Մեկնաբանություն

12.11.2014 10:40


Բ26–ն առաջարկում է 12–կետանոց գյալաջի

Բ26–ն առաջարկում է 12–կետանոց գյալաջի

Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում Կառավարությանն առաջարկել է նորից անդրադառնալ ոչիշխանական ուժերի 12–կետանոց պահանջներին՝ «Իվան ռադիլ Իսահակա, Իսահակ ռադիլ Իվանա...» տարբերակով։ Այն է՝ սկզբում քննարկել առաջին կետը, ստեղծել ճանապարհային քարտեզ, նշել ժամկետներ, հետո անցնել երկրորդ կետին և այդպես շարունակ։

Սրան հետևեց Կառավարության արձագանքը։

«Կառավարությունը պատրաստ է առաջ գնալ այդ ճանապարհով, այսինքն՝ վերցնել առաջ քաշված թեման, քննարկել մինչև վերջ, հասնել եզրակացությունների, նախանշել կատարվելիք քայլերն ու անցնել հաջորդ հարցին: Ազգային ժողովում այս օրերին ընթացող բյուջետային քննարկումներից հետո շաբաթվա վերջին վարչապետը պատրաստվում է առաջարկել քաղաքական ուժերին համապատասխան ձևաչափով սկսել քննարկումները առաջին հարցի շուրջ, գալ եզրակացությունների, հանրությանը ներկայացնել համատեղ աշխատանքի արդյունքները և շարժվել առաջ»,– մասնավորապես նշված է վարչապետի մամլո խոսնակի հայտարարության մեջ:

Անգամ մանկապարտեզի երեխաների համար է պարզ, որ Բ26–ը գյալաջի է ուզում անել՝ նման այն գյալաջիներին, որոնք տեղի էին ունենում Մարզահամերգային համալիրում, երբ Սերժ Սարգսյանը հանդիպում էր գործող և թղթի վրա գրանցված տասնյակ կուսակցությունների ղեկավարների հետ։

Ակնհայտ է, որ իշխանություններն ուզում են ժամանակ ձգել և «եռյակին» ներքաշել անիմաստ և անպտուղ քննարկումների մեջ։

Իսկ եթե Սերժ Սարգսյանն անկեղծ է և ուզում է ընդառաջ քայլ անել, ապա 12 կետերում կան այնպիսի պահանջներ, որոնց լուծման համար պահանջվում են քաղաքական կամք և մեկ օր (արագաչափեր, կարմիր կետագծեր և այլն)։

Ինչ վերաբերում է քաղաքական երկխոսության համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանը, ապա առաջին նախապայմանն Ընտրական օրենսգրքի փոփոխությունն է։ Իշխող մեծամասնությունը պետք է բավարարի հարյուր տոկոս համամասնականին անցնելու պահանջը։ Այս հարցում քննարկելու թեմա չկա։ ՀՀԿ–ն հայտարարում է, որ պատրաստ է դրան, և շատ արագ այդ օրենքն ընդունվում է։ Դրանից հետո միայն կարելի է քննարկել իշխանությունների հետ 12 կետերի շուրջ բանակցությունների մեջ մտնելու հարցը։

Մեկ բան ակնհայտ է՝ իշխանությունների վրա ազդել են «եռյակի» հանրահավաքները, ու հիմա նրանք մտածում են, թե ինչպես թույլ չտան հանրահավաքային պայքարի հետագա ուժեղացում։ Այլ կերպ ասած՝ նրանք դեմ են միասնական շտաբների ձևավորմանը և փորձում են կանխել այդ գործընթացը, քանզի հասկանում են, որ դրանք նպաստելու են հանրային մոբիլիզացիային, և դառնալու են արտահերթ ընտրություններին նախապատրաստվող կառույցներ։

ՀՀԿ ղեկավարը պատրաստվում է փետրվարին կա՛մ հայտարարել, որ գնում է սահմանադրական փոփոխություններով վերարտադրվելու ճանապարհով, կա՛մ հայտարարել, որ հրաժարվում է սահմանադրական փոփոխությունների գաղափարից։ Ամեն ինչ կախված է համաժողովրդական նոր շարժման ծավալումից։ Ընդդիմության գործը պետք է լինի ճնշումն ուժեղացնելն ու արտահերթ գործընթացներին պատրաստվելը։ Իսկ թե իշխանություններն ինչպիսի գյալաջի կանեն, դա արդեն իրենց գործն է։

Իշխանափոխության հարցը մնում է օրակարգի թիվ մեկ կետը, և «եռյակի» անդամ կուսակցություններն այս հարցում ունեն ռազմավարական համաձայնություն։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը