Հարցազրույց

13.11.2014 15:41


Տիգրան Ուրիխանյան. «12 կետերի կատարումը «եռյակի» ռազմավարության մեջ փոփոխություն չի մտցնի»

Տիգրան Ուրիխանյան. «12 կետերի կատարումը «եռյակի» ռազմավարության մեջ փոփոխություն չի մտցնի»

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ

–Պատգամավորների 1/3–ի նախաձեռնությամբ ԱԺ քառօրյայի օրակարգում է ընդգրկվել «ՀՀ ընտրական օրենսգիրքը» բարեփոխելու մասին ՀՀ ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը։ Արդյոք սա այն «լակմուսային թո՞ւղթն» է, որի մասին խոսում էր «եռյակը», և արդյոք դրա քննարկումը Սերժ Սարգսյանի խոսքերի ազնվության և պատրաստակամության ապացույց կլինի՞։

Մենք առաջարկել ենք մեր փոփոխությունները՝ 100% համամասնական ընտրակարգ, քվեարկությանը մասնակցածների ցուցակների հրապարակում, և մի շարք այլ դրույթներ էլ կան, որոնց վրա հիմա աշխատում է խորհրդարանում ձևավորված, ոչիշխանական ուժերի ներկայացուցիչներից բաղկացած խումբը։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա պատրաստակամ են, թե պատրաստակամ չեն, ինձ առանձնապես չի հետաքրքրում, և ապացույցների մասին էլ ես առանձնապես խոսել չեմ ցանկանում։ Եթե իշխանությունն իրականացնի մեր այդ առաջարկը, ուրեմն 12 պահանջներից մի կետը կիրականացվի։

–Այդ 12 կետերի կամ կետերից որևէ մեկի իրականացումն իշխանության կողմից «եռյակի» ռազմավարության մեջ որևէ բան կփոխի՞։ Խոսքն իշխանափոխության մասին է։

–Ո՛չ։ Իշխանությունը պետք է կատարի այդ 12 կետերը, ինչը թելադրում է տրամաբանությունը, և ենթադրում երկրի զարգացում և ընտրակեղծիքների վերացում։ Բայց մեր օրակարգում բազմաթիվ այլ հարցեր էլ կան՝ քաղաքացու կենսակերպն ապահովելու անհնարինության, արտագաղթի, ճգնաժամի, սոցիալական, իրավական, տնտեսական անկման և այլ խնդիրները։

–Ինչո՞վ եք բացատրում այն փաստը, որ իշխանությունը «եռյակին» հատկապես քննադատում է, այսպես ասած, ընդդիմադիրների շուրթերով։

–Քննադատելու իրավունք ունեն բոլո՛րը։ Ընդհանրապես, ճիշտ, առողջ, օբյեկտիվ քննադատությունը ցանկացած ուժի օգնում է ավելի արդյունավետ աշխատել, բայց երբ որևէ մեկը կամ որևէ քաղաքական ուժ, միավորում հայտարարում է, որ կա ճգնաժամ, և անհրաժեշտ է այդ ճգնաժամից դուրս գալ, կան խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել, կան մեղավորներ, որոնք այդ խնդիրները չեն լուծում, որ պահանջվում է այդ մեղավորների հեռացումը, ու հանկարծ հայտնվում են երրորդ ուժեր, երրորդ անձինք, երրորդ շահագրգիռներ և քարկոծում են նրանց, ովքեր դնում են վերոշարադրյալ խնդիրները, ապա այստեղ մնում է՝ եզրակացություններ անի հանրությունը։ Ո՞ւմ է ձեռնտու։ Ինչպես ասում էր Ուլյանով Լենինը՝ եթե որևէ բան տեղի է ունենում, ապա դա որևէ մեկին ձեռնտու է. փնտրե՛ք նրան, թե ում է դա ձեռնտու։ Հիմա ո՞ւմ է ձեռնտու, որպեսզի արմատական փոփոխությունների ճանապարհը բռնած ոչիշխանական ուժերի գործունեությունը քննադատվի։ Ընդ որում, որպես թիրախ օգտագործվում են մեր մարտավարական քայլերը, մինչդեռ մեր ռազմավարությունը չի՛ փոխվել։ Եթե «Ընտրական օրենսգիրքը» փոփոխվում է, եթե դրանով մեր պահանջներից մեկը կատարվում է, եթե վերացվում են ընտրակեղծիքներ կատարելու հնարավորությունները, դա դրական է։ Եվ եթե մեր մարտավարության մեջ դրա հետ կապված ինչ–որ փոփոխություն տեղի ունենա, ապա ռազմավարությունը չի փոխվելու։ Եվ եթե մեզ քննադատում են նրա համար, որ մենք, ճնշում իրագործելով, փորձում ենք հասնել նրան (կարծես թե պիտի հասնենք), որ, օրինակ, ընտրակեղծիքները վերանան, ուրեմն փնտրե՛ք նրան, թե ում է ձեռնտու մեզ դրա համար քննադատելը։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է։ Մարտավարությունը կարող է փոխվել, ռազմավարությունը չի՛ փոխվում։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը