Մեկնաբանություն

14.11.2014 12:15


Ժամանակի և ռիսկի ընկալումները

Ժամանակի և ռիսկի ընկալումները

Քաղաքական դաշտում գործող սուբյեկտների համար ժամանակն ու ռիսկը տարբեր կերպ են ընկալվում։

Մի մասը գտնում է, որ ժամանակն աշխատում է ընդդիմության դեմ, և եթե վերջինը ռիսկի չդիմի, ապա ամեն ինչ շատ վատ կվերջանա՝ Սերժ Սարգսյանը կպահի աթոռն ու կվերարտադրվի։

Մյուսն մասն էլ ճիշտ հակառակ կարծիքին է։ Նրանք գտնում են, որ ժամանակն աշխատում է Սերժ Սարգսյանի ղեկավարած նեղ թիմի դեմ, ու ռիսկի դիմել–չդիմելու երկընտրանքի առաջ է կանգնած ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունը։

Թե ում մոտեցումն ու գնահատականն է ճիշտ, միայն կյանքը ցույց կտա։ Հիմա մի քիչ դժվար է ապացուցել մի բան, որը շուտով բոլորի համար ակնհայտ է դառնալու, բայց առաջ չընկնենք։

Ամեն դեպքում, հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ ժամանակն աշխատում է նրա օգտին, ով գործ է անում, և ով փորձում է այդ գործով նվազեցնել ռիսկն ու ցայտնոտի մեջ դնել մրցակցին։

Ինչ վերաբերում է ժամանակի ընկալմանը, ապա այն շատ հարաբերական է։

Մեկի համար «շուտափույթ իշխանափոխությունը» նշանակում է այն, որ եթե դա տեղի չունենա, ասենք, վաղը կամ մեկ շաբաթվա ընթացքում, ապա վե՛րջ, ամեն ինչ կորած է։ Այսպես մտածողները կարծում են, որ պետք է ռիսկի գնալ՝ «Կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ ոչինչ» տարբերակով (թեև ներքուստ անկեղծորեն համոզված են, որ կստացվի. հնդկական կինոները սարսափելի ավերիչ ազդեցություն են գործել հայ ժողովրդի մտածողության վրա)։

Պարզ է, որ «շուտափույթի» կողմնակիցները կարծում են, որ ժամանակն աշխատում է իշխանության օգտին: Այդպիսի կարծիքի առկայության պատճառն, ըստ իս, քաղաքական գործընթացները և զարգացումները համալիր վերլուծության չենթարկելու հետևանք է։ Ինչ–որ տեղ նաև՝ ինֆորմացիայի պակասի հետևանք։

Իրականում ժամանակն աշխատում է Սերժ Սարգսյանի դեմ (եթե, իհարկե, ընդդիմությունը գրագետ քայլեր անի), քանի որ նա իր պաշտոնավարման երկրորդ և սահմանադրորեն ավարտական ժամկետին է մոտենում՝ չունենալով քաղաքական ժառանգորդ և առայժմ չկարողանալով կյանքի կոչել իր վերարտադրության ծրագիրը, որի անունը դրել են «սահմանադրական փոփոխություններ»։

ՀՀԿ ղեկավարն, ըստ այդմ, գտնվում է ռիսկային գոտում։ Եթե նա քաղաքական ներկա դասավորության պայմաններում «վա բանկ» գնա ու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օր նշանակի, ապա այդ օրը կվերածվի նրան անվստահություն հայտնելու և հեռացնելու գործընթացի մեկնարկի օր, ինչը հղի է շատ կանխատեսելի հետևանքներով։

Այլ կերպ ասած՝ եթե Ս. Սարգսյանին չհաջողվի քաղաքական լայն կոնսոլիդացիա ապահովել սահմանադրական փոփոխությունների շուրջ (իսկ դա նրան չի հաջողվի. ում տարել՝ տարել է, և անգամ հաճախորդներից շատերը չեն մտնում այդ խաղի մեջ), ապա նա հանրաքվեի չի կարող գնալ, իսկ դա ներսից կփլուզի իշխանական բուրգը, և տեղի կունենան արտահերթ ընտրություններ։

Իսկ եթե Սերժ Սարգսյանը որոշի «Ժառանգորդ» օպերացիա իրականացնել, ապա դա նույնպես կփլուզի իշխանական բուրգը, քանզի այնտեղ բոլորի կողմից ընդունելի և անվերապահ երկրորդ դեմք չկա, որպեսզի իշխանության մյուս թևերը կոնսոլիդացվեն նրա կողքը, և ընտրակեղծիքների մեքենան ամբողջ թափով աշխատացնեն։

Այնպես որ, ընդդիմությանը մնում է ԲՀԿ–ի առաջարկած շտաբային աշխատանքի միջոցով հզորացնել համաժողովրդական նոր շարժումը և ամեն րոպե պատրաստ լինել արտահերթ ընտրական գործընթացների։

Դա, անշո՛ւշտ, չի նշանակում հրապարակային այլ միջոցառումներից հրաժարում։ Ճիշտ հակառակը՝ հանրահավաքները, ցույցերը և պիկետները պետք է շտաբային աշխատանքների հետ զուգորդվեն, բայց ամեն ինչ պետք է անել ճիշտ ժամանակին և արդյունավետ։

Հանրահավաք անել հանուն հանրահավաքի չի կարելի։ Ինքնանպատակ հանրահավաքը շատ ավելի մեծ ռիսկ է պարունակում և կարող է մարդկանց իրական հիասթափության պատճառ դառնալ, քան հանրահավաքային պայքարի կարճատև դադարի դեպքում է սպասվում։ Պատահական չէ, որ իշխանական քարոզչամեքենան հենց այդ «կետի» վրա է խաղում և «Հիմա» պահանջում։

Բայց դե, պետք է օլիմպիական հանգստություն դրսևորել ու ռացիոնալ որոշումներ կայացնել։

Ասվել է՝ ժամանակը մերն է, ապագան մերն է, հաղթանակը մերն է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը