Մեկնաբանություն

10.11.2014 16:43


«Սաքուլիկների» տոնը

«Սաքուլիկների» տոնը

Իշխանությունը հայոց երիտասարդությանը տոնական բուռն շաբաթ է խոստանում:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երիտասարդության եւ Ուսանողության միջազգային օրերի շրջանակում, այսօրվանից սկսած՝ ողջ շաբաթվա ընթացքում տոնական միջոցառոմներ է կազմակերպելու:

ՀԵՀ-ի համակարգող, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը, ներկայացնելով տոնական ծրագիրը, նշում է, որ նախ սկսելու են միջբուհական արյունատվության ակցիայով, հաջորդող օրերին ցուցահանդեսներ են կազմակերպելու, ֆուտբոլ են խաղալու, կոնսերվատորիայի ուսանողներով ավտոբուսը շրջելու է բուհերում, եւ դասամիջոցներին փոքրիկ համերգներ են տալու, ռազմական ինստիտուտում համակարգչային տեխնիկայով հագեցած լսարան է բացվելու եւ այլն:

Եվ վերջապես, տոնական միջոցառումներն ավարտվելու են Մարզահամերգային համալիրում՝ ռազմահայրենասիրական, ազգային երգ ու պարի ծրագրով տոնական մեծ համերգի անցկացմամբ (երեւի, էլի դահլիճի փողը չեն տալու):

Հիշում եք, չէ՞, նույն այս՝ Երիտասարդության եւ Ուսանողության տոների առիթով 2011-ին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը Մարզահամերգային համալիրում, երբ նա հարբած վիճակում հայտնվեց միկրոֆոնի մոտ եւ օրորվելով խոսում էր բոլոր «ոլոլոլոլորտներում» ունեցած «ձեռքբերումների» մասին:

Այս տարի նման բան կարծես թե չի սպասվում, բայց Կարեն Ավագյանի հիմնադրամի տոնական միջոցառումներն էլ պակաս ուշագրավ չեն:

Եկել է մի քանի հարյուր միլիոնանոց հիմնադրամի բյուջեից «ատկատներ» անելու ժամանակը, եւ Կարեն Ավագյանն, ահա, հերթական անգամ տոնական միջացառումների ճոխ ծրագիր է պատրաստել:

Այն, որ երկրի երիտասարդության համար անցած տարիներին ոչինչ չի արվել (չհաշված Տիգրան Սարգսյանի ելույթի պարգեւած ուրախությունը), փաստ է:

Թեպետ, շատերը կարող են առարկել ու պնդել, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան արվել է: Օրինակ՝ «Բազե» ճամբարների կազմակերպումը, որտեղ ավանդաբար Սերժ Սարգսյանը կիսվում է երիտասարդության հետ իր վարած արտաքին «նախաձեռնողական» քաղաքականության «արդյունքների» մասին:

Շատերը կհիշեցնեն նաեւ տարիներ առաջ Սերժ Սարգսյանի տված հերթական խոստումը, որ շատ շուտով երիտասարդ ընտանիքներն իրենց բնակարանները կունենան, ավելին՝ ամեն ընտանիք անպայման ավտոմեքենա կունենա:

Սրանք, հասկանալի է, ճառերի մակարդակից այն կողմ չանցան (ճիշտ է, մեկ-երկու բազմաբնակարան կառուցեցին, բայց պարզվում է՝ շինարարությունն այնքան անորակ է, որ շենքերից մեծ-մեծ քարեր են թափվում, ու նման որակի բնակարանների համար պետք է մի 20 տարի վարկ փակեն):

Փոխարենը՝ բուհերում բարձրացվեցին ուսման վարձերը, իսկ երիտասարդ աշխատողները մնացին «կուտակայինի» տակ: Այսինքն, երիտասարդության եւ ուսանողության հանդեպ իրականացվեց իսկական թալան ու ռեկետ, ինչի հետեւանքով այսօր երիտասարդությունը ամեն հնարավորություն օգտագործում է երկրից փախչելու համար: Քանզի սեփական երկրում իր ապագան չի տեսնում:

Ի դեպ, «Լույս» հիմնադրամով արտերկրում կրթություն ստացած ջահելների մեծ մասն էլ հայրենիք չի վերադառնում:

Իհարկե, երիտասարդության «բազեացված» եւ հանրապետականացված հատվածն ինչ-որ չափով շահեկան վիճակում է. սաքուլիկները բուհերում պաշտոններ են ստանում, «ախալքալաքի զորքը» եւս ինչ-ինչ արտոնություններ ունի, նախարարական մակարդակի երիտընտանիքը ծննդաբերության համար 20 միլիոն է ստանում բյուջեից, ակտիվ երիտհանրապետակնները, չնայած դատարկ գլուխներին, անպայման ատենախոսություն են պաշտպանում, ՀՀԿ վերնախավի անդամների զավակները պարտադիր յուղոտ պաշտոնների են նշանակվում, դե, իսկ նախագահականից դրամաշնորհները հատկացվում են յուրային ջահելներին:

Սակայն, մեծ հաշվով, երկրի երիտասարդությունը պետական հոգածությունից զուրկ է, եւ եթե նրան երբեւէ ուշադրության են արժանացրել, ապա՝ փուչիկների «պաժառի» զոհ դարձնելու ձեւով: Հիմա էլ, պարզվում է, պետք է արյուն տան:

Երկրի երիտասարդությունն ու ուսանողությունն ահա այսպիսի «հիանալի» ապրելակերպի եւ «տոնական» մթնոլորտի պայմաններում են դիմավորում իրենց նվիրված «տոնը»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը