Լրահոս

22.09.2009 16:00


Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպան Խուան Անտոնիո Մարկ Պուժոլը (նստավայրը' Մոսկվա):

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դիվանագետին' պաշտոնը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նա պաշտոնավարման ընթացքում իր կարևոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման գործում:

-Հայաստանը և Իսպանիան դավանում են նույն արժեհամակարգին, ունեն մշակութային մեծ պատմությունը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում փոխգործակցության զարգացման համար,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Դեսպան Պուժոլի խոսքով՝ իր երկիրը ձգտում է Հայաստանի հետ հարաբերությունները բարձրացնել գլոբալիզացվող աշխարհի անընդհատ փոխվող պահանջներին համապատասխան մակարդակի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ, կարևորել են առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը և անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումը: Դեսպան Պուժոլը որպես հեռանկարային ոլորտ առանձնացրել է համալսարանական փոխգործակցությունը, որը կարող է հոգեւոր կամուրջ ստեղծել երիտասարդ սերնդի միջև:

Նախագահ Սարգսյանը և նորանշանակ դիվանագետն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին և այդ շրջանակում երկկողմ գործակցության հնարավորություններին: Դեսպանն ասել է, որ հաջորդ տարի Իսպանիան ստանձնելու է Եվրամիության նախագահությունը և մտադիր է լուրջ քայլեր ձեռնարկել հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ:

 


 

Այս խորագրի վերջին նյութերը