Հարցազրույց

10.11.2014 16:25


Գառնիկ Իսագուլյան. «ԲՀԿ–ն շարժմանը տալիս է կազմակերպական բնույթ, որը նպատակին հասնելու կարևորագույն նախապայմանն է»

Գառնիկ Իսագուլյան. «ԲՀԿ–ն շարժմանը տալիս է կազմակերպական բնույթ, որը նպատակին հասնելու կարևորագույն նախապայմանն է»

–Պարո՛ն Իսագուլյան, սույն թվականի նոյեմբերի 6-ին ԲՀԿ քաղխորհուրդը հրապարակեց իր որոշումը համաժողովրդական շարժման ընթացակարգի իր մոտեցումների վերաբերյալ, որին սույն թվականի նոյեմբերի 9-ին հաջորդեց ՀԱԿ-ի հայտարարությունը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է սա` «եռյակի» պառակտո՞ւմ, թե՞ մոտեցումների տարբերություն, որը կարող է հանգեցնել համաժողովրդական շարժման մարման:

–Ես վստահ եմ, որ ռազմավարական տեսանկյունից «եռյակի» մեջ որևէ տարակարծություն չկա. նրանք բոլորն էլ այդ առումով գնում են իշխանափոխության: Մարտավարական առումով` մոտեցումներն, իրոք, տարբեր են: Եվ երբ ես նշում էի, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` ի դեմս իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, հայ քաղաքական մշակույթի մեջ նոր որակ է բերում, ի նկատի ունեի հենց այն, որ դրանով ոչ միայն ինքնաբավ է դառնում ոչ իշխանական ուժերի գործունեությունը, այլ որ ԲՀԿ-ն իր նպատակներն իրականացնելու համար կատարում է մանրակրկիտ հաշվարկներ, առաջնորդվում է մինչ այժմ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած բոլոր շարժումների թույլ տված սխալների ուսումնասիրությամբ և աշխատում է իր հետագա գործողություններում զերծ մնալ նույն սխալներից: ԲՀԿ-ն որևէ միջոցառում չի դիտարկում որպես ինքնանպատակ գործողությունների շարան, այլ ձգտում է դրանք որպես միջոց ծառայեցնել վերջնանպատակին հասնելու համար: Ես ուրախ եմ, որ մարտավարական գործողությունների առնչությամբ «եռյակի» ամեն մի ներկայացուցիչ, ի լուր մեր ժողովրդի, բարձրաձայնում է իր մոտեցումները` ցույց տալով, որ ժողովրդից ոչինչ թաքցնելու նպատակ չունի, և որ ժողովուրդն իր ակտիվ մասնակցությամբ ինքն է հանդիսանում համաժողովրդական շարժման կրողը, և իրավունք ունի թե՛ տեղյակ լինել տարակարծությունների մասին, թե՛ իր վճռական խոսքն ասել հետագա զարգացումների առնչությամբ: Այս առումով նախապատվությունը տալով տեղերում շտաբների ձևավորման և ժողովրդին շարժմանն անմիջական մասնակից դարձնելու գործընթացին` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարժմանը տալիս է կազմակերպական բնույթ, որը նպատակին հասնելու կարևորագույն նախապայմանն է: Այս առումով ես վստահ եմ, որ «եռյակի» ղեկավարությունը, հաշվի առնելով հենց այս հանգամանքները, վերջնահաշվում ընդհանուր համաձայնության կգա, իսկ շարժումն, անկախ ամեն ինչից, չի մարելու:

–Դուք՝ որպես արտախորհրդարանական քաղաքական ուժի ներկայացուցիչ, ինչպիսի՞ մասնակցություն ունեք համաժողովրդական այս շարժմանը:

–Բացի այն հանդիպումներից, որ տեղի են ունեցել մեր վարչության անդամների և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև, նոյեմբերի 6-ի ԲՀԿ քաղխորհդի որոշումից հետո մեր վարչությունը հանդիպումներ է ունեցել ԲՀԿ քաղխորհրդի անդամ Ստեփան Մարգարյանի և ԲՀԿ այլ ներկայացուցիչների հետ, քննարկել ենք համաժողովրդական շարժմանը մեր մասնակցության հետագա ձևաչափը, ինչպես նաև ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վահե Էնֆիաջյանը կապվել է մեր երիտասարդական կազմակերպության ղեկավարի հետ, նույնպես ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ մասնակցության ձևաչափի առումով, մեզ հարող լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները ԲՀԿ-ին հարող լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հետ մշակում են ընդհանուր ծրագիր հետագա համակարգված աշխատանքներ տանելու ուղղությամբ: Մոտակա երկու օրվա ընթացքում մենք կներկայացնենք ծրագիր և գործողությունների պլան, որը համապատասխան պատասխանատուները կներկայացնեն ԲՀԿ քաղխորհդին և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որից հետո կորոշվի գործողությունների հետագա ընթացքը: Այնպես որ, ամբողջ թափով ընթանում է համագործակցության ձևաչափը:

–Ըստ Ձեզ՝ ո՞րն է համաժողովրդական շարժման հաջողության ամենակարևոր գրավականը:

–Իմ խորին համոզմամբ, ինչքան էլ տարօրինակ հնչի, այս պարագայում դրա հիմնական գրավականը ԲՀԿ-ի կարգախոսն է, այն է` «Մեր խոսքը գործ է», և այժմ հստակ նկատելի է, թե ընդամենը մի քանի օր առաջ ասված խոսքերն ինչպես են գործնական մակարդակում կյանքի կոչվում:

Հարցազրույցը` Ժաննա Արթուրի

http://evdu.am/?p=3885

Այս խորագրի վերջին նյութերը