Մեկնաբանություն

14.11.2014 14:57


Ոնց որ Գագարինը թռչեր տիեզերք

Ոնց որ Գագարինը թռչեր տիեզերք

Իրո՛ք որ, հայի չափը չափազանցն է:

Ադրբեջանի կողմից մեր ուղղաթիռի խոցումից հետո Սերժ Սարգսյանի թռիչքը Ստեփանակերտ «էյֆորիայի» մեջ գցեց համացանցային հանրության իշխանական հատվածին:

Երեկվանից վիրտուալ տարածքում այնպիսի օվացիաներ են հնչում, որ քիչ է մնում՝ մարդու ականջի թաղանթը պայթի:

Լավ, ախր, այդ ի՞նչ մի քայլ է կատարել Սերժ Սարգսյանը:

Դա ցանկացած ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունն է, ով ուղղակի պարտավոր է նման իրավիճակներում լինել շփման գծում:

Ուրիշ ո՞վ պետք է այնտեղ մեկներ, եթե ոչ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոն ունեցող մարդը:

Բայց այդ թռիչքը ներկայացվում է որպես «արիության ու հզորության գագաթնակետ»:

Ավելին՝ ներկայացվում է որպես «մարտահրավեր» ազերիներին, որոնց իր թռիչքով «շախ ու մատ արեց» հայկական կողմը (ի դեպ, ընդամենը երկու օր առաջ Սարգսյանը Մոսկվայում շախմատ էր խաղում՝ սեփական փիառն անելով ՌԴ մայրաքաղաքում):

Սարգսյանի թռիչքի փաստը որոշները համարյա հավասարեցրին Գագարինի՝ տիեզերք թռչելուն: Ոմանց համար էլ դա գերբնական ուժերով օժտված Սասունցի Դավթի քայլ էր: Քիչ մնաց՝ Սերժ Սարգսյանին պատկերեին Թուր Կեծակիով ու Քուռկիկ Ջալալիով (ուղղաթիռ), ով թռչել է՝ զգետնելու մսրամելիքներին:

Մի քանիսի համար էլ նա համարյա Իլյա Մուրոմեցն է:

Բայց կրկնում ենք՝ դա նրա՝ իբրեւ գերագույն գլխավոր հրամանատարի ուղղակի պարտականությունն էր:

Այս ինքնամոռաց հրճվանքը գուցե նրանից է, որ օգոստոսյան սահմանային լարվածության, թշնամու դիվերսիոն գործողությունների օրերին Սերժ Սարգսյանը երկու շաբաթ «անհետ կորե՞լ» էր (այն ժամանակ, ի դեպ, զոհերը համեմատաբար շատ էին):

Իսկ հիմա, փառք Աստծո, ոչ միայն չանհետացավ, այլ ուղղաթիռով մեկնեց Ստեփանակերտ:

Բայց նրա այդ թռիչքը ներկայացնել որպես աննախադեպ «հերոսական քայլ կարող են միայն հայերը: Ավելի ճիշտ, Բաղրամյան 26-ի ստատուսագիրները, վերլուծաբաններն ու փորձագետները:

Առայժմ ոչ ոք չի քննարկում հարցը, թե ի՞նչ գործ ուներ մեր ուղղաթիռը շփման գծում, երբ առնվազն հայտնի է, որ ադրբեջանական կողմը հետ չի քաշում ոչ միայն իր դիպուկահարներին, այլեւ տվյալ հատվածում կարող է պահել ուղղաթիռներ գնդակոծող ռազմատեխնիկա:

Մեր ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը թողած՝ «բիսսեր» են գոռում այնտեղ հասած Սարգսյանի քայլի կապակցությամբ:

Մյուս կողմից էլ, բղավում են, թե սադրանքի հեղինակը Բաքուն է:

Հասկացանք: Բայց ի՞նչ է ասում միջազգային հանրությունը: Դարձյալ նույնը՝ ԱՄՆ պետդեպից մինչեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար զսպվածության կոչ են անում երկու կողմերին:

Ոչ ավելին:

Հրճվեք ու բրավոներ գոռացեք այն ժամանակ, երբ նույն այդ միջազգային հանրությունը վերջապես կզանազանի հրադադարը խախտողին հրադադարը չխախտողից, եւ երկու կողմի քայլերը նույն հարթության վրա չի դիտարկի:

Եվ ամենակարևորը՝ հրճվեք ու բրավոներ գոռացեք այն ժամանակ, երբ մենք կպարտադրենք Ադրբեջանին չափերի մեջ մնալ, սադրանքների չգնալ ու ճանաչել Ղարաբաղը։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը