Մեկնաբանություն

11.11.2014 17:33


Քաղաքական դաշտում դիրքային պայքարի փուլ է

Քաղաքական դաշտում դիրքային պայքարի փուլ է

«Եռյակի»՝ որպես քաղաքական գործոնի ի հայտ գալը համակարգային փոփոխություն է բերել Հայաստանում: Առաջին անգամ ձևավորվել է իրական երկրորդ բևեռ, որը կարողանում է պարտադրել իշխանություններին հաշվի նստել իր հետ: Սա աննախադեպ երևույթ է մեր քաղաքական դաշտում:

Դրական արդյունքներն արդեն տեսանելի են: «Եռյակը» մի քանի հաջողություններ է գրանցել, որոնք հետագա առաջընթացի հիմքն են լինելու:

«Եռյակի» առաջին հաղթանակը գրանցվեց, երբ հայտարարեցին, որ շուրջօրյա հանրահավաքներ են սկսելու Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջով: Կարճ ժամանակ անց Սերժ Սարգսյանը «հրաժարեցրեց» Տիգրան Սարգսյանին՝ շուրջօրյայից խուսափելու համար:

Ճիշտ է, ժամանակին բազմաթիվ կեղծ վարկածներ էին շրջանառվում, սակայն հետագա իարադարձությունները ցույց տվեցին, որ, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին զոհել է իր դիրքերը պահելու համար, քանզի հասկացել է, որ վարչապետի հրաժարականի պահանջով շուրջօրյայի օրակարգը հընթացս կարող է փոխվել:

Այնուհետև «եռյակը» 12 կետանոց պահանջ ներկայացրեց կառավարությանը, որով փորձում էր պաշտպանել հանրային լայն շերտերի շահերը: Իշխանությունը մերժեց այդ պահանջները և չլուծեց այդ կետերում նշված խնդիրները: Դրան հետևեցին հոկտեմբերի 10-ի և 24-ի հանրահավաքները: Առաջին իսկ հանրահավաքից հետո Սերժ Սարգսյանն իր մամուլի խոսնակի միջոցով հայտարարեց, որ հետաձգում է սահմանադրական փոփոխությունների մեկնարկը: Այս քայլը ցույց տվեց, որ ՀՀԿ ղեկավարն իր համար ամենակարևոր հարցերում պատրաստ է զիջումների, եթե համապատասխան ճնշում կա:

Ի դեպ, «եռյակի»՝ որպես բևեռի ձևավորումն ազդել է նաև ԱԺ-ի վրա. այն սկսել է առողջանալ՝ որպես ինստիտուտ: Այսօր ԱԺ նիստերն ավելի հետաքրքիր են հանրության համար, որովհետև դրանք քաղաքական ուժերի բանավեճի հարթակ են դարձել: Իսկ այդ ամենը ժողովրդավարացման համար անհրաժեշտ է, չնայած՝ ոչ բավարար:

«Եռյակի» հաջորդ հաջողությունը գրանցվեց սույն թվականի նոյեմբերի 10-ին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առաջարկել է կառավարությանը մեկ անգամ ևս քննարկել 12 կետերում նշված պահանջները: Փաստացի, կառավարությունն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, մեկ անգամ մերժելուց հետո քաղաքական ճնշումների արդյունքում ստիպված է վերանայել այդ պահանջները: Եվ այժմ հետքայլ կատարելով՝ փորձում է ուղղել իր սխալը: Իհարկե, քննարկելը չի ենթադրում, որ 12 կետերի պահանջներն ամբողջությամբ կկատարվեն, բայց այս ամենից երևում է, որ բևեռը ձևավորվել է և ի վիճակի է պարտադրելու իշխանություններին կատարել քայլեր կամ գոնե հայտարարել այդ քայլերը կատարելու պատրաստակամության մասին:

Վերը նշված երեք օրինակները ցույց են տալիս, որ «եռյակի» գործունեությունն իր հետևից համակարգային փոփոխություններ է բերել. քաղաքական ակտիվություն է ցուցաբերվում ֆորմալ առումով ոչ ընտրական փուլում: Ընդդիմադիր գործունեությունը վերածվում է ամենօրյա գործունեության: Նման երևույթները համակարգի առողջացման նշաններ են:

Ներկայիս քաղաքական զարգացումների հաջողությունը կարևոր հիմք կարող է լինել Հայաստանի հետագա ժողովրդավարացման համար:

Ինչ վերաբերում է «Եռյակի» հետագա քայլերին, ապա ակնհայտ է, որ ճնշումները պետք է ուժեղացնել, որ իշխանությունները ստիպված լինեն ավելի մեծ զիջումների գնալ։

Քաղաքական դաշտում հիմա դիրքային պայքար է սկսվել, և այդ պայքարում կհաղթի այն կողմը, որը կկարողանա ավելի բարձր մակարդակի կազմակերպվածություն ու հանրային աջակցություն ստանալ։ Այս առումով իշխանությունն ուժեղանալու ռեսուրս գրեթե չունի և ժամանակն աշխատում է իր դեմ։ Փոխարենը հսկայական պոտենցիալ ունի «Եռյակը»՝ համաժողովրդական շարժման ծավալները մեծացնելու և շարժումն ինստիտուցիոնալացնելու համար։

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը