Մեկնաբանություն

13.11.2014 11:45


Փնտրվում է մամլո խոսնակ

Փնտրվում է մամլո խոսնակ

Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում Լևոն Տեր–Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ։

Վերջինիս հետ հանդիպումների նպատակը, ըստ ԲՀԿ առաջնորդի, տարատեսակ հարցերի վերաբերյալ ՀՀԿ ղեկավարի տեսակետներն առաջին ձեռքից իմանալն է։

«Ես անհրաժեշտության դեպքում հանդիպում եմ Սերժ Սարգսյանին: Իրենից եմ ճշտում իր տեսակետները որոշ խնդիրների նկատմամբ, ներկայացնում եմ իմը: Ձևակերպում եմ իմ մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ»,– ասել է Ծառուկյանը:

Ասել է թե՝ նա խնդիր չունի իր քայլերը գաղտնի պահելու։

Ծառուկյանն իր հանդիպումների մասին խոսել էր նաև հետագայում շահարկումների և բանսարկությունների դեմն առնելու համար։

Ինչո՞ւ այս մասին հիշեցինք։

Բանն այն է, որ «Գեբելսյան» քարոզչամեքենան վերջին օրերին, հղում անելով իր «աղբյուրներին», գրում ու վերլուծում է Ծառուկյան–Սարգսյան եղած կամ չեղած հանդիպման հետևանքների և արդյունքների մասին՝ եզրակացնելով, որ ամեն ինչ ՀՀԿ ղեկավարի վերահսկողության տակ է, և կա պայմանավորվածություն։

Ուշագրավն այն է, որ Ծառուկյան–Սարգսյան հանդիպման մասին տեղեկությունները ճշտելու համար ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը խորհուրդ էր տվել դիմել Սերժ Սարգսյանի մամլո ծառայությանը, քանզի ինքը տեղյակ չէ այդ հանդիպումից։

Նախագահական նստավայրի մամլո ծառայությունն այդ թեմայով պահպանում է քար լռություն, փոխարենը խոսնակություն են անում «անկախ» լրատվամիջոցները՝ «մուտիլովկան» «մուտիլովկայի» հետևից տարածելով։

Սերժի մամլո խոսնակի դեր կատարեց նաև տխրահռչակ ՀՀԿ–ական Ռազմիկ Զոհրաբյանը, ով հայտնեց, որ Ծառուկյան–Սարգսյան հանդիպում եղել է, բայց թե երբ և ինչ օրակարգով, ինքը չգիտի։

Հարցն այն չէ, թե արդյոք եղե՞լ է նման հանդիպում, թե՞ չի եղել։ Հարցն այն է, որ իշխանությունները էժանագին տեխնոլոգիաների են դիմում, այն էլ՝ «Սերժ Սարգսյանը սատանա է, և ով նրան հանդիպի, ուրեմն ինքը վատ բան է անում» տարբերակով։ Բայց դե, նրանց էլ կարելի է հասկանալ։ Բա ուրիշ ինչո՞վ զբաղվեն, եթե ոչ «մուտիլովկայով»։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Այս օրերին ընթանում են բյուջետային քննարկումները, բայց նախագահական ապարատին վերաբերող ֆինանսական հատկացումների բաժնում որևէ տող չկա Սերժ Սարգսյանի արտահաստիքային մամլո խոսնակների ստանալիքների մասով։ Թերևս նրանց համար արտաբյուջետային ֆինանսավորում է նախատեսված։

Այս խորագրի վերջին նյութերը