Մեկնաբանություն

10.11.2014 01:35


Փնտրվում են «տարվա լավագույն»–ներ

Փնտրվում են «տարվա լավագույն»–ներ

Վերջին օրերին այնպիսի մի իրարանցում է սկսվել, որ թվում է, թե մարդիկ կյանքի ու մահվան հարց են լուծում:

Առանց քմծիծաղի հնարավոր չէ հետեւել այդ «ճակատագրական» գործընթացին:

Համացանցը ոտքով-գլխով մխրճվել է արմանք-զարմանքով, դատափետումներով ու ծաղրանքով ուղեկցվող ակտիվ քննարկումների մեջ:

Չես հասցնում աչքդ թարթել՝ հերթական անձը դիմում է խնդրանքով՝ «Իմ օգտին չե՞ս քվեարկի»:

Չնայած տարվա ավարտին դեռ շատ ժամանակ կա, բայց կայքերից մեկն արդեն «ԱՍ» մրցանակաբաշխություն – 2014»–ն է անցկացնում:

Սահմանել են 15 անվանակարգ եւ պետք է քվեարկությամբ որոշեն տարվա լավագույն նախարարին, տարվա լավագույն պատգամավորին, մարզպետին, քաղաքապետին, փոխնախարարին, ավագ եւ նոր սերնդի քաղաքական գործչին, աշխատակազմի ղեկավարին, մամուլի քարտուղարին, հասարակական գործչին, քաղաքական վերլուծաբանին եւ այլն:

Շատերին արդեն ցնցել է փաստը, որ այս պահի դրությամբ՝ ամենաշատ «ձայներ» հավաքել է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը ամենամեծ շանսերն ունի տարվա լավագույն պատգամավորի «կոչմանն» արժանանալու համար:

Անվանակարգերում ընդգրկված մարդիկ ներքին կարգով սեփական «լոբբինգն» են իրականացնում. համացանցում այս կամ այն անձի օգտին քվեարկողների միջեւ բուռն վեճը շարունակվում է:

Մի խոսքով, հասարակական-քաղաքական-լրատվական դաշտում մթնոլորտը գնալով ավելի ու ավելի է թեժանում:

Ամեն խումբ ուզում է, որ իր ցանկալի անձը դառնա տարվա լավագույնը, ինչի համար իսկական «քարոզարշավ» են իրականացնում: Տարվա լավագույն վերլուծաբանի «դափնին» հանգիստ չի տալիս հավակնորդներին, եւ սրանք էլ իրենց հերթին են «տակից» միմյանց խայթում:

Հետեւում ես սրանց, տեսնում մարտական ու կռվազան տրամադրությունները ու մտածում ես՝ լավ, էս երկրում էլ ուրիշ խնդիր չկա՞:

Կարելի է կարծել, թե երկրի բոլոր ոլորտներում ամեն ինչ կարգին է, լավագույն ցուցանիշներն են արձանագրվել, եւ մնում է միայն պարզել տարվա լավագույններին:

«ԱՍ» երկրում ենք ապրում, եւ, իհարկե, «ԱՍ»-եր պետք է ունենանք:

Կայքը ինչ-որ մրցանակաբաշխության տեսքով «պարապ վախտի խաղալիք» է մեյդան գցել, ու մարդիկ արդեն քանի օր է՝ զբաղվում են դրանով:

Զավեշտ է: Ո՛չ, ողբալի է:

2014-ի վիճակագրական ծառայության տվյալներն ամենեւին «տարվա լավագույն»-ներին գտնելու առիթ չեն տալիս:

Հակառակը՝ այդ տվյալները հիմք ընդունելով՝ կարող ենք միայն որոշել «տարվա վատագույն»-ներին:

Կեղծ իրականության մեջ ենք ապրում. հայտնվել ենք վատագույն վիճակում, բայց ոտուձեռ ընկած՝ քվեարկում ենք «տարվա լավագույն»-ների օգտին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը