Հարցազրույց

17.11.2014 14:53


Վահան Բաբայան. «ԲՀԿ–ն ձգտում է որակյալ և անցնցում իշխանափոխության»

Վահան Բաբայան. «ԲՀԿ–ն ձգտում է որակյալ և անցնցում իշխանափոխության»

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հետ

–ԲՀԿ քաղխորհրդի նիստում ձեզ լիազորվեց խորհրդակցել հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և հանրային այլ խմբերի ու անհատների հետ նրանց համաժողովրդական շարժմանը ներգրավելու և միասնական օրակարգ ձևավորելու նպատակով: Մինչ այս պահը քանի՞ կազմակերպություն է միացել, և քանի՞սն են հայտ ներկայացրել՝ միանալու համաժողովրդական շարժմանը։

–Որպես պաշտոնապես գրանցված և գործող ՀԿ՝ այս պահին մոտ երկու տասնյակն արդեն իսկ միացել է, իսկ տասնյակից ավելի ՀԿ–ներ էլ իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ միանալու։ Նրանց թվում են նաև մոտ 10 երիտասարդական նախաձեռնություն, հասարակական շարժումներ, որոնք գրանցված չեն, բայց ակտիվ հանրային խմբեր են։ Շաբաթ օրը հրավիրված համաժողովին բավականաչափ երիտասարդ ակտիվիստներ են հայտնել իրենց մասնակցության մասին։ Գործընթացը շարունակվում է. մենք ակտիվորեն հանդիպում ենք ՀԿ–ների ներկայացուցիչներին, և շաբաթվա վերջում ԲՀԿ անդամ Էլինար Վարդանյանի հետ էլ մեկ հանդիպում թերևս կկազմակերպենք, և հանրությունն էլ կտեսնի, թե որ ՀԿ–ներն առաջին արձագանքը տվել։

–Ի՞նչն է նրանց մղում միանալ համաժողովրդական շարժմանը, և իշխանափոխությանը հասնելու համար որքանո՞վ է արդյունավետ ա՛յս ճանապարհը, որովհետև տեսակետ կա, որ պետք է հենց հիմա կտրուկ գործողությունների դիմել։

–Բոլորը փոփոխության ալիքը զգում են, և շատ–շատերը, հիմնականում՝ մտավորականները, հասկանում են, որ նոր ստեղծված այս ձևաչափը կարող է մեր երկիրը փոփոխության հասցնել։ Միաժամանակ, ցանկանում են ավելի արագընթաց տեմպերով հասնել հաջողության, բայց հասկանալի է, որ սա մեկ օրվա բան չէ։ Յուրաքանչյուր իշխանափոխություն յուրաքանչյուր երկրում տեղի է ունենում մոբիլիզացիայի շնորհիվ։ Եթե չեղավ մոբիլիզացիա, ամեն ինչ կլինի արհեստական։ Հոկտեմբերի 10–ի և 24–ի հանրահավաքները ցույց տվեցին, որ հասարակությունը ցանկություն ունի միավորվելու և պայքարի դուրս գալու, բայց մենք միաժամանակ արձանագրեցինք, որ գնում ենք հաշվարկվա՛ծ ճանապարհով։ Ոչ մի երկրում իշխանափոխությունը չի արվել ոտքի վրա, առանց մոբիլիզացիայի, առանց լուրջ վերլուծությունների, առանց քննարկումների, իսկ եթե մյուս տարբերակներն ենք դիտում, դրանք արդեն նմանվում են արկածախնդրության և անլրջության։ Մանավանդ, հաշվի առնելով Հայաստանի արտաքին վտանգները, մենք պետք է շատ սառնասրտորեն և հաշվարկված շարժվենք։ Եվ այդ աշխատանքները մենք տանում ենք և՛ խորհրդարանում, և՛ ՀԿ–ների, և՛ երիտասարության, և՛ մտավորականների, և՛ մշակութային գործիչների հետ։

Կարելի՞ է ասել, որ հաշվարկված այս քայլերն անխուսափելիորեն կհանգեցնեն իշխանափոխության։

–Իշխանափոխությունն, ամեն դեպքում, անխուսափելի է։ Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես կազմակերպել այդ իշխանափոխությունը, և ինչ է լինելու իշխանափոխությունից հետո. ինչպիսի՞ մթնոլորտ, ի՞նչ ընտրություններ, ինչպիսի՞ քաղաքական ուժեր են գալու իշխանության, և ի՞նչ աջակցությամբ։ Որովհետև մենք շատ անգամներ տեսել ենք, որ իշխանությունները փոխվում են ներսից ոչ թե ժողովրդի, այլ որոշակի անհատների կողմից։ Մեր ձգտումն այն է, որ հասարակությունը մասնակից դառնա իշխանափոխության գործընթացին, իսկ առանց մոբիլիզացիոն քայլերի հասարակությունը չի կարող միանալ այդ գործընթացին ու ընդամենը կմնա դիտորդի դերում։ Մենք անհրաժեշտ ենք համարում, որ հասարակությունն ունենա իր մասնակցությունը, որ վաղը հենց նույն այդ հասարակությունը պահանջատեր լինի նոր ձևավորվող իշխանություններից, և նույն բանը չկրկնվի։

–Այսինքն, ԲՀԿ–ն ձգտում է, այսպես ասած, որակյա՛լ իշխանափոխության։

–Այո՛, ԲՀԿ–ն ձգտում է և՛ որակյալ, և՛ անցնցում իշխանափոխության։ Միաժամանակ, ԲՀԿ–ն ուզում է ապացուցել, որ իշխանափոխությունը ոչ թե ինքնանպատակ է, այլ նրա նպատակն է փոխել երկրի այս մտահոգիչ իրավիճակը, և իշխանափոխությունը միջոցներից մեկն է, որով կարող ենք մեկ քայլ առաջ գնալ այն ծրագրերի իրականացման համար, որոնք այսօր ի զորու չենք իրագործել՝ հաշվի առնելով և՛ կոճակային մեծամասնության առկայությունը, և՛ վարչական ռեսուրսների անարդարացի կիրառումը, և՛ նաև իշխանության քաղաքական կամքի բացակայությունը։ Պետք են թե՛ քաղաքական լուրջ կամք, թե՛ ճիշտ կազմակերպչական աշխատանք, թե՛ ճիշտ քարոզչական աշխատանք, թե՛ մարդկային ռեսուրսի մոբիլիզացիա։ Դրանք չգրված օրենքներ են իշխանափոխության համար, և Հայաստանը միակ երկիրը չէ, որ այս ճանապարհով անցնում է։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը