Հարցազրույց

12.11.2014 15:44


Գառնիկ Իսագուլյան. «12 կետերը չէ, որ միայն առկա են. կա 1200 կետ»

Գառնիկ Իսագուլյան. «12 կետերը չէ, որ միայն առկա են. կա 1200 կետ»

Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ

–Օրերս Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներից մեկին, որտեղ անդրադարձել է 12 կետերին և սահմանադրական փոփոխություններին։ Ի՞նչ էր ցանկանում դրանով ասել նա, կամ ի՞նչ նպատակ էր դա հետապնդում։

–Իհարկե, շատ կարևոր էր, որ այդ հարցազրույցը լիներ այս ամենից առաջ, այս գործընթացներից առաջ։ Սա ստեղծում է այն նույն տպավորությունը, երբ այգու հետ կապված՝ բավական լուրջ զանգվածային հուզումներ եղան։ Վերջում Սերժ Սարգսյանը մոտեցավ ու ասաց. «Տարո՛ն ջան, սիրուն չի»։–Այսինքն, հիմա էլ վերջում մոտենա ու ասի. «Հովի՛կ ջան, սիրուն չի»։

Այս 12 կետերը վաղուց էին իրեն ներկայացված, և, ես կարծում եմ, հենց իր ցուցումով էր, որ Կառավարությունը նման պատասխաններ էր տվել։ Հիմա գալ ասել՝ Կառավարությո՛ւն, սիրուն չի, մի հատ նորից անդրադարձեք այդ կետերին, կարծում եմ՝ շատ ուշացած է։ Արդեն կա ժողովրդական բավականին լուրջ ճնշում, բավականին լուրջ շարժում, և այդ 12 կետերը չէ, որ միայն առկա են. կա 1200 կետ, որ Հայաստանում հրատապ լուծման կարիք ունի։ Կարծում եմ, որ շատ լավ է, որ նախագահը նման արձագանք է տվել, բայց, նորից եմ կրկնում, դա պետք է արվեր ժամանակին։ Ժամանակին հանձնարարվեր Կառավարությանը, որ նրանք լավ ուսումնասիրեին, և իսկապես փորձեին ընդհանուր եզրեր գտնել։ Դա չարեցին, հիմա նոր հետաձգում են սահմանադրական փոփոխությունների հարցը, «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։ Ինչի՞ համար. չէ՞ որ այն ժամանակ կարելի էր այդ ամենը քննարկել։ Այդ հարցազրույցը պարզապես ուշացած էր, որովհետև գործընթացներն արդեն սկսվել են, ու չի բացառվում, որ հիմա եթե գնան որոշակի զիջումների, վաղը նորից գործընթաց չի սկսվելու. նորից կգնան սրացումներ։ Այս անգամ էլ կգան կասեն՝ Գալուստ Սահակյան, սիրուն չի, օրենքը չի կարելի թողնել։ Հենց սկզբից պետք է հասկանալ, որ Հայաստանում ամեն ինչ սիրուն չի, ու ամեն ինչին պետք է մոտենալ այդ տեսանկյունից, որից հետո, կարծում եմ, խնդիրները կլուծվեն։ Ցավոք սրտի, այսօր բոլոր խնդիրներն առկախված են, և չի երևում այն հանգրվանը, որից հետո նա պատրաստ կլինի գնալ այդ քայլերին։

–Այս պարագայում ինչպիսի՞ արձագանք պետք է լինի «եռյակի» կողմից։

–Գիտեք՝ ինչ, այո՛, թող 12 կետերին նորից մոտենան, քննարկեն. եթե այսօր հնարավորություն կա այդ խնդիրները լուծելու, թող լուծեն։ Բայց «եռյակը», կարծում եմ, իր գործունեությունը պետք է շարունակի։

–Այսինքն՝ շարունակի իշխանափոխության գործընթացը։

–Ռազմավարական գիծը պետք է պահպանել։ Բազմիցս ասել եմ, որ իշխանափոխություն նշանակում է իշխանությունը վերադարձնել ժողովրդին, և նոր ընտրությունների միջոցով թող ժողովուրդն ինքը որոշի, թե ում է տալու իր իշխանությունը՝ ժամանակավոր իրականացնելու։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը