Մեկնաբանություն

10.11.2014 10:55


Հաղթում է զուսպը և ոչ թե հախուռնը

Հաղթում է զուսպը և ոչ թե հախուռնը

Սերժ Սարգսյանին սատարող լրատվամիջոցները և «թունդ հեղափոխական» խմբակները հուժկու «հանրահավաքներ» են անցկացնում համացանցում և կիսադատարկ դահլիճներում։ Սրանք համաժողովրդական նոր շարժման դարդն են լացում և կոկորդիլոսի արցունքներ թափում, թե՝ բա ինչու Ազատության հրապարակում հանրահավաքներ չեն անցկացվում («թունդ հեղափոխականներն», ի դեպ, խոստովանում են, որ հանրահավաք չեն կարող կազմակերպել, քանզի Ծապլվարում դեռ իրենց ժամանակը չի եկել, իսկ ժամանակի գալուն էլ խանգարում է «եռյակը»)։

Ուշագրավն այն է, որ շարժմանը մեղադրում են, որ ՀՀԿ ղեկավարի գլուխը ջարդելու միջոցով իշխանափոխություն անելու խնդիր չի դրել։

«Բա ինչո՞ւ հենց հիմա չեն սկսվում շուրջօրյաներն ու «ա լյա» Շանթ Հարությունյան գրոհները»,– կեղծ պաթետիզմով հանդես են գալիս Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանն ու նրան հավասարեցված սուբյեկտները։

Կոկորդիլոսի արցունքներ թափելու և ԲՀԿ–ի դեմ գեղամյանություն անելու հերթական առիթը ստեղծվեց ՀԱԿ–ի տարածած կիրակնօրյա որոշումից հետո։ Որոշում, որը մենք չենք ուզում մեկնաբանել։

Ուրեմն, այդ որոշումից հետո «1in.am»–ն ու մյուս «մուտիտ.am»–ները Գագիկ Ծառուկյանի դեմ հարձակումներ սկսեցին («յանի» պռոշները ճաքում են իշխանափոխության համար)։ Զավեշտալին այն է, որ ուղն ու ծուծով հաճախորդ Արման Բաբաջանյանն ու մյուսները, «Գողն առաջինն է գոռում, բռնե՛ք գողին» սկզբունքով, խոսում են հաճախորդության մասին։ Ինչևէ։

Ինչ վերաբերում է հանրահավաքներին ու շարժման հետագա քայլերին, ապա այս հարցում որոշ շրջանակների մոտ թյուրըմբռնում կա։

Շարժման նպատակը իշխանափոխությունն է։ Այդ նպատակի շուրջ է հավաքված «եռյակը», որի մաս հանդիսացող քաղաքական ուժերը տարբեր են և՛ անցած ուղով, և՛ տեսակով, և՛ հզորությամբ, և՛ գաղափարախոսությամբ, և՛ արժեհամակարգով։

Կրկնեմ՝ շարժման նպատակն իշխանափոխությունն է, այլ ոչ թե հանրահավաքը կամ շուրջօրյա նստացույցը։ Վերջիններս միջոցներ են, որոնք, անշուշտ, կիրառելի են, բայց՝ անհրաժեշտ պահի ու ցանկալի արդյունքով։

Հոկտեմբերի 10–ի և 24–ի հանրահավաքները ցույց տվեցին, որ «եռյակը» հրապարակը դարձրեց գործոն։ Հիմա ժամանակն է շարժումը հզորացնելու և իշխանափոխության գործին նոր թափով լծվելու համար։

Ժամանակն աշխատում է իշխանության դեմ և շարժման օգտին, այլ ոչ թե հակառակը։ Իշխանությունները ժամանակի ճնշման տակ հզորանալու ռեսուրս չունեն (չեն կարող լուծել երկրում առկա խնդիրներն ու մեղմել վիճակը, ինչպես նաև ցեմենտել ներիշխանական ճաքերը), իսկ ահա շարժումը հզորանալու հսկայական պոտենցիալ ունի։ Այդ պոտենցիալն օգտագործելու համար էլ իրականացվելու է շտաբային աշխատանք, որը ոմանք շփոթում են գրասենյակ բացելու հետ։ Շփոթում են, քանզի լավ չեն պատկերացնում, թե ինչն ինչոց է, բայց դե, ոչինչ. հընթացս կպատկերացնեն։

Շտաբային աշխատանքը չի նշանակում հրաժարում հանրահավաքային պայքարից։ Դա նշանակում է ավելի հզոր հանրահավաքային ալիքի նախապատրաստում։ Ի վերջո, շտաբային աշխատանքը հանրության ավելի մեծ շերտերի կներգրավի քաղաքական գործընթացի մեջ ու կստեղծի նախընտրական մթնոլորտ՝ հիմք ստեղծելով արտահերթ ընտրությունների համար։

Մի խոսքով, նպատակի ու միջոցի տեղերը չի կարելի խառնել։ Խառնողները դաժան պարտություններ են կրել, ու հիմա հետևություններ չանելը ճակատագրական սխալ կլինի։

Ինչպես ասում են, հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը և ոչ թե հախուռնը կամ խելագարը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը