարհային քարտեզը ես համարեցի կապիտուլյացիոն առաջին ակտ, որին կհետևեն մյուսները, և դրան հետևեցին ահա այս արձանագրությունները, որոնք արդեն փորձում են Հայաստանի գաղութացումն ամրագրել  իրավականորեն,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատելով հայ-թուրքական արձանագրությունները՝ ասել է «Արարատ» ռազմավարական կենտրոն ՀԿ-ի տնօրեն Արմեն Այվազյանը։

 Նա նշել է, որ ինքը բազմիցս ասել է, որ ֆուտբոլային դիվանագիտությունը կործանարար է։  

-Թուրքիայի նպատակը Հայաստանի ոչնչացումն է, և սա մի փաստ է, որ չեն ցանկանում տեսնել Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ։ Հենց Ցեղասպանության ժխտման այդ փաստը կոչնչացնի Հայաստանին,-ասել է նա։

Ըստ Արմեն Այվազյանի՝ այն, որ  Թուրքիայի վարչապետը Հայաստանի իշխանություններին ցուցումներ է տալիս՝ նշելով, որ պետք է հրաժարվել սփյուռքից, նշանակում է, որ Ցեղասպանությունը ժխտելուց հետո էլ փորձում է սփյուռքը՝ Ցեղասպանության արգասիքը, հեռացնել Հայաստանից, «ինչն իրավականորեն անում է  այս արձանագրությունների տեքստը»։

-Մենք հնարավորություն չունենք երկու րոպե արտահայտվել հեռուստատեսությամբ. մեզ չեն հրավիրել այսքան ժամանակ։  Արգենտինայից մի պրոֆեսորի էին բերել, որը հայերեն էլ չէր կարողանում խոսել ու ասում էր՝ «արժանթինի 99-ը 100-ից հայերը պաշտպանում է այս քայլերը», իսկ մենք, ուսումնասիրելով այս ամենը, հնարավորություն չունենք ժողովրդին բացատրել, որ այս ամենը տանելու  է մեզ վերջնական գաղութացման,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը